Մատչելիության հղումներ

Բորել. ԵՄ-ը կշարունակի իջեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից


Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կիևում ասուլիսի ժամանակ, 8-ը ապրիլի, 2022թ.
Եվրամիության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը Կիևում ասուլիսի ժամանակ, 8-ը ապրիլի, 2022թ.

Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը Մադրիդում տեղի ունեցած ասուլիսում հայտարարել է, որ կառույցի անդամները կշարունակեն էներգետիկայի բնագավառում նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից:

Այդ նպատակով Եվրամիությունը կրճատելու է ռուսական նավթի և գազի ներկրման ծավալները:

«Յուրաքանչյուր երկիր շատ արագ կրճատում է ռուսական նավթի ու գազի գնումները: Նախ ներկրումն ավելացել էր, քանի որ պետք էր լրացնել պահեստները, բայց հիմա բոլոր երկրները, այդ թվում կախվածության մեջ գտնվողները, լուրջ քայլեր են անում ներկրումն իջեցնելու ուղղությամբ»,- ասել է Բորելը:

Նրա փոխանցմամբ՝ այդ հարցը կքննարկվի Եվրամիության առաջիկա գագաթնաժողովներում:

«Եվրոպական հանձնաժողովն ունի ռուսական գազի սպառումը երկու երրորդով կրճատելու ծրագիր: Մենք պետք է ազատվենք այդ կախվածությունից, և դա անելու լավագույն ձևը վերականգնվող էներգետիկայի զարգացումն է, մենք չպետք է վերադառնանք ածխին»,- ասել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:

XS
SM
MD
LG