Մատչելիության հղումներ

Հայաստանը գազի դիմաց սկսել է ռուբլիով վճարել


Ռուսական գազը ռուբլիով գնելը Հայաստանին հնարավորություն կտա խուսափել դոլարի տատանումներին առնչվող ռիսկերից։ Երբ դոլարը թանկանում է, Հայաստանը տուժում է, ավելի շատ է վճարում վառելիքի համար, իսկ երբ էժանանում է՝ հակառակը, բացատրում է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

«Երբ որ գազը գնահատվում է դոլարով, իրականում և' Հայաստանը, և' Ռուսաստանը ենթարկվում են արտարժութային ռիսկի։ Դոլարը ռուսական ռուբլիի նկատմամբ ուժեղանում էր կամ թուլանում էր, իրենց մոտ խնդիր էր առաջանում։ Նույնը նաև մեզ մոտ», - նշեց Արամյանը։

Հայաստանը գազի դիմաց սկսել է ռուբլիով վճարել, երեկ հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ռուսական PBK-ի հետ զրույցում։

Պաշտոնյայի խոսքով, վերջին վճարումները հենց ռուսական արժույթով են արվել, այդուհանդերձ գնագոյացումը դեռ դոլարով է իրականացվում։ Այսինքն` Հայաստանը 1000 խորանարդ մետր գազի դիմաց շարունակում է 165 դոլարի չափով գումար վճարել, բայց՝ ռուբլիով։ Սա նշանակում է, որ դոլարի տատանումները շարունակում են ազդել վճարման չափի վրա։

2016-18 թվականներին ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Վարդան Արամյանը մանրամասնում է՝ եթե Ռուսաստանը գազը միանգամից ռուբլիով հաշվարկի ու վաճառի, Հայաստանն ամերիկյան արժույթի տատանումների պատճառով վնասներ չի կրի. - «Գաղափարը, որ մենք ասում ենք` տրանսֆերտներից մենք ունենում ենք բավականին լուրջ ներհոսք ռուսական ռուբլուց, մենք չէ՞ որ դա կարող ենք օգտագործել մեր վճարումներով, հետվճարումներով, ու դրանով արդեն դոլարը մեր հարաբերությունների մեջ տեղ չէր ունենա»։

2015-ին Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց ի վեր պաշտոնական Երևանը պարբերաբար բարձրաձայնում էր, որ գազը ռուբլիով գնելը ձեռնտու է Հայաստանին։ Պաշտոնապես շարունակաբար հաղորդվում էր, թե հարցը քննարկվում է, սակայն Մոսկվան այդպես էլ այդ քայլին չէր գնում։

Այս խոսակցությունները կրկին ակտիվացան, երբ Ռուսաստանի նկատմամբ արևմտյան խիստ ֆինանսական պատժամիջոցների ֆոնին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցած ամիս հանձնարարեց «ոչ բարեկամական» երկրներին գազը ռուբլիով վաճառել։ Թեև այս որոշումը Հայաստանին չի վերաբերում, իշխանություննները, սակայն, հայտարարեցին, որ Մոսկվայի հետ բանակցություններ են վարում գազի դիմաց ռուբլիով վճարելու համար։

Սուրեն Պարսյան
Սուրեն Պարսյան

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, մեկնաբանելով էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը, թե գնագոյացումը, այդուհանդերձ, դոլար է իրականացվում, ընդգծում է, որ սա դեռ այն չէ, ինչ ցանկանում է Երևանը։ Հայաստանի համար շահեկան կլինի, եթե գազի գնի հաշվարկը հենց ռուբլիով իրականացվի։ Այլապես հիմա էլ Հայաստանի վճարման չափը կախված է լինելու դոլարի փոխարժեքից. - «Այս իրավիճակում հայկական կողմը որևէ բան չի շահում, քանի որ ռուբլու կուրսը, բարձրանալով կամ նվազելով, հայկական կողմը դարձյալ պետք է վճարի 165 ԱՄՆ դոլարին համարժեք»։

Էկոնոմիկայի նախարարը, որն ավելի վաղ ասել էր, թե գազի դիմաց ռուբլիով վճարելը մեծ հաջողություն կլինի Հայաստանի համար, այսօր կառավարության նիստից հետո չցանկացավ խոսել այս հարցի շուրջ։

Տնտեսագետ Պարսյանի կարծիքով, Վահան Քերոբյանի հայտարարությունը նշանակում է, որ կողմերը աշխատանքային պայմանավորվածություն են ձեռք բերել, որպեսզի խուսափեն դեպի Ռուսաստան դոլարային փոխանցումների հետ կապված խոչընդոտներից։

Արդյոք այժմ հավանական է, որ կողմերը իսկապես պայմանավորվեն հենց ռուսական արժույթով գազի գինը հաշվարկել։ Պարսյանի գնահատմամբ, դա մեծամասամբ կախված կլինի ռուսական կողմի տրամադրվածությունից. - «Տարիներ շարունակ հայկական կողմը կամ Հայաստանի կառավարությունները նման առաջարկով հանդես են եկել, խոսել են դրա մասին, դրա անհրաժեշտության մասին, սակայն ռուսական կողմը դրանում հետաքրքրված չի եղել։ Այս պահին իրավիճակ է փոխվել համաշխարհային շուկայում, նաև տնտեսական հարաբերությունների դաշտում, և հնարավոր է նաև այսպիսի կտրուկ փոփոխություններ լինեն։ Կարծում եմ, Հայաստանը այս ամենից կարող է շահել»։

Հայաստանը տարեկան Ռուսաստանից ներմուծում է ավելի քան երկու միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Անցած տարի Երևանը Մոսկվային 414 միլիոն դոլար է վճարել գազի դիմաց։

Պարսյանն ընդգծում է՝ սա դեռ այն չէ, ինչ ցանկանում է Երևանը։ Հայաստանի համար շահեկան կլինի, եթե գազի գնի հաշվարկը հենց ռուբլիով իրականացվի, այլապես հիմա էլ Հայաստանի վճարման չափը կախված է լինելու դոլարի փոխարժեքից. - «Այս փոխանցման հետևանքով Հայաստանի տնտեսությունը ո'չ շահում է, ո'չ տուժում է։ Սա լուծում է հնարավոր խոչընդոտները, որոնք առաջացել են էս տնտեսական պատժամիջոցների պայմաններում»։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս թեմայով այլ մեկնաբանություն տալ այսօր չցանկացավ։

XS
SM
MD
LG