Մատչելիության հղումներ

Պուտինը կրկին վստահեցնում է իր հաղթանակի մեջ, Կիևը` ահազանգում Դոնբասում սպասվող հարձակման մասին


Մինչ Արևմուտքը խոսում է Դոնբասում սպասվող խոշոր ճակամարտի, ռուսական բանակի պատերազմական հանցագործությունների ու պատժամիջոցները խստացնելու մասին, Ռուսաստանի նախագահը այսօր կրկին պնդել է, թե վստահ է իր հաղթանակի մեջ։

«Կասկած չկա։ Նպատակները միանգամայն հասկանալի են, դրանք ազնիվ են։ Հիմնական նպատակը Դոնբասի մարդկանց օգնելն է: Մենք ստիպված էինք գնալ դրան, քանի որ Կիևի իշխանությունները՝ Արևմուտքի հրահրմամբ, հրաժարվում էին իրագործել Մինսկի համաձայնագրերը, որոնք ուղղված էին Դոնբասի խնդրի խաղաղ կարգավորմանը», - ասել է Պուտինը:

Ընդ որում, «հատուկ օպերացիայի» մասին խոսելիս Կրեմլի ղեկավարն այսօր ընդգծել է, որ այն ընթանում է ոչ թե Ուկրաինայի ողջ տարածքում, այլ Դոնբասում։

Ավելի քան մեկուկես ամիս շարունակվող պատերազմի ընթացքում լրագրողներից ու լրատվամիջոցներից խուսափող Պուտինն այս մասին խոսել է Տիեզերագնացության օրը` այցելելով «Վոստոչնի» տիեզերակայան։ Այցի ընթացքում նրան ուղեկցում էր Արևմուտքի պատժամիջոցների տակ ընկած մյուս առաջնորդը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Բելառուսը պատերազմին մասնակցում է, թեև ոչ ուղղակի

Պուտինն այսօր կրկին խոսել է ռուս-բելառուսական ընդհանուր պաշտպանական համակարգի մասին: Հակառակ սպասումների` մեկուկես ամիս անց էլ բելառուսական զինվորները ուղղակի չեն մասնակցում ռուս-ուկրաինական պատերազմին: Այսօր, սակայն, Լուկաշենկոն Պուտինի հետ համատեղ մամուլի ասուլիսին խոստովանել էր, թե Ռուսաստանը և Բելառուսն ընդհանուր բանակ ունեն, և Բելառուսը պատերազմին մասնակցում է, թեև ոչ ուղղակի:

Բելառուսն այն եզակի պետություններից է, որ աջակցում է Ռուսաստանի ռազմական օպերացիային: Նախագահ Լուկաշենկոն էլ պարբերաբար հայտարարում է, թե արևմտյան պատժամիջոցների դեմ Բելառուսն ու Ռուսաստանը միասին են պայքարում: Պուտինն այսօր թեև ուղիղ չի խոսել պատժամիջոցների մասին, բայց պնդել է, թե անհնար է Ռուսաստանը մեկուսացնել։

«Մենք չենք պատրաստվում մեկուսանալ, ժամանակակից աշխարհում որևէ երկիր հնարավոր չէ կոշտ պայմաններով մեկուսացնել, իսկ Ռուսաստանի նման հսկա երկրին՝ առավել ևս: Այդ իսկ պատճառով մենք կաշխատենք մեր գործընկերների հետ, որոնք ուզում են համագործակցել»։

Թե որ երկրների մասին է խոսքը, և որ գործընկերներն են պատրաստ շարունակել փոխգործակցությունը Ռուսաստանի հետ, Պուտինը չի հստակեցրել։

Ընդ որում, Պուտինն այսօր նաև հայտարարել է, թե ռուսական կողմը չպետք է ոչինչ թաքցնի և պետք է օբյեկտիվորեն լուսաբանի ռազմական գործողությունները: Նա նաև ակնարկել է, թե որոշ դժգոհություններ է լսում իր թիմակիցներից, որ կարելի էր Ուկրաինայում ամեն ինչ ավելի արագ անել:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում պատերազմի սկզբից ի վեր անկախ լրատվամիջոցներն արգելափակվել են կամ դադարեցրել են իրենց աշխատանքը։ «Կեղծ» ռազմական գործողությունները քրեականացնող օրենքը ստիպել է պետության համար չաշխատող լրագրողներին լքել Ռուսաստանը։ Ռուսաստանը նաև արգելափակել է Twitter-ը, Facebook-ը և Instagram-ը, իսկ Meta-ն, որին պատկանում են վերջին երկու սոցիալական ցանցերը, ծայրահեղական է ճանաչվել և արգելվել։

Դոնբասում կայանալիք մարտերը թեժ են լինելու, հայտարարում են Արևմուտքը, Կիևը

Իսկ մինչ Պուտինը խոսում է ռուսական կողմի անփուսափելի հաղթանակի մասին, Կիևը, Արևմուտքը, ռազմական վերլուծաբանները խոսում են Դոնբասում առաջիկայում կայանալիք մեծ ճակատամարտի մասին` նշելով, թե այեն ամենամեծն է լինելու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

Այժմ երկու կողմերն էլ իրենց ուժերը տեղափոխում են ճակատամարտի տարածք։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի կարծիքով` շուտով կսկսվի ուկրաինական ճգնաժամի նոր ու շատ արյունոտ փուլ, որն ավելի բարդ է լինելու և տարածվելու է ավելի մեծ տարածքի վրա` արևելքում` Դոնբասում, և հարավում` դեպի Ղրիմ, և մինչ օրս ռուսական կողմին չհանձնված Մարիուպոլ:

Պատերազմի այս նոր փուլում ռուսական կողմն ամեն ինչ կանի մինչ մայիսի ինը` Հաղթանակի օրը, մեծ, շոշափելի հաջողություն արձանագրելու համար, գրում են վերլուծաբանները` հավելելով, թե հակառակ դեպքում նույնիսկ քարոզչության զոհ դարձած շարքային ռուսաստանցիները կտեսնեն, որ Պուտինի ծրագրերն իրականում տապալվել են։

Քաղաքագետ Դմիտրի Օրեշկինը, օրինակ, համոզված է Ուկրաինայում ռուսական կողմի պարտության մեջ. «Այժմ Պուտինի և Շոյգուի փայլուն բանակն ակնհայտորեն տանուլ է տալիս Ուկրաինայի հետ բախումը։ Եթե հաղթեր, այս ամբողջ գործողության հրամանատարին փոխելու կարիք չէր լինի։ Եվ սա հենց այն է, ինչ մենք տեսանք երեկ։ Այսպիսով, Պուտինը պարտվում է, ինչպես կանխատեսվում էր, Պուտինը ռազմավարական պարտվող է: Պարզապես դա դեռ չի գիտակցվում Ռուսաստանի բնակչության կողմից, բայց սա մի քանի ամսվա խնդիր է»,- «Ազատության» Настоящее время ծրագրին ասել է քաղաքագետը` հավելելով, թե Կրեմլն այսօր իր աշխարհաքաղաքական ամբիցիաներն իրագործելու ռեալ ռեսուրսներ չունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG