Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունների հետևանքով, այս պահին ճշտված տեղեկություններով, 14 անձինք ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, հաղորդում է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
10-ը անձանց վիճակը բժիշկների կողմից գնահատվում է թեթև, 1-ը՝ միջին ծանրության, 1-ը՝ ծանր, 2 անձանց վիճակը ծայրահեղ ծանր է, նշում է Ստեփանյանը, ով Ստեփանակերտի զինվորական հոսպիտալում ծանոթացել է այսօրվա մարտերի հետևանքով վիրավորված անձանց առողջական վիճակին։
«Վիրավորների հետ ունեցած առանձնազրույցներից պարզվել է, որ վիրավորման գրեթե բոլոր դեպքերը արձանագրվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից անօդաչու թռչող սարքերի կիրառման հետևանքով», - նշում է ՄԻՊ-ը։
Ադրբեջանի զինուժը երեկ Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել է շփման գիծը: Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն` գիշերը հայկական և ադրբեջանական ուժերի միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել։ Պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտն ակնկալում են, որ ռուս խաղաղապահներն Արցախում միջոցներ կձեռնարկեն՝ ադրբեջանցիներին վերադարձնելու ելման դիրքեր։