Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը կմասնակցի խորհրդարանական ընդդիմության այսօրվա հանրահավաքին


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, արխիվ
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, արխիվ

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կմասնակցի խորհրդարանական ընդդիմության այսօրվա հանրահավաքին, բայց ելույթ չի ունենա, տեղեկությունը այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը դեռ հստակ չէ. նա մեկ շաբաթ առաջ վնասվածք է ստացել, ներկա կլինի, թե՝ ոչ, կախված կլինի նրա ինքնազգացողությունից։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների՝ «Պաշտպանելով Արցախը` պաշտպանենք Հայաստանը» կարգախոսով հանրահավաքը կանցկացվի Երևանի Ազատության հրապարակում։ Հանրահավաքին խորհրդարանական ընդդիմությունը պատրաստվում է խոսել Արցախի շուրջ կուտակված խնդիրների ու դրանց լուծման ուղղությամբ իրենց առաջարկների մասին։

«Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանն առանձնացնում է առանցքային մի շարք հարցեր, որոնց մասին պատրաստվում են խոսել հանրահավաքի ընթացքում:

«Այս հանրահավաքի հստակ օրակարգը, մեխը հանուն Արցախի հանրահավաք է, որպեսզի նախ հանրության կողմից ներկայացվեն, հրապարակվեն այն կարմիր գծերը, որոնք որևէ մեկը իրավունք չունի անցնելու: Դա առաջին հերթին վերաբերում է՝ բացառել Արցախը Ադրբեջանի կազմում լինելը, նաև հետագա բանակցություններում այդ տարբերակի բացառում, սահմանագծման, սահմանազատման աշխատանքները, բացառել այդ աշխատանքները սպառնալիքի պայմաններում իրականացնել: Թուրքիայի հետ Հայաստանի ներկա հարաբերություններում բացառել Ադրբեջանի մասնակցությունը և փոխկապակցությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ ու Թուրքիայի հետ հարաբերություններում որևէ տարբերակում բացառել այնպիսի փաստի հաստատման արձանագրում, որը կասկածի տակ կդնի հայ ժողովրդի ամբողջական իրավունքների իրացման, հայոց պահանջատիրության, Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը», - նշեց Մանուկյանը:

Ընդդիմադիրները, քննադատելով իշխանության՝ խաղաղության հաստատման շուրջ որդեգրած քաղաքականությունը, պնդում են՝ վարչապետ Փաշինյանի թիմը չի արտահայտում հասարակության տեսակետը և նախաձեռնած հանրահավաքով իրենք նաև մտադիր են զորակցություն հայտնել արցախցիներին։

Թեև տևական դադարին, «Պատիվ ունեմ»-ից Հայկ Մամիջանյանն ասում է՝ ընդդիմության փողոցային պայքարը չի դադարել, և ակնկալում են հրապարակում տեսնել բոլորին՝ անկախ կուսակցական, գաղափարական պատկանելիությունից։

«Առաջին հերթին ունեմ մեկ ակնկալիք՝ Ազատություն հրապարակում տեսնել բոլոր այն մարդկանց, ովքեր անկախ կուսակցական պատկանելությունից, առհասարակ քաղաքականության նկատմամբ իրենց վերաբերմունքից, ընդդիմության ընդդիմությունից մինչև արտախորհրդարանական ընդդիմություն և պարզապես մտավորական, մտահոգ արժանապատիվ քաղաքացիներ, որոնց բոլորին միավորում է մեկ պարզ ճշմարտություն՝ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում», - ասաց Մամիջանյանը:

Ի՞նչ կհաջորդի հանրահավաքին ընդդիմադիրները շատ մանրամասներ չեն հայտնում, միայն ասում են, թե հստակ ծրագրված գործողությունների շարք ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG