Պատերազմի 36-րդ օրը ռուսական բանակը հիմնական ուժերը կենտրոնացնում է Խարկովից հարավ՝ Իզյումի շրջանում։ Նպատակը, ըստ Ուկրաինայի Գլխավոր շտաբի, հարձակումը շարունակելն է դեպի Դոնբասի այն շրջանները, որոնք այս պահին գտնվում են Կիևի ենթակայության տակ։
Խոսքը նախևառաջ ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքների մասին է։ Հենց այս շրջանում է տեղակայված Դոնբասում գործող ուկրաինական 55 հազարանոց զորախմբի շտաբը։ Այն, որ Դոնբասը մեծ ճակատամարտի շեմին է ,անցած գիշեր իր ամենօրյա ուղերձում հաստատեց նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Տեսնում ենք, որ ռուսական զորքերի կուտակումներ կան՝ Դոնբասում նոր հարվածներ հասցնելու նպատակով։ Մենք պատրաստվում ենք դրան», - հայտարարում էր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքերն անուղղակիորեն հաստատվում են նաև ռուսական աղբյուրներից։ Ռուսաստանի ՊՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքից պարզ է դառնում, որ ռուսական բանակն այժմ հետևողականորեն ոչնչացնում է Դոնբասում տեղակայված ուկրաինական զորախմբի վառելիքի պաշարները. - «Մարտի 30-ի երեկոյան օդային տեղակայման բարձր ճշգրտության թևավոր հրթիռներով ոչնչացվել են Դնեպրոպետրովսկ, Լիսիչանսկ, Չուգուև և Նովոմոսկովսկ քաղաքներում գտնվող վառելիքի խոշոր պահեստները։ Այդ պահեստներից էր իրականացվում Դոնբասում տեղակայված զորամիավորման վառելիքով ապահովումը»։
Մարիուպոլում լիակատար շրջապատման մեջ գտնվող ուկրաինական ստորաբաժանումները շարունակում են դիմադրություն ցուցաբերել քաղաքի մի շարք թաղամասերում՝ նախևառաջ «Ազովստալ» գործարանի տարածքում։ Այսօր սակայն Ռուսաստանի Զինված ուժերը հայտարարեցին, որ միակողմանիորեն դադարեցնում են կրակը, որպեսզի ուկրաինական իշխանությունները կարողանան կազմակերպել Մարիուպոլի խաղաղ բնակչության տարհանումը։ Առավոտյան այս տեղեկությունը հաստատեց Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը՝ հայտնելով, որ մարիուպոլցիների տարհանումը կազմակերպելու համար Կիևը այդ շրջան 45 ավոտբուս է ուղարկում։
Շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին հայտնի դարձավ, որ ռուս-ուկրաինական բանակցությունները հերթական փուլը կկայանա վաղը՝ օնլայն ֆորմատով։ Այս մասին հայտնեց բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավարներից մեկը՝ Գերագույն Ռադայում իշխող մեծամասնության ղեկավար Դավիթ Արախամիան։
«Մեկ շաբաթում մենք կմշակենք այն, ինչ կախված է բանակցային գործընթացի մասնակիցներից։ Հուսով ենք, որ հետագայում արդեն կհանդիպեն երկու պետությունների ղեկավարները», - Telegram-ի իր ալիքում գրել է Արախամիան՝ հավելելով, որ Մոսկվան պահանջում է, որպեսզի Զելենսկի-Պուտին հանդիպումը կայանա կա'մ Ռուսաստանի, կա'մ Բելառուսի տարածքում։
Արախամիայի խոսքով, վաղը մեկնարկող բանակցությունների ընթացքում կողմերը կենտրոնանալու են այն առաջարկների վրա, որոնք երեքշաբթի օրը Ստամբուլում ներկայացրել էր ուկրաինական պատվիրակությունը։
Հիշեցնեմ, դրանց համաձայն Ուկրաինան պարտավորվում է չանդամակցել ՆԱՏՕ-ին՝ միջազգային հանրության, այդ թվում Ռուսաստանի կողմից տրամադրվող անվտանգության հստակ երաշխիքների դիմաց։
Դրա հետ մեկտեղ ուկրաինական պատվիրակությունը Թուրքիայում կայացած բանակցությունների ընթացքում առաջարկել էր Ղրիմի կարգավիճակի հարցի քննարկումը հետաձգել 15 տարով՝ պարտավորվելով թերակղզին հետ բերելու համար ուժ չկիրառել։ Դրան ի պատասխան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ սահմանափակում է Կիևի և Չեռնիգովի ուղղություններում հարձակումները։
Ստամբուլի բանակցություններից հետո Ուկրաինայում, նախևառաջ ընդդիմադիր շրջանակներից սկսեցին կարծիքներ հնչել, որ Զելենսկու իշխանությունն անհամաչափ զիջումների է գնում, ոմանք նույնիսկ խոսում էին դավաճանության մասին։ Ուկրաինայի նախագահի թիմակիցները սակայն հակադարձում են՝ երկրի վիճակը շատ ծանր է և օր առաջ կրակի դադարեցումը ձեռնտու է նախևառաջ ուկրաինական կողմին։
«Խաղաղ համաձայնագիրը միշտ էլ փոխզիջում է ենթադրում կողմերի միջև, որովհետև կորուստներ կրում են պատերազմին մասնակցող բոլոր կողմերը։ Եթե ձեզ թվում է, որ մենք կորուստներ չենք կրում, դուք չարաչար սխալվում եք։ Ռուսները գործնականում ոչնչացրել են մեր ռազմական արդյունաբերությունը և այժմ մտածված կերպով քաղաքացիական արդյունաբերության վերջն են տալիս», - հայտարարում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ Ալեքսեյ Արեստովիչը։
Բանակցային գործընթացի աշխուժացման ֆոնին, սակայն, պաշտոնական Կիևը կրկին դիմում է Արևմուտքին՝ սպառազինության նոր խմբաքանակներ առաքելու և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու պահանջով։ Այս երկու թեմաներն առանցքային էին Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախագահների անցած գիշեր կայացած հեռախոսազրույցի ընթացքում։ Սպիտակ տան տարածած հաղորդագրության համաձայն, Վաշինգտոնը առաջիկա ամիսներին պատրաստվում է Կիևին 500 միլիոն դոլարի ուղղակի ֆինանսական օժանդակություն ցուցաբերել։