Մատչելիության հղումներ

Սերգեյ Լավրով. «Սանկցիաները չեն կոտրի ռուս ժողովրդի կամքը»


ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, արխիվ

«Հիմա որոշվում է աշխարհի ճակատագիրը»

Մայիսի 6-ին՝ Ուկրաինայի դեմ պատերազմի 72-րդ օրը, Ռուսաստանի արտաքին գերատեսչությունում տեղի է ունեցել մայիսի 9-ի Հաղթանակի օրվան նվիրված ավանդական արարողությունը՝ նախարար Սերգեյ Լավրովը հարգանքի տուրք է մատուցել նախարարության վետերանների հիշատակին:

«Իհարկե, մենք միշտ պետք է հիշենք պատմության դասերը, առավել ևս, որ Արևմուտքը հիմա փորձում է պատռել մեր պատմության փառավոր էջերը, խաչ քաշել այն ամենի վրա, ինչ արվել է, նրանք ոչ միայն փորձում են հավասարության նշան դնել նացիզմը հաղթողների և նացիստ-հանցագործների միջև, այլև արդեն մեզ են մեղադրում այն պատերազմի համար»,- ասել է Լավրովը:

Ուղղակի չնշելով Ուկրաինայում «հատուկ ռազմական օպերացիան», նա ասել է, թե հիմա որոշվում է աշխարհի ճակատագիրը, վճռվում է, թե արդյոք այն միաբևեռ կմնա:

«Ոչ մի սանկցիա չի կոտրի պատմական ճշմարտությունը և Ռուսաստանի Դաշնության օրինական շահերը պաշտպանելու, տարիներ շարունակ հենց սահմանների մոտ առկա մեր անվտանգությանը, մշակույթին և պատմությանն ուղիղ սպառնացող վտանգները վերացնելու ռուս ժողովրդի և ռուսաստանյան ղեկավարության կամքը»,- հայտարարել է Լավրովը:

Նրա խոսքով, կա՛մ աշխարհը կմնա միաբևեռ՝ Միացյալ Նահանգների ամբողջական հրամանատարության ներքո, ինչն ուզում է Վաշինգտոնը և ինչի հետ մերվել են արևմտյան մնացած երկրները, կա՛մ կլինի «արդար և դեմոկրատական»:

Ռուսաստանն, ըստ նախարարի, «աշխարհի երկրների գերիշխող մեծամասնության հետ է և արդար աշխարհակարգի կողմնակից է»:

«Արևմուտքը փորձում է վերախմբագրել ՄԱԿ-ի Կանոնադրությունը»

«Մեր բոլոր ջանքերի հիմքում ոչ թե ինչ-ինչ մտահայեցական բանաձևեր են, ամերիկացիների հեղինակած և աշխարհին պարտադրվող կանոններ, այլ Երկրորդ աշխարհամարտի արդյունքներով ստեղծված Միավորված Ազգերի Կազմակերպության Կանոնադրությունն»,- ասել է Լավրովը:

Նրա համոզմամբ, այդ փաստաթղթում շարադրված պետությունների ինքնիշխան հավասարության և արդարության իդեալները «փորձում են վերախմբագրել երկրները, որոնք հավասարությունը չեն ընդունում և ցանկանում են իրենց կամքը թելադրել աշխարհին»:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը վետերան դիվանագետներին նվիրված այսօրվա միջոցառման ընթացքում ասել է նաև, թե Ռուսաստանի և ռուս ժողովրդի նկատմամբ քարոզչական պատերազմ է ընթանում:

«Արևմուտքում ատելություն է ռուսական ամեն բանի նկատմամբ»

Արևմտյան երկրներում ռուս մարդկանց հանդեպ ռասիզմը և խտրականությունն անհեթեթության աստիճանի են հասել:

«Տեսնում եք, թե ինչ պրոպագանդիստական պատերազմ է մեր ժողովրդի դեմ, ցանկացած ռուսի դեմ, ով հայտնվել է այս կամ այն եվրոպական, արևմտյան երկրում: Արդեն անձնական մակարդակում է դրսևորում ատելությունն ամեն բանի նկատմամբ, ինչն այս կամ այն կերպ կապ ունի Ռուսաստանի Դաշնության հետ»,- ասել է Լավրովը:

Նրա խոսքով, դա նկատելի է Բալթյան երկրներում և Ուկրաինայում, որտեղ, «հավաքական Արևմուտքի լիակատար թողտվությամբ գործող վարչակազմի օրոք ծաղկում է նեոնացիզմը և կան հակասեմիտիզմի դրսևորումներ»:

Լավրովը նաև խոսել է Ռուսաստանի և նրա պատմության համար Հաղթանակի օրվա նշանակության մասին, ասելով, թե «խորհրդային զինվորի սխրանքն իրոք անմահ է»:

«Միջուկային պատերազմում հաղթողներ չեն լինի և այդ չպետք է սանձազերծվի»

Ռուսաստանի արտգործնախարարության շենքը, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարարության շենքը, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարությունն այսօր աշխարհին ուղերձ է փոխանցել ոչ միայն սանկցիաներն անտեսելով՝ «հատուկ ռազմական օպերացիան» շարունակելու վճռականության մասին:

Մյուս ուղերձն ուղղակի կապված է պատերազմի հետ: Մոսկվան վստահեցնում է, որ այդ պատերազմում միջուկային զենք կիրառելու մտադրություն չկա:

Այդ մասին ասել է նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության տնօրենի տեղակալը:

«Մենք բազմիցս հերքել ենք Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ընթացքում միջուկային զենք կիրառելու մասին կեղծ տեղեկությունը, դա միտումնավոր սուտ է, Ռուսաստանը հավատարիմ է սկզբունքին, որի համաձայն միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել և այն չպետք է սանձազերծվի»,- ասել է Ալեքսեյ Զայցևը:

Նրա փոխանցմամբ, միջուկային զենքի գործադրումը պարզապես տեղ չունի «հատուկ ռազմական օպերացիայի» սցենարում, քանի որ չի համապատասխանում այդ օպերացիայի նպատակներին:

«Վտանգը բխում է ոչ թե ռուսական հեռուստաեթերից, այլ Արևմուտքի քայլերից»

Արձագանքելով բրիտանացիների հայտնած մտահոգությանն այն կապակցությամբ, որ ռուսաստանյան հեռուստատեսության եթերում քննարկվել է Լոնդոնը միջուկային հարվածի ենթարկելու թեման, Զայցևն ասել է, թե անվտանգության ռիսկեր են առաջանում «ոչ թե ռուսական հեռուստատեսության եթերից, այլ Արևմուտքի, այդ թվում՝ Բրիտանիայի ապակառուցողական գործողություններից»:

Միաժամանակ Ռուսաստանի արտգործնախարարության տեղեկատվության վարչության փոխտնօրենը նշել է, որ ինքը տեղյակ չէ, թե խոսքը որ հեռուստածրագրի մասին է, սակայն վստահ կարող է հայտնել, որ միջուկային զենքի մասին հեռուստաեթերում հնչած կարծիքները ոչ մի առնչություն չունեն Ռուսաստանի պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունների հետ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG