Ռուսաստանն անձնական սանկցիաներ է սահմանում Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի 287 պատգամավորների նկատմամբ: Այդ մասին այսօր հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
«Ի պատասխան Ռուսաստանի Պետական դումայի 386 պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու Մեծ Բրիտանիայի կառավարության 2022 թվականի մարտի 11-ի որոշման, փոխադարձության սկզբունքով սահմանվում են անձնական պատժամիջոցներ բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի 287 անդամների վերաբերյալ»,- ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրությունում:
Պատժամիջոցների ցուցակում է նաև բրիտանական խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Լինդսի Հարվի Հոյլը:
«Նշված անձինք ակտիվ դեր են կատարել հակառուսական սանկցիոն որոշումների ընդունման գործում, նրանք նպաստել են Բրիտանիայում ռուսատյացության անհիմն հիստերիայի տարածմանը, նրանց մուտքը Ռուսաստանի Դաշնություն արգելվում է»,- ասվում է հաղորդագրությունում, ըստ որի, Մոսկվան առաջիկայում կընդլայնի պատժամիջոցների ենթարկվող բրիտանացիների ցուցակը:
Մեծ Բրիտանիան Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման կապակցությամբ քաղաքական և տնտեսական կոշտ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաների, ընկերությունների և ֆինանսական հաստատությունների, դրանց ղեկավարների, ինչպես նաև Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող մի խումբ անվանի գործարարների նկատմամբ: