Մատչելիության հղումներ

Երևանն անթույլատրելի է համարում «արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության աղաղակող քաղաքականությունը»


Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, ինչն ակնհայտորեն հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը, հայտարարում է պաշտոնական Երևանը:

«Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը։ Ստեղծված իրավիճակը հրատապ է դարձնում հումանիտար ճգնաժամի կանխման նպատակով միջազգային հանրության հստակ արձագանքը, ինչպես նաև միջազգային հումանիտար կառույցների անհապաղ և անխոչընդոտ ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղում», - ասված է Արտգործնախարարության հայտարարության մեջ։

Շուշի քաղաքի մոտակայքում՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, կրկին խափանվել է Հայաստանից բնական գազի մատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Ցրտաշունչ եղանակային պայմաններում Լեռնային Ղարաբաղի շուրջ 120 հազար բնակչությունը զրկվել է կենսական անհրաժեշտ գազամատակարարումից, հիշեցնում է արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Արցախի տարածքում մարտի 8-ից 11 օր գազ չկար, գազատարի վթարը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տեղանքում էր` Շուշիի մոտ: Ադրբեջանական կողմը օրեր շարունակ թույլ չէր տալիս մտնել վթարի վայր ու վերանորոգել խողովակը։ Գազի բացակայությունը բազմաթիվ խնդիրներ էր ստեղծել: Մարտի 18-ին հաղորդվեց գազատարի վերանորոգման աշխատանքների ավարտի մասին, հաջորդ օրվանից գազամատակարարումը վերականգնվեց:

Արցախի ԱԳՆ-ն, իր հերթին, հայտարարում է, որ «Ադրբեջանի պահվածքը մարդասիրական ահաբեկչություն է»։

«Այն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, որևէ ձևով չի տեղավորվում բարոյականության շրջանակներում։ Այդ ստոր արարքը ատելության և ազգայնամոլության հերթական դրսևորում է», - շեշտում է կառույցը։

XS
SM
MD
LG