Ռուսաստանը դադարեցրեց գազի մատակարարումը Լեհաստան և Բուլղարիա` պատճառաբանելով, թե նրանք հրաժարվել են ռուբլիով վճարել։ Այդ մասին այսօր պաշտոնապես հայտարարեց պետական «Գազպրոմ» ընկերությունը։
Սակայն, Եվրոպայում միայն այդ երկու երկրները չէին, որ հրաժարվել են ռուբլիով վճարել։ Լեհաստանի փոխարտգործնախար Մարցին Պշիդաչն ասել է, որ Ռուսաստանը փորձում է տարաձայնություններ սերմանել արևմտյան երկրների միջև։ Նա նշել է, որ վերջին տարիներին պատրաստվում էին ռուսական գազի հնարավոր անջատմանը, և հիմա այլ երկրներից գազ ստանալու մի քանի տարբերակներ կան։
Բուլղարիան մեղադրել է «Գազպրոմին» գործող պայմանագիրը խախտելու մեջ։ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կիրիլ Պետկովն ասել է․ «Գազի մատակարարման դադարեցումը «Գազպրոմի» կողմից պայմանագրի կոպիտ խախտում է և շանտաժ՝ երրորդ կողմի միջոցով ռուբլիով վճարելու ոչ պայմանագրային պլանը իրագործելու համար»։
«Մենք ռեկետի չենք ենթարկվի»,- հայտարարել է Բուլղարիայի վարչապետը։
Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նիկոլովը այսօր կայացած ճեպազրույցում ասել է, որ իրավական և առևտրային հարաբերություններում բուլղարական կողմը որևէ խախտում չի կատարել։ «Ակնհայտ է, որ տվյալ պահին բնական գազն օգտագործվում է որպես քաղաքական և տնտեսական զենք պատերազմում, այլ ոչ թե օրինական առևտուր»,- նշել է նա։
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն այսօր ասել է, որ գազի մատակարարումը դադարեցնելու Ռուսաստանի որոշումը «շանտաժի գործիք է, չարդարացված և անընդունելի քայլ, որը վկայում է որպես գազի մատակարար Ռուսաստանի անհուսալիության մասին»։
Նա հայտնել է, որ Եվրոպայում գազի մատակարարումները համակարգող խմբի հանդիպում է անցկացվում Եվրամիության արձագանքի համար։ «Եվրոպացիները կարող են հույս դնել մեր լիակատար աջակցության վրա»,- ասել է ԵՄ գործադիր մարմնի ղեկավարը։
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է գազի մատակարումները որպես շանտաժի գործիք օգտագործելու պնդումնները։ «Սա շանատաժ չէ, Ռուսաստանը կար և մնում է էներգառեսուրսների հուսալի մատակարար իր սպառողներին։ Ռուսաստանը հավատարիմ է մնում պայմանագրային իր պարտավորություններին», - ասել է նա։
Պեկովի խոսքով՝ գնորդների համար գործնականում ոչինչ չի փոխվել, միակ նոր բանը «Գազպրոմբանկում» երկու նոր հաշիվ բացելու պահանջն է։
Եվրամիության միակ երկիրը, որը համաձայնել էր գազի դիմաց ռուբլիով վճարել, Հունգարիան էր։ Արտգործնախարար Պետր Սիյարտոն վճարումների սխեմայի մասին այսօր ասել է, որ կարող են եվրոյով փոխանցում կատարել «Գազպրոմբանկին», հետո «Գազպրոմբանկն» այն կփոխանակի ռուբլիի և կփոխանցի «Գազամպոմ Էքսպորտ» ընկերությանը։
Հունգարիայի արտգործնախարարը հիմա գտնվում է Նյու Յորքում, նրա հապճեպ արձագանքման հիմնական նպատակը հունգարացիներին հանգստացնելն էր, որ գազի մատակարարումների ընդհատումներ չեն լինի, չնայած գազատարն անցնում է Բուլղարիայի տարածքով։
Վիեննան ևս համաձայնել է անցնել վճարումների այդ սխեմային։ Ավստրիայում սպառվող գազի 80 տոկոսը ստացվում է Ռուսաստանից։
«Գազպրոմբանկի» նախկին փոխնագահ Իգոր Վոլոբուևը Ռուսաստանից գնացել է Ուկրաինա և միացել տարածքային պաշտպանությանը։ Ծննդով նա Ուկրաինայից է։ «The Insider» և «Liga net» կայքերին տված հարցազրույցում նա ասել է, թե ենթադրաբար Վլադիմիր Պուտինն անձամբ է կառավարում «Գազպրոմը» և խոստովանել է, որ մասնակցել է «գազային պատերազմին»։ «Ուկրաինային` որպես գազի հուսալի փոխանցողի, վարկաբեկում էին եվրոպացիների մոտ, որպեսզի զրկեն տրանզիտ երկրի կարգավիճակից։ Ուկրաինայով տեղափոխվող գազի ծավալները 2011 թվականից սկսած 104 միլիարդ խորանարդ մետրից ընկել են մինչև 41 միլիարդ խորանարդ մետր»,- ասել է «Գազպրոմբանկի» նախկին բարձաստիճան պաշտոնյան։