Նախագահներ Պուտինն ու Զելենսկին կարող են հանդիպել խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ժամանակ, այսօր Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցություններից հետո հայտարարել է ռուսական կողմի գլխավոր բանագնաց Վլադիմիր Մեդինսկին։
«Այսօրվա բովանդակալից հանդիպումից հետո համաձայնեցրել ենք և առաջարկում ենք լուծում, որով նախագահների հանդիպումը հնարավոր է՝ համաձայնագրի նախաստորագրման հետ», - ասել է Ռուսաստանի նախագահի օգնականը։
«Եթե արագ աշխատանք կատարվի համաձայնագրի վրա և գտնենք անհրաժեշտ փոխզիջումները, խաղաղության կնքումը շատ ավելի կմոտենա»,- ասել է նա՝ առանց հավելյալ մանրամասների։
Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ Ռուսաստանը երկու քայլ է անում Ուկրաինային ընդառաջ՝ լարվածության թուլացման համար: Ռուսաստանը առաջարկում է արագացնել երկու երկրների առաջնորդների հանդիպումը, նաև էականորեն կրճատում է ռազմական ակտիվությունը Կիևի և Չեռնիգովի ուղղությամբ:
Այսօր Դոլմաբահչեի նախագահական գրասենյակում Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների շուրջ չորս ժամ տևած բանակցությունները Մեդինսկին կառուցողական է գնահատել: Նա նշել է, որ ուկրաինական կողմից հստակ ձևակերպված դիրքորոշում և առաջարկ են ստացել, որը կուսումնասիրվի և կփոխանցվի երկրի ղեկավարությանը:
Ուկրաինական պատվիրակության անդամ Ալեքսանդր Չալին հայտարարել է, որ Կիևը համաձայն է պահպանել իր չեզոքությունն ու ոչ միջուկային կարգավիճակը անվտանգության երաշխիքներ ստանալու դեպքում:
Ուկրաինական պատվիրակության անդամ Դավիդ Արախամիան մինչդեռ պնդել է, թե Կիևը պահանջում է, որ այդ փաստաթուղթը լինի միջազգային և այն ստորագրեն ու վավերացնեն Ուկարինայի անվտանգության բոլոր երաշխավորները։
«Դրանք կարող են լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները, ինչպես նաև մի շարք այլ պետություններ», - ասել է Արախամիան՝ այդ երկրների շարքում նշելով Թուրքիան և Գերմանիան։