27 օր Ուկրաինայում պատերազմելուց հետո վճռական հաջողությունների ռուսական ուժերը չեն հասել, հենց այդ պատճառով անելանելի վիճակում հայտնված Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կարծիքով, կարող է դիմել ավելի ագրեսիվ մարտավարության, օրինակ, քիմիական զենք օգտագործել:
Ջո Բայդենը երեկ Վաշինգտոնում բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հավելել է, որ Պուտինը թերագնահատել է արևմտյան աշխարհի միասնությունը և ռուսական ագրեսիային Ուկրաինայի դիմադրության ուժը:
ԱՄՆ նախագահը ագրեսիվ մարտավարության օրինակ է անվանել Ռուսաստանի կողմից գերձայնային զենքի օգտագործումը: Հիշատակելով ՌԴ պաշտպանության նախարարության օրերս արած հայտարարությունն այն մասին, թե Ուկրաինան իբր պատրաստվում է քիմիական զենքի կիրառմամբ սադրանք կազմակերպել, Բայդենն ասել է. «Երբ Պուտինը սկսում է խոսել այն մասին, թե ՆԱՏՕ-ն, Ուկրաինան կամ Միացյալ Նահանգները պատրաստվում են ինչ-որ բան անել, դա նշանակում է, որ ինքն է պատրաստվում դա անել: Ես կատակ չեմ անում»:
ԱՄՆ նախագահը միաժամանակ ընդգծել է, որ Ուկրաինան արդյունավետորեն օգտագործում է արևմտյան երկրներից ստացած զենքերը, որոնք, նրա խոսքով, քաոս են ստեղծում ռուս զինվորականների, նրանց տանկերի, ուղղաթիռների և ինքնաթիռների համար: ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները Ուկրաինային, մասնավորապես, մատակարարում են հակաօդային պաշտպանության համակարգեր ու հակատանկային զինատեսակներ:
Կատաղի մարտերի ու արյունալի հրթիռակոծությանը զուգահեռ Մոսկվան և Կիևը ամենօրյա ռեժիմով խոսում են բանակցությունների և հնարավոր համաձայնության մասին՝ ընդգծելով, թե որոշակի առաջխաղացում առցանց բանակցություններում կա: Մոսկվան սրա հետ մեկտեղ շեշտում է, թե այդ առաջխաղացումը բավարար չէ Պուտին-Զելենսկի հանդիպում կազմակերպելու համար: Երեկ բանակցությունների հերթական փուլը մեկնաբանելիս այս մասին ասել էր Կրեմլի խոսնակը:
Ե՞րբ են շարունակվելու ռուս-ուկրաինական բանակցությունները, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այսօր հրաժարվել է ասել, նշելով, թե ռուսական կողմն իր բոլոր առաջարկները, հնարավոր համաձայնագրի նախագծերը բանավոր ու գրավոր հանձնել է ուկրաինական կողմին և սպասում է պատասխանի: Որոշ կետերի Ուկրաինան պատասխանել է, որոշներին՝ ոչ, ընդգծել է Պեսկովը՝ հերթական անգամ շեշտելով, թե հրադադար բանակցությունների հետ կապված նախատեսված չէ: Այսինքն՝ բանակցությունները պետք է շարունակվեն ռազմական գործողություններին զուգահեռ:
Հնարավոր փոխզիջումները պետք է հաստատվեն համաուկրաինական հանրաքվեի ժամանակ. Զելենսկի
Ուկրաինայի նախագահը մինչդեռ խոսում է հնարավոր փոխզիջումների մասին, ընդգծելով՝ փոխզիջումները, որոնք կարող են ձեռք բերվել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում, մասնավորապես, Ուկրաինայի անվտանգության երաշխիքների կամ Կիևի կողմից չվերահսկվող Դոնբասի ու Ղրիմի տարածքների կարգավիճակի վերաբերյալ, պետք է հաստատվեն համաուկրաինական հանրաքվեի ժամանակ:
«Բանակցող բոլոր խմբերին ես բացատրել եմ՝ երբ դուք խոսում եք այս բոլոր փոփոխությունների մասին, և դրանք կարող են պատմական լինել, մենք ոչ մի տեղ չենք գնա, մենք կգնանք հանրաքվեի: Հետևաբար, ամեն դեպքում, ես պատրաստ եմ ամեն ինչ անել, եթե ժողովուրդը որոշի: Իմ քայլը մեր ժողովրդի հետ է», - նշել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահն ընդգծում է, թե Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքների կարգավիճակի հարցը կքննարկվի այն բանից հետո, երբ կավարտվի հակամարտության թեժ փուլը և պայմանավորվածություն ձեռք կբերվի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ:
«Ռուսաստանի նախագահի հետ առաջին իսկ հանդիպմանը ես պատրաստ եմ բարձրացնել այդ հարցերը օկուպացված տարածքների մասին», - ընդգծել է Վլադիմիր Զելենսկին:
Պուտին-Զելենսկի հանդիպմանը Կրեմլը սկզբունքորեն համաձայն է, սակայն մինչ այդ ակնկալում է ստանալ հստակ համաձայնություն ռուսական կողմի առաջ քաշած պայմաններին:
Արևմուտքը ռուս-ուկրաինական բանակցություններին թերահավատորեն է վերաբերում: