Հատկապես հետպատերազմական ժամանակաշրջանում Ադրբեջանը, Վրաստանը և Հայաստանը լավ հնարավորություններ ունեն եռակողմ ձևաչափով փոխգործակցության համար, և ադրբեջանական կողմը պատրաստ է դրան։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիի հետ Բաքվում տեղի ունեցած հանդիպմանը։
Ալիևի խոսքով՝ «Վրաստանը կիսում է այդ դիրքորոշումը»՝ հույս հայտնելով, որ «Հայաստանը կհասկանա, որ դա տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման միակ ճանապարհն է»։
Օրերս Շուշիում Ալիևը հայտարարեց, որ «եթե Հայաստանը խաղաղության պայմանագիր չստորագրի և չճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մենք էլ պաշտոնապես կհրաժարվենք ճանաչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»՝ շեշտելով՝ «սա Հայաստանի վերջին հնարավորությունն է»:
Ավելի վաղ Ադրբեջանը առաջարկել է ճանաչել միմյանց ամբողջականությունը, իրար տարածքային պահանջներ չներկայացնել, սահմանազատում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել ու բացել տրանսպորտային ուղիները։ Պաշտոնական Երևանն ընդունելի է համարել Բաքվի հինգ սկզբունքները, բայց նաև հայտարարել, որ Ադրբեջանի հինգ առաջարկները լրացրել են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին հարցով։