Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ-ն «ափսոսանք» է հայտնել ԱՄՆ-ի նախագահի ապրիլքսանչորսյան հայտարարության կապակցությամբ


Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության շենքը Բաքվում, արխիվ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն «ափսոսանք» է հայտնել «Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունների մասին» Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի ապրիլի 24-ին տարածած հայտարարության կապակցությամբ և նշել է, թե «անընդունելի են այսպես կոչված «հայերի ցեղասպանության» հարցը քաղաքականացնելու փորձերը»:

«1915 թվականի իրադարձությունների հետ կապված ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հայտարարությունում հերթական անգամ ճշմարտությունն աղավաղելու հանգամանքն ափսոսանք է հարուցում: Մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունները սխալ ներկայացնելու և այսպես կոչված «հայոց ցեղասպանության» մտացածին հարցի քաղաքականացումն անընդունելի են», - ասվում է Ադրբեջանի արտաքին գերատեսչության հայտարարությունում:

Ադրբեջանի արտգործնախարարությունը նշում է նաև, որ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը հակասում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները բարելավելու նպատակով այս ժամանակաշրջանում անցկացվող բանակցությունների ոգուն:

Ադրբեջանի ԱԳՆ-ն պնդում է, որ 1915 թվականի իրադարձությունները պետք է քննեն ոչ թե քաղաքական գործիչներն, այլ պատմաբանները:

«Պատմությունը կեղծելու փորձերը և դրա օգտագործումը քաղաքական ճնշում բանեցնելու նպատալով անընդունելի են», - ասվում է հայտարարությունում:

Մեկ տարի առաջ Ջո Բայդենը դարձավ Միացյալ Նահանգների առաջին նախագահը, ով Թուրքիայում հայերի զանգվածային կոտորածը պաշտոնապես անվանեց «ցեղասպանություն»: Այս տարվա հայտարարությունում նա նույն եզրույթն է կիրառել:

Թուրքերը ժխտում են ցեղասպանություն գործելու մեղադրանքը և պնդում են, թե Առաջին աշխարհամարտի զոհ են դարձել և՛ հայերը, և՛ թուրքերը, և՛ Օսմանյան կայսրության տարածքում բնակվող այլ ժողովուրդներ:

Օսմանյան կայսրության տարածքում Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են տասնյակ պետություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG