ԵԱՀԿ գործող նախագահի Երևան վերջին այցի ընթացքում գրավոր որևէ առաջարկություն հայկական կողմին չի փոխանցվել, նշված է «Ազատությանը» հասցեագրված վարչապետի աշխատակազմի պատասխանում։
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի այս մարտի վերջին և ապրիլի սկզբին Թբիլիսի, Բաքու ու Երևան կատարած տարածաշրջանային այցելությունից հետո Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակը ապրիլի 5-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց, թե Ռաուն առաջարկներ է բերել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարվելով մանրամասնել, թե ինչ առաջարկների մասին է խոսքը։
«Ազատությունը» հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով հստակեցնել` ի՞նչ առաջարկների մասին է խոսքը։
Հատկանշական է, որ վարչապետի աշխատակազմի պատասխանում նշված է միայն գրավոր առաջարկի մասին։ Պարզ չէ՝ արդյոք Ռաուն բանավոր ինչ-որ առաջարկներ էր բերել Երևան։