Հաղթանակի օրը Ռուսաստանում համընդհանուր մոբիլիզացիա հայտարարելու ծրագրերի մասին հրապարակումներին չպետք է հավատալ, դա անհեթեթություն է և սուտ։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Ոչ, չարժե», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե կարելի՞ է արդյոք հավատալ այդ լուրերին։ «Դա սուտ է, դա անհեթեթություն է», - պնդել է Կրեմլի խոսնակը։
Արևմտյան մի շարք աղբյուրներ՝ այդ թվում CNN-ը, վկայակոչելով ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել են, թե Ռուսաստանի նախագահը կարող է մայիսի 9-ին պաշտոնապես պատերազմ և պահեստազորի մոբիլիզացիա հայտարարել։ Հավելյալ ուժերն, ըստ նույն աղբյուրների, անհրաժեշտ են Ուկրաինայի արևելյան և հարավային տարածքները գրավելու համար։