Միացյալ Նահանգների նախագահը Վլադիմիր Պուտինին «ռազմական հանցագործ» է անվանել։
Մինչ այժմ ամերիկյան վարչակազմը խուսափում էր այդ տերմինն օգտագործել, նույնիսկ երբ այդ մասին ուղիղ հարց էր հնչում։ Նախօրեին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում Ջո Բայդենն ասել է․ - «Ես կարծում եմ, որ նա ռազմական հանցագործ է»։
Հարցին՝ ռազմական հանցագո՞րծ է արդյոք Պուտինը, նախագահ Բայդենը նախ «ոչ» է պատասխանել , ապա իսկույն վերադարձել լրագրողների խմբի մոտ՝ խնդրելով կրկնել հարցը։ Երբ նույն հարցը կրկնել են, Միացյալ Նահանգների նախագահն այս անգամ դրական պատասխան է տվել։
Ամերիկացի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Բայդենը, ավելի վաղ հայտարարում էին, որ Ուկրաինայում ռազմական հանցագործություններ են իրականացվում, սակայն հետաքննություն է ընթանում պարզելու՝ կարելի՞ է արդյոք այդ տերմինը կիրառել։
Լրագրողների ճշտող հարցին, թե նախագահ Բայդենի մեկնաբանությունը նշանակո՞ւմ է ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ ԱՄՆ գնահատականի փոփոխություն, Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին պատասխանել է՝ նախագահն ասել է այն, ինչ ասել է․ - «Նա խոսում էր այն մասին, ինչ մենք բոլորս տեսնում ենք հեռուստատեսությամբ՝ օտար երկիր ներխուժած դաժան բռնապետի բարբարոսական գործողությունների մասին», - պարզաբանել է Սպիտակ տան խոսնակը։
Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների վերաբերյալ Արևմուտքից հնչող ծայրաստիճան կոշտ գնահատականներն առայսօր ընդհանրական բնույթ են կրել ։ Մեղադրանքներ են հնչել Ռուսաստանի, Պուտինի ռեժիմի հասցեին, եվրոպացի առաջնորդները, սակայն, Ռուսաստանի նախագահին չեն անվանել ռազմական հանցագործ։
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելն, օրինակ, «հրեշավոր ռազմական հանցագործություն» էր որակել Մարիուպոլի ծննդատան և մանկական հիվանդանոցի գնդակոծությունը, որի հետևանքով, պաշտոնական Կիևի համաձայն, զոհվել է երեք անձ՝ այդ թվում մեկ մանկահասակ երեխա, ևս 17-ը՝ վիրավորվել։
«Այն, ինչ մենք արդեն տեսել ենք Վլադիմիր Պուտինի ռեժիմի կողմից՝ անմեղ քաղաքացիական անձանց դեմ նետված զինամթերք, արդեն, իմ կարծիքով, ռազմական հանցագործություն է», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
Հաագայի Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանն օրեր առաջ պնդել է, որ կան ողջամիտ հիմքեր Ուկրաինայում Ռուսաստանի ենթադրյալ ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների վերաբերյալ հետաքննություն սկսելու համար։
Չորեքշաբթի օրը Լեհաստան և Ուկրաինայի արևմտյան շրջաններ այցից հետո Քարիմ Խանը վերահաստատել է՝ խաղաղ բնակիչների վրա հարձակումները «հանցագործություն» է, որն իր գերատեսչությունը կհետաքննի։
«Եթե հարձակումները դիտավորյալ ուղղված են քաղաքացիական կառույցների՝ այդ թվում հիվանդանոցների դեմ, հանցագործություն է, որն իմ գրասենյակը կարող է հետաքննել և հետապնդել դատական կարգով», - ասվում է Հաագայի դատարանի գլխավոր դատախազի հայտարարությունում։