Արցախում գազամատակարարման վերականգնման ուղղությամբ ռուս խաղաղապահների միջոցով տարվող բանակցությունները դեռ շարունակվում են, սակայն բոլոր քայլերն այս պահին անարդյունավետ են, փոխանցում են Ստեփանակերտից։
Թե երբ հարցը կլուծվի, Արցախի պետական գերատեսչությունները չեն կարող ասել։
Այս պահին Արցախում սաստիկ ցուրտ է, կրկին ձյուն է տեղացել։ Ովքեր հնարավորություն ունեն, տները փայտի վառարաններով են տաքացնում։ Բայց այստեղ էլ խնդիր է առաջացել՝ փայտն այլևս շատ դժվարությամբ է ճարվում։
«Բնականաբար, փայտի խնդիր էլ կա։ Ձեռք-ձեռքի տված մեկս մյուսից փայտ ենք վերցնում, գնում չոր ծառեր կան, կտրում ենք, բերում։ ով ինչով կարողանում է, իրար օգնում ենք, համախմբվում ենք»։
Ծանրաբեռնվածության պատճառով Արցախում պարբերական են դարձել նաև հոսանքի անջատումները։
Երեկոները անասելի ցրտից պաշտպանվելու համար, բնակիչները հավաքվում են Ստեփանակերտի միակ փաբում, որտեղ փայտից վառարան է տեղադրված։ Պատմում է փաբի տնօրեն Ազատ Ադամյանը. - «Մարդիկ գալիս են, հավաքվում ենք, նստում ենք փեջի մոտ, պլեճ ենք անում փեջի վրա, ոնց որ առաջներում։ Տները տաքացնելը մի քիչ դժվար է։ Տները տաքացնելը մի քիչ դժվար է, էլեկտրականությունը չի հերիքում։ Որ բոլորը էլեկտրական վառարանները միացնում են, հոսանքի մատակարարման հետ խնդիր է առաջանում։ Դրա համար մարդիկ իրիկունները հավաքվում են մեզ մոտ, զրուցում, քննարկում ենք ինչ-որ թեմաներ, հետո արդեն գնում պառկում-քնում են։ Մենք էդ ամեն ինչը տեսել ենք, մենք դրանից չենք ընկճվում։ Եթե ուզում են մեզ դրանով ինչ-որ ջարդած լինեն, ես մտածում եմ, որ չի ստացվելու»։
Արցախում 11-օրյա խափանումից հետո անցած շաբաթավերջին վերականգնված գազամատարարակումը երեք օրից էլ քիչ տևեց։ Արցախի իշխանությունները պնդում են, որ վերանորոգումից հետո ադրբեջանական կողմը փական է դրել գազատար խողովակի վրա։
Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը վնասվել էր Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, և Բաքուն թույլ չէր տալիս մոտենալ, վերանորոգել խողովակը։
Ջեռուցման բացակայության պատճառով Արցախի դպրոցներում ուսումնական գործընթացը կրկին դադարեցվել է, չեն գործում նաև մանկապարտեզները։
«Էսպիսի եղանակ չի եղել, էսպիսի ձյուն, էսքան ցուրտ... սաղ միանգամից ա», - ասում է Ստեփանակերտի դպրոցներից մեկի ուսուցչուհի Լիլիթ Մաղաքելյանը։
Նրա խոսքով, այս պայմաններում հնարավոր չէ դաս անել, երեխաները կարող են հիվանդանալ։ Ինքը երկու մանկահասակ երեխա ունի, փորձում է ամեն կերպ լուծումներ գտնել, բայց շատ դժվարություններ են առաջանում։
Արցախում ստեղծված վիճակի կապակցությամբ այսօր մտահոգություն է հայտնել Եվրամիությունը։ Միության դիվանագիտական գերատեսչության խոսնակ Փիթեր Ստանոն շեշտել է՝ հրատապ անհրաժեշտություն կա անհապաղ վերականգնելու գազամատակարարումը՝ հատկապես հաշվի առնելով եղանակային պայմանները։
Հայտարարությունում Եվրամիությունը անհասցե կոչ է արել թույլ տալ վերականգնել գազամատակարարումը՝ նշելով, որ ուշադիր հետևում է այս և տարածաշրջանում տեղի ունեցող այլ զարգացումներին ու կշարունակի իր ներգրավվածությունը Հարավային Կովկասում կայուն խաղաղության և կայունության համար։
Դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման հերթական խափանումը՝ երեկ միջազգային հանրությանն էր դիմել պաշտոնական Երևանը՝ ակնկալելով հստակ արձագանք, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածություն Լեռնային Ղարաբաղում։
Արցախում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակի հարցով երեկ կրկին միջազգային իրավապաշտպան կառույցներին էին դիմել Հայաստանի և Արցախի օմբուսմենները։
Միջազգային իրավապաշտպան կառույցներից խնդրին անդրադարձել է «Հյուման Ռայթս Վոչը»։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի փոխտնօրեն Գիորգի Գոգիան Թվիթերում գրել է. - «Երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ անգամ սառնամանիքի պայմաններում Լեռնային Ղարաբաղի բնակիչները մնացել են առանց ջեռուցման՝ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով անցնող գազատարի պատճառով»։
Թվարկելով դպրոցներում, մանկապարտեզներում, հացի արտադրամասերում առաջացած խնդիրները՝ «Հյուման Ռայթս Վոչի» ներկայացուցիչը ընդգծել է՝ շտապ քայլեր են անհրաժեշտ՝ հետագա հումանիտար ճգնաժամից խուսափելու համար։