Մատչելիության հղումներ

«Արցախն ուշի-ուշով հետևում է, բայց  չի մասնակցում այդ ներքաղաքական զարգացումներին»․ Դավիթ Բաբայան


Արցախն ուշի-ուշով հետևում է, բայց չի մասնակցում այդ ներքաղաքական զարգացումներին, «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Երևանում մեկնարկած ընդդիմության հանրահավաքներին, երթերին։

Բաբայանը շեշտեց՝ «եթե Արցախը որպես արժեք, սրբություն, մենք չպահպանենք, կործանվելու է հայոց պետականությունը»։

«Կան որոշ մարդիկ, կան որոշ ուժեր, որոնք անընդհատ փորձելու են Արցախը մտցնել այդ խաղի մեջ՝ դրանով քաղելով դիվիդենտներ, հարվածելով Արցախին, ասել է թե հարվածելով հայ ժողովրդին, հայոց պետականությանը։ Արցախն այդ ներքաղաքական զարգացումներին, իհարկե մենք ուշի-ուշով հետևում ենք, պարտավոր ենք, բայց մենք չենք մասնակցում այդ գործընթացներին, որովհետև չափազանց կարևորում ենք պահը, իրավիճակը», - ասաց Բաբայանը։

Հայաստանը ժողովրդավարական երկիր է, հետևաբար գործընթացները ժողովրդավարական երկրին համահունչ պետք է ընթանան, ասաց Արցախի արտգործնախարարը՝ շեշտելով՝ ժողովրդավարական երկիրն ունի, պետք է ունենա ընդդիմություն, պետք է ունենա իշխանություն, պետք է այդ պայքարը միշտ գնա։

«Ներքին քաղաքական խնդիրները պետք է լուծվեն այնպես, ինչպես որ պետք է լուծվեն։ Արցախը պետք է լինի կարևորագույն թեմաներից մեկը, բայց դա չի նշանակում, որ որևէ մեկը պետք է ունենա հնարավորություն՝ մեզ ներգրավելու այդ ամենի մեջ, պետությունը, կրկնում եմ՝ պետությունը, ոչ թե անհատներ ու մարդիկ, ովքեր որպես անհատներ կարող են ունենալ այս կամ այն տեսակետը։ Այլ հարց է, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի թույլ չտանք, որ պետությունը՝ Արցախի պետությունը, կամ Հայաստանի պետությունը միջամտի մեկը մյուսի ներքաղաքական կյանքին։ Երբ որ մեկը կանգնում և ասում է՝ «ապագա ունի Արցախն Ադրբեջանի կազմում», մենք ասում ենք՝ «սա սխալ և այլասերված մոտեցում է», որովհետև, այո՛, ունի միայն մեկ ապագա՝ ցեղասպանություն և կործանում», - ասաց Դավիթ Բաբայանը։

Խորհրդարանական ընդդիմությունը երեկվանից փողոցային ակցիաներ է սկսել՝ գործող իշխանություններին հեռացնելու նպատակով։ Ընդդիմադիրները երեկ առավոտյան «Զարթնիր Լաո» կարգախոսով Տավուշի մարզի Իջևան քաղաքից քայլերթ են սկսել դեպի Երևան, այսօր էլ Արարատի մարզի սահմանամերձ Տիգրանաշենից իրազեկման քայլերթով կշարժվեն դեպի Երևան։ «Ամսի 1-ից հետո հետո անցնում ենք շատ ավելի կոնկրետ ու հստակ գործողությունների», - երեկ հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ Պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ հավելեց՝ սա վճռական պայքար է․ - «Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթն Ազգային ժողովում այն մասին էր, որ ինքն ու իր քաղաքական թիմը պատրաստ են տեսնել Արցախն Ադրբեջանի կազմում, եթե նրանք այդ վճիռը կայացրել են, ապա մենք առավել քան վճռական պետք է լինենք՝ հակազդելու այդ որոշմանը»։

Բաբայանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG