Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովն այսօր հայտարարել է, թե Միացյալ Նահանգները պետք է հրաժարվի Ռուսաստանի հետ հարաբերությունները սրելուց և Ուկրաինան անվերջ զինելու քաղաքականությունից:
Այդպես նա արձագանքել է Վաշինգտոնի այն հայտարարությանը, որ երկու գերտերությունները պետք է պահպանեն դիվանագիտական կապերը:
«Բուն հարցադրումն, անշուշտ, ճիշտ է, Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի սրումը, դա կարևոր է թե՛ հռետորաբանության և թե՛ Կիևի ռեժիմին զենք փոխանցելու առումով: Հարկ է դադարեցնել Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու գործելակերպը», - հայտարարել է Ռյաբկովը:
Նրա փոխանցմամբ, Վաշինգտոնը դժվար թե պատրաստ լինի դրական ազդեցություն գործել Կիևի վրա, թեպետ դա թույլ կտար գոնե ինչ-որ չափով մեղմել ռուս-ամերիկյան հարաբերությունները:
«Մենք դա ափսոսանքով ենք ընդունում, բայց Միացյալ Նահանգների քայլերը որևէ կերպ չեն ազդում Ուկրաինայում հատուկ օպերացիան հաջողությամբ ավարտելու մեր վճռականության վրա», - ասել է Սերգեյ Ռյաբկովը:
Նա նշել է, որ մարտի 21-ին Ռուսաստանի արտգործնախարարություն է հրավիրվել ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը:
«Մենք նրան բողոքի նոտա ենք հանձնել և հայտնել ենք, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները հայտնվել են խզման եզրին, դրանից ավելին չի եղել, ամեն բան հիմա կախված կլինի Միացյալ Նահանգների ընտրած քաղաքական կուրսից», - հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը: