Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի՝ Հայաստան-Մեծ Բրիտանիա խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում ստեղծված իրավիճակը։ Պատվիրակությունը գլխավորում էր խմբի ղեկավար Թիմ Լոութընը։
Միրզոյանը մանրամասն ներկայացրել է արդբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղ ներխուժման, քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորման, Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանության հետ կապված խնդիրները՝ կարևորելով բրիտանացի խորհրդարանականների ջանքերը՝ ուղղված 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի իրականացրած մարդու իրավունքների խախտումների և վերջին շրջանում Հայաստանի հետ սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և դրանց մարդասիրական հետևանքների դատապարտմանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների պաշտպանության սատարմանը։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակներում բանակցություններ սկսելու կարևորությունը՝ ուղղված համապարփակ վերջնական կարգավորմանը, ներառյալ` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումը։
Նախարար Միրզոյանն անդրադարձել է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: