Մատչելիության հղումներ

Էրդողան. Միայն Թուրքիան կարող է առաջընթաց ապահովել ռուս - ուկրաինական բանակցություններում


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ողջունում է բանակցությունների համար Ստամբուլ ժամանած ռուսաստանյան և ուկրաինական պատվիրակություններին, 29-ը մարտի, 2022թ.
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ողջունում է բանակցությունների համար Ստամբուլ ժամանած ռուսաստանյան և ուկրաինական պատվիրակություններին, 29-ը մարտի, 2022թ.

Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե այսօր Թուրքիան միակ երկիրն է, որ ի վիճակի է առաջխաղացում ապահովել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում: Թուրքիայի նախագահն այս մասին ասել է երեկ կառավարության նիստից հետո Անկարայում ունեցած ելույթի ժամանակ:

«Այսօր Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է սերտ հարաբերություններ պահպանել երկու կողմերի հետ և կողմերին համախմբելով՝ հասնել կոնկրետ առաջընթացի», - նշել է Էրդողանը:

Մարտի 27-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից հետո ասել էր, թե Անկարան լավատես է Մոսկվայի և Կիևի միջև խաղաղության համաձայնագրի կնքման հարցում:

Կիևի և Մոսկվայի միջև վերջին բանակցությունները կայացել են Թուրքիայում՝ մարտի 29-ին Ստամբուլում բանակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև, դրանք տևել են շուրջ երեք ժամ: Մոսկվան դրանց արդյունքների հիման վրա դրական ազդակների մասին էր խոսել, նույնիսկ հստակ կետեր են հրապարակվել, որոնց շուրջ երկու կողմերը լուրջ տարաձայնություններ չունեն, մասնավորապես՝ Ուկրաինայի հետպատերազմյա չեզոք կարգավիճակի շուրջ:

Ապրիլի առաջին օրերին հայտնի դարձած Բուչայի սարսափելի դեպքերից հետո, որի պատճառով Ուկրաինայի իշխանությունները Ռուսաստանին մեղադրեցին պատերազմական հանցագործությունների մեջ, բանակցությունները դե ֆակտո կանգ են առել:

Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե իրեն տեղեկացրել են Կիևի դիրքորոշման նոր փոփոխության մասին: Նրա խոսքով՝ Ուկրաինան հրաժարվել է Ստամբուլի պայմանավորվածություններից, և ռուս – ուկրաինական բանակցությունները նորից հայտնվել են փակուղում: Պուտինը երեկ նաև հայտարարել է, որ Բելառուսի հարթակն ամենահարմարն է բանակցային գործընթացի շրջանակում հետագա շփումների համար:

Ի տարբերություն Պուտինի՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համարում է, որ բանակցությունները պետք է այդուամենայնիվ շարունակել, քանի որ դրանք կարող են արագացնել հրադադարը և ուկրաինացիների կյանքեր փրկել:

Վերլուծաբաններն ասում են, որ իրական բանակցությունների մասին հնարավոր կլինի խոսել Դոնբասում առաջիկայում սպասվող մեծ մարտերից հետո միայն:


XS
SM
MD
LG