Մատչելիության հղումներ

Երեկվա հանրահավաքում իշխանության ներկայացուցիչները որևէ նոր թեզ չեն լսել


Իշխանության ներկայացուցիչները որևէ նոր թեզ չեն լսել ընդդիմության երեկվա հանրավահաքին, որըն ընդդիմադիրները իրենց պայքարի սկիզբ որակեցին։

Իշխանական պատգամավոր Արփի Դավոյանն ասում է՝ հասկանալի չէ, թե ընդդիմությունը ստեղծված իրավիճակի համար ինչ առաջակներ ունի, ինչպես է պատկերացնում խնդիրների լուծումը այս իշխանության հեռացումից հետո. - «Քննարկում են այն հարցը, թե ինչպես կլիներ, ինչ կլիներ այն դեպքում, երբ իրենք լինեին իշխանության, և ինչ անեն, որ իրենք գան իշխանության։ Եվ հետո հարց է առաջանում. բա ի՞նչ պիտի անեիք դուք, երբ գաք իշխանության, արդեն գալիս է հաջորդ պատասխանը՝ դե գանք՝ կերևա... էս ենք անելու, էն ենք անելու։ Ինչպե՞ս եք անելու։ Ինչպեսի վերաբերյալ պատասխաններ չկան»։

Ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը այսօր խորհրդարանում չէին, ներկաներն էլ հրաժարվեցին մեկնաբանությունից՝ հիմնավորելով, թե ամեն ինչ արդեն ասել են երեկվա հանրահավաքին, իսկ մնացյալը պարզ կլինի այսօր Բրյուսելում Փաշինյան - Ալիև հանդիպումից հետո։

Երեկ Ազատության հրապարակում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ընթերցեց ընդդիմադիրների առաջ քաշած օրակարգը՝ հավելելով. - «Ներկայացված սկզբունքների չիրագործումը անխուսափելիորեն կհանգեցնի համաժողովրդական լեգիտիմ հակազդեցության՝ բոլոր հնարավոր միջոցներով և եղանակներով»։

Իսկ ընդդիմության հրապարակած բանաձևն այսպիսին է. մերժել թուրք-ադրբեջանական տանդեմից պարտադրվող օրակարգը, իսկ խաղաղության բանակացություններ սկսել միայն գերիների վերադարձի և Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերումից հետո։

Իսկ սկզբունքերը, որով պետք է առաջնորդվել իրավիճակը կարգավորելու համար, ըստ հարթակում կանգնածների, հետևյալն են. - «Բացառել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակը։ Քայլեր ձեռնարկել 1994 թվականի ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված ձևաչափով և նպատակներով բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ։ Բացառել Հայաստանի ինքիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը։ Ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում, սահմագծվման և սահմանազատման ցանկացած գործընթաց»։

Հանրահավաքին ելույթ չունեցան ընդդիմադիր ուժերի առաջնորդները։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հավաքին անգամ ներկա չէր՝ առողջական խնդիրների պատճառով։ Իսկ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը թեև ներկա էր, բայց հարթակ չբարձրացավ։

Ինչպե՞ս են հասնելու ընդդիմության հռչակած օրակարգի իրագործմանը. այս հարցին Սարգսյանը կարճ պատասխանեց՝ ամեն ձևով։

Հարթակը չկարողացավ ապահովել Հայաստանում քաղաքական մտքի լուրջ պահանջարկը։ Ընդդիմադիրների հանրահավաքին նման գնահատական է տալիս քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը։ Կարծում է՝ սա ավելի շուտ ընդդիմադիրների համար ուժերի ստուգատես էր. - «Ոչ թե ավտոբուսներով բերված... Լուրջ մարդիկ հավաքվել էին՝ լսելու լուրջ խոսք, էս իրավիճակից դուրս գալու ելքեր։ Բայց դրա փոխարեն հարթակից լսեցին ընդամենը հուզախառն, էմոցիոնալ, կենացատիպ, դեկլարատիվ հայտարարություններ»։

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի բացակայությանը, վերլուծաբանը նկատում է՝ եթե այստեղ խնդիրը միայն վնասվածքը լիներ, ապա երկրորդ նախագահը կարող էր պարզապես հրապարակի մեծ էկրանից իր ուղերձը հղել։

XS
SM
MD
LG