Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ն պատրաստ է օժանդակել խաղաղության ապահովմանը Հարավային Կովկասում


Տարածաշրջանային իրավիճակը բավական լարված է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա շեշտել է` Հայաստանը քայլեր է ձեռնարկում առկա խնդիրների կարգավորման ուղղությամբ՝ անհրաժեշտ համարելով միջազգային գործընկերների աջակցությունն այդ գործընթացին:

Կոլոմինան նշել է, որ ՆԱՏՕ-ն կարևորում է խաղաղության և կայունության ապահովումը Հարավային Կովկասում և պատրաստ է օժանդակել այդ գործընթացին:

Նրանք խոսել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերի, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Վարչապետը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները` շեշտելով միջազգային հանրության հասցեական արձագանքի կարևորությունը տարածաշրջանում կայունության խաթարմանն ուղղված գործողություններին:

Անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը, հատկապես խաղաղապահ առաքելությունների շրջանակում համագործակցությունը և հետաքրքրված է դրա խորացմամբ։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին ընդունելով` պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ ներկայացրել է Արցախում 44-օրյա պատերազմի ավարտից հետո ստեղծված անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG