Թուրքիայում Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների երեկվա հանդիպումից հետո պաշտոնական Երևանը հայտարարում է, թե առաջիկայում կարող է դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու համար։
Արտգործնախարարության խոսնակը հայտնել է՝ քանի որ երկու երկրները ուղիղ բանակցությունների հարուստ փորձ չունեն, իսկ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը պետք է նախորդի բանակցային գործընթաց, Հայաստանն առաջիկայում թերևս կդիմի ԵԱՀԿ միջնորդներին Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններ նախաձեռնելու հարցով:
«Հարցը ներկայումս գտնվում է մշակման փուլում», - հայտարարել է Վահան Հունանյանը։
Այս հայտարարությունները հնչում են թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի սահմաններին վերջին օրերի լարվածության ֆոնին։ Չնայած դրան խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին կողմերը պարբերաբար խոսում են։
Սահմանների ճշտումը Հայաստանն ու Ադրբեջանը Մոսկվայի միջնորդությամբ էին քննարկում, Արևմուտք-Ռուսաստան աննախադեպ լարման, Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման պայմաններում Հայաստանը խոսում է նաև Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի միջնորդությանը դիմելու մասին, այն դեպքում, երբ Մինսկի խմբի մանդատը վերաբերում է միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։
Երևանի այս հայտարարությունը հնչում է Փաշինյան - Պուտին հանդիպմանն ընդառաջ։
«Պետք է ամեն ինչ անել, որպեսզի այդ այցը նույնպես բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա», - երեկ ասել էր վարչապետ Փաշինյանը։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլին Ռուսաստան կմեկնի պաշտոնական այցով՝ քննարկելու երկու երկրների միջև դաշնակցային հարաբերություննների զարգացման հեռանկարները, «Ազատությանը» փոխանցեցին կառավարության լրատվականից։ Թե կոնկրետ ինչ հարցեր կդառնան օրակարգային, չեն մանրամասնում։ Ժամկետներն այս պահին հայտնի չեն, այցը, ասացին, նախապատրաստման փուլում է, այդ թվում՝ հստակեցվում է օրակարգը։
Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարների երեկվա հանդիպման ընթացքում Սերգեյ Լավրովն ասում էր՝ այցն ապրիլի սկզբին կկայանա, համոզված էր՝ այն խթան կդառնա դաշնակցային հարաբերությունների համար։
Պաշտոնական այցով Մոսկվա մեկնելու հրավեր վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինից փետրվարի վերջին ստացավ։ Նրանց հեռախոսազրույցը նախորդել էր ռուս-ադրբեջանական բանակցություններին, որից հետո Բաքուն և Մոսկվան փաստաթղթով դաշնակիցներ դարձան, ընդ որում՝ նաև ռազմական փոխադարձ օգնության պարտավորություն ստանձնելով։
Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ վերջին անգամ դեմ առ դեմ բանակցել է անցած տարվա հոկետեմբերին։ Իսկ Պուտին-Փաշինյան-Ալիև՝ եռակողմ ձևաչափով հանդիպումը նոյեմբերին էր։ Ռուսաստանի նախագահը հայտարարել էր, թե Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի համար մինչև տարեվերջ ստեղծել անհրաժեշտ մեխանիզմներ։
Այդ հայտարարությունը կյանքի չկոչվեց, բայց մյուսի՝ ապաշրջափակուման պայմանավորվածության հարցով տեղաշարժ կա. դեպի Ադրբեջան երկաթգծի շինարարության համար Հայաստանում աշխատանքային խումբ է ձևավորվել։
Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը պարբերաբար նաև թուրք-ադրբեջանական բանակցությունների օրակարգում է հայտնվում։
Մինչ Երևանից բացառում են Հայաստանի ինքնիշխան տարածքով Ադրբեջանին «զանգեզուրյան միջանցք» տրամադրելը, Բաքուն ու Անկարան ամեն հարմար առիթով պնդում են, թե ծրագիրն իրականություն է դառնում։ Երեկ էլ երկու նախագահների՝ շուրջ 4 ժամ տևած հանդիպումից հետո հայտարարավեց՝ «Ալիևն ու Էրդողանը ընդգծել են Զանգեզուրի միջանցքի բացման կարևորությունը և այդ կապակցությամբ Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցումը»։
Ինչպես ինքը՝ Փաշինյանն էր ասում՝ սպասվող այցը Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով է։
Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը կարծում է՝ երկու երկրների ղեկավարների քննարկման հիմնական թեմա կդառնան դեմարկացիայի ու ապաշրջափակման հարցերը. - «Քանի դեռ պահպանվում է Ռուսաստան - Թուրքիա փոխհասկացողությունը, իսկ դա արդեն կապված է Ռուսաստանի հանդեպ Թուրքիայի դրական չեզոքության պահպանմամբ, ապա, ինձ թվում է, մենք կտեսնենք շարունակություն թե' հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, թե' Հայաստան-Ադրբեջան սահմանների դելիմիտացիա-դեմարկացիայի և ճանապարհների ապաշրջափակման հետ կապված»։
Քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանը կարծիքով, Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված չէ. անորոշ վիճակը և' Հայաստանի, և' Ադրբեջանի վրա ճնշման լրացուցիչ լծակ է։
Եթե Ուկրաինայում մինչև այդ իրավիճակը չկարգավորվի, ապա Պուտինը, ըստ քաղաքագետի, Փաշինյանի հետ հանդիպմանը մինչև այժմ չեզոքություն պահպանող Հայաստանից կպահանջի հստակ դիքորոշում արտահայտել. - «Ռուսաստանը որոշակի ճնշումներ կգործադրի։ Ավելին, կարծում եմ, որ հենց այս օրերին Արցախում լարվածության աճը նաև ճնշման ձևերից մեկն է։ Չի բացառվում, որ դա ռուսական և ադրբեջանական կողմերի հետ համաձայնեցված լինի, որպեսզի Հայաստանը ստիպված լինի դիմել ռուսական կողմին, ռուսական կողմն էլ, իր հերթին, դրա դիմաց պահանջի պրոռուսական դիրքորոշում»։