Մատչելիության հղումներ

Արցախի բոլոր բնակավայրերը զրկվել են գազից․ Հայաստան-Արցախ գազատարն է վնասվել


Արցախ-Ստեփանակերտ, արխիվ
Արցախ-Ստեփանակերտ, արխիվ

Վթարային ծառայության հեռախոսը չի լռում, վայրկյանում13 զանգ է գալիս․ «Ե՞րբ է գազ լինելու», - հարցնում են արցախցիները։ Երեկվանից Արցախի բոլոր բնակավայրերը զրկվել են գազից։ «Չէ, էսօր գազ չի լինելու, հլը գիդում չենք, երբ կլինի, հաստատ չգիտենք», - պատասխանում են ծառայությունից։

Արցախի տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացնում են՝ Հայաստան-Արցախ գազատարն է վնասվել, ադրբեջանական կողմը թույլ չի տալիս, որ վթարի վերացման աշխատանք սկսեն։ Այժմ ռուս խաղաղապահների միջնորդությամբ, բանակցություններ են ընթանում՝ գոնե վաղը աշխատանքները սկսելու համար: Արցախից տեղեկացանք՝ վթարը Լիսագորի հատվածում է։

Հիշեցնենք՝ նախորդ տարեվերջին էլ Արցախի ջրմուղի աշխատակիցներից մեկը, վթարվերականգնման աշխատանք կատարելիս, գնդակահարվեց ադրբեջանցու կողմից։

Տեղեկատվական փոխհրաձգություն Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների միջև

Վերջին օրերին թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական լրահոսը ակտիվացել է միջադեպերով կամ միջադեպերի հրահրման մեղադրանքներով։

«Հայերն անկանոն կրակ են վարում», «Ադրբեջանի պաշտպանության նախարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել»․ Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանական գերատեսչություններն այսօր էլ տեղեկատվական փոխհրաձգության մեջ են։

Պաշտոնական Բաքուն հայտարարում է, թե այսօր առավոտյան հայկական զինված ուժերը կրակի տակ են պահել Նախիջևանի սահմանի իրենց դիրքերը, իսկ երեկ երեկոյան Աղդամի իրենց հենակետերն են թիրախավորվել։

Հայկական կողմից այս ամենը անվանում են ադրբեջանական հերթական կեղծիք, ապատեղեկատվություն։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ զինված ուժերի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։ Մարտի 7-ին սահմանի նույն ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է Հայաստանի զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո», - ասված է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։

Երեկ Երասխի սահմանին ադրբեջանական կրակոցից պայմանագրային զինծառայող էր զոհվել՝ սերժանտ Հրաչ Մանասարյանը, մեկ զինվոր հրազենային վիրավորում էր ստացել։ Նրա վիճակը գնահատվում է բավարար, ապաքինվում է։

Սահմանային մահացու այս միջադեպին արձագանքել է Հայաստանի արտգործնախարարությունը. - «Դատապարտելով Հայաստանի զինված ուժերի զինծառայողի սպանությունը՝ հարկ ենք համարում ընդգծել, որ այս և նմանօրինակ միջադեպերը, հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները ավելի են հիմնավորում Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագոտում դիտորդական առաքելություն տեղակայելու անհրաժեշտությունը»:

Արցախի սահմանին Խրամորթ գյուղն է, որտեղ արդեն երկրորդ շաբաթն է ամենօրյա ռեժիմով են միջադեպեր տեղի ունենում։ Ադրբեջանական կողմը պնդում է, թե իրենց դիրքերն են գնդակոծության ենթարկվել։ Պաշտպանության բանակում սա համարում են հրադադարի ռեժիմի սեփական խախտումները կոծկելու փորձ։

Խրամորթցիները միայն երեկ երեկոյան ականանետի մի քանի պայթյուն են տեսել, զգացել հենց գյուղի տարածքում, ականներից մեկը խրամորթցի Հասմիկ Անդրյանի տան մոտ է պայթել։

«Մեր այգում էի, երեխաներս էլ իմ մոտ էին, աշխատում էի այգում։ Շատ ուժգին էր հարվածը... մինամյոտ են ասում։ Շատ վախեցանք», - «Ազատությանն» ասաց Անդրյանը՝ հավելելով, որ օր չկա, որ ոչինչ չլինի, խաղաղ անցնի։

Նա Խրամորթում է ընտանիքով, երկու անչափահաս երեխաների հետ։ Մի պարզ ցանկություն ունի՝ քնել հանգիստ. - «Ամեն օրը քնելիս նախ մտածում եմ, որ հեսա այս գիշեր կհարձակվեն, գյուղին կխփեն։ Մենք ամեն օր որ արթնանում ենք, Աստծուն աղոթում ենք, որ էսօր էլ մենք քնեցինք-արթնացանք նորմալ, բան չեղավ, իմ բալիկները ինձ մոտ են...»

Մյուս համագյուղացիների պես, Անդրյանն էլ լուծում է համարում այն, որ ռուս խաղաղապահները գյուղում մշտապես տեղակայվեն, ոչ թե վրա հասնեն հերթական միջադեպից հետո. - «Հենց խփում են, անց հինգ րոպե ռուսները գալիս են գյուղը։ Բայց դրանից ի՞նչ օգուտ... Չեն թողնում, որ պոստը դնեն այստեղ, որ ռուսական պոստ լինի, որ վայեննի բազա լինի։ Որ ռուսական պոստեր լինեն այստեղ, մենք նորմալ կքնենք»։

Ադրբեջանի տեղեկատվական աղբյուրները վերջին օրերին անընդհատ լուրեր են տարածում, թե հայկական կողմն է հրադադարի ռեժիմը խախտում։ Արցածի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի կարծիքով, Ադրբեջանը սրանով ցանկանում է արդարացնել խաղաղ բնակչությանն ուղղված հանցավոր ոտնձգությունները և միաժամանակ հող նախապատրաստել հաջորդ արարքների ու սադրանքների համար. - «Արձանագրվող բոլոր դեպքերը կրկին ապացուցում են ադրբեջանական կողմի ուղիղ և անառարկելի դիտավորությունը՝ խաթարել Արցախի բնակչության խաղաղ, բնականոն կյանքը և էթնիկ զտման ենթարկել Արցախը»։

Խրամորթում այսօր էլ օրը բացվել է ադրբեջանական մուղամով, որը լսելի են դարձնում հարևանությամբ դիրքավորված ադրբեջանցիները։

Գյուղի դպրոցում հայոց լեզու և գրականություն դասավանդող Հասմիկ Անդրյանը շեշտում է, որ դասերը չեն ընդհատվում, բոլոր աշակերտներն ու ուսուցիչները տեղում են. - «Չենք ուզում խախտել մեր առօրյան»։

XS
SM
MD
LG