Մատչելիության հղումներ

Ռուբլու արժեզրկումը խնդիրներ է ստեղծել հայաստանյան արտահանման ու ներմուծման համար


Նախորդ երկու շաբաթվա ընթացքում ռուսական ռուբլու գրեթե կրկնակի արժեզրկումը լուրջ խնդիրներ է ստեղծել հայաստանյան արտահանողների և ներմուծողների համար՝ առժամանակ դադարեցնելով ոմանց բիզնեսը Երևանի թիվ մեկ առևտրային գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ։

Այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտնեցին մի քանի գործարարներ։

Միևնույն ժամանակ, Հայաստանը առաջին անհրաժեշտության սննդամթերքի մի շարք տեսակներ ավանդաբար ներմուծել է Ռուսաստանից, Ուկրաինաjից, և այդ երկրների միջև պատերազմը կարող է պարենային անվտանգության լուրջ խնդիր առաջացնել հանրապետության համար, ինչի մասին կառավարության նախորդ նիստին անգամ հրապարակային հայտարարություններ եղան։

Անցած տարի Հայաստանի ողջ արտաքին առևտրի գրեթե 1/3-րդը կամ 2,6 միլիարդ դոլար Ռուսաստանի հետ է եղել, որից հայաստանյան արտահանումը կազմել է շուրջ 1/3-րդը կամ գրեթե 850 միլիոն դոլար, մնացածը ներմուծվել է։

Ռուբլու արժեզրկումը կաթվածահար է արել հայաստանյան արտահանումը դեպի Ռուսաստան. Մխջյան

Հայաստանի արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխջյանը, ով սուրճի վերամշակման և արտահանման հայաստանյան ընկերություններից մեկի սեփականատերն է նաև, «Ազատությանը» փոխանցեց, որ ռուբլու շարունակվող արժեզրկման հետևանքով ռուսաստանցի իր գործընկերը կասեցրել է խոշոր պատվերի շուրջ պայմանավորվածությունը. - «Այսօր բոլոր արտահանողների մոտ նույն վիճակն է, կանգ է առնվել բոլոր արտահանումները, գործողություն տեղի չի ունենում։ Սպասողական վիճակ է, թե ռուբլին ուր կհասնի, ինչի կհասնի։ Ես կարծում եմ, պատերազմի կանգ առնելուց հետո նոր կարող ենք գնահատել իրավիճակը, թե ինչ է լինելու մեր հաջորդ քայլերը։ Պետք է ռուբլուն կայունություն լինի, որ ըստ դրան կարողանանք գնահատենք և տեսնենք հաջորդ քայլերը ինչ է լինելու»։

Րաֆֆի Մխջյան
Րաֆֆի Մխջյան

Մխջյանի խոսքով, օրինակ, 2014-ին, երբ արևմտյան երկրների պատժամիջոցների հետևաքնով ռուբլին դարձյալ արժեզրկվել էր, մի քանի ամիս պահանջվեց, որպեսզի հայաստանցի արտահանողները կարողանան հարմարվել նոր պայմաններին։

Ռուսաստանյան շուկայի կարևորությունը հայատանյան բիզնեսի, տնտեսության համար ոչ միայն առևտրի ծավալների պատճառով է։ Հայկական վերամշակող արդյունաբերության արտադրանքի գերակշիռ մասը հոսում է հենց Ռուսաստան։

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի վերջին տվյալների համաձայն, որոնք վերաբերում են 2020-ին, Հայաստանից Ռուսաստան արտահանման առաջին երեք հորիզոնականներում են ալկոհոլային խմիչքները՝ ավելի քան 160 միլիոն դոլար, գրեթե 60 միլիոն դոլարի տեքստիլ արտադրանք՝ տարատեսակ հագուստ, և շուրջ 50 միլիոն դոլարի ձուկ՝ թարմ կամ սառեցրած։ Ավանդաբար դեպի Ռուսաստան է հոսում նաև հայաստանյան ողջ գյուղարտադրանքի առյուծի բաժինը։

Կառավարությունը աջակցող փաթեթներ է պատրաստում

Էկոնոմիկայի փոխնախարար Արշակ Ասլանյանը «Ազատությանը» վստահեցրեց, որ կառավարությունը աջակցող փաթեթներ է պատրաստում արտահանողների համար, որոպեսզի այս դժվար ժամանակահատվածում դեպի Ռուսաստան հայաստանյան արտահանումները չկանգնեն. - «Արտահանումը իրականում դեպի Ռուսաստանիչի կանգնել, գոյություն ունեն պայմանագրեր, որոնցով հայկական արտահանողները շարունակում են սպասարկել և սպասարկում են, որպեսզի չկորցնեն դիրքը այդ շուկայում։ Չնայած, հաշվի առնելով, որ շատ այլ երկրներից մատակարարումներ դադարելու են կամ արդեն դադարել են դեպի ռուսական շուկա, իսկ հայկական արտահանումը չի դադարելու, դա տալիս է որոշակի լավատեսություն։ Վալյուտային և այլ ռիսկերի ստաբիլացման դեպքում Հայաստանի արտահանումը պետք է աճի»։

Էկոնոմիկայի փոխնախարար Արշակ Ասլանյան
Էկոնոմիկայի փոխնախարար Արշակ Ասլանյան

Ասլանյանի խոսքով, ներկայում մշակվում է ֆինանսական գործիք, որի ներդրման արդյունքում հայ-ռուսական առևտուրը այլևս կատարվելու է դրամով ու ռուբլով՝ դոլարի կամ եվրոյի փոխարեն։

Ռուսաստանից ու Ուկրաինայից է եկել Հայաստան ներմուծված սննդամթերքի զգալի մասը

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության տվյալների համաձայն, Ռուսաստանն ու Ուկրաինան ցորեն արտահանող խոշորագույն երկրների շարքում են։ 2020 թվականին Մոսկվան արտահանել է ավելի քան 35 միլիոն տոննա՝ զբաղեցնելով առաջին տեղը, Ուկրաինան՝ ավելի քան 18 միլիոն տոննա, 5-րդ հորիզոնականում է եղել։

Ուկրաինա ռուսական ռազմական ներխուժման, և ուկրաինական նավահանգիստների շրջափակման պատճառով այս տարի այդ երկրից ցորենի արտահանումը արդեն մեծ հարցականի տակ է։ Կրեմլի նկատմամբ սահմանված պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանում արդեն իսկ լարվածություն է ի հայտ եկել պարենային շուկայում. առևտրային շատ ցանցեր սահմանափակումներ են մտցնել վաճառվող սննդամթերքի քանակության նկատմամբ։

Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի տվյալների համաձայն, էներգակիրներից՝ նավթից, նավթամթերքերքից, բնական գազից ու քարածխից հետո, Ռուսաստանից Հայաստան հոսող ներմուծման երկրորդ խոշոր խմբաքանակը սննդմաթերքն է։

Օրինակ, 2020 թվականին Հայաստանի ներմուծած ցորենը, գարին, ալյուրը, ձավարեղենը, արևածաղկի ձեթը գրեթե ամբողջությամբ եկել են Ռուսաստանից։ Եգիպտացորենի, մակարոնեղենի, շաքարի, մարգարինի, շոկոլադի 2/3-րդից մինչև 3/4-րդը նույնպես ներմուծվել է Ռուսաստանից։

Ուկրաինայից է ներմուծված հրուշակեղենի գրեթե կեսը, թռչնի մսի մոտ 1/3-րդը, շաքարի ու խոշոր եղջերավոր անասունի մսի շուրջ 15 տոկոսը։

Ցորենի միջազգային առևտրի խոշորագույն հարթակում՝ Չիկագոյի բորսայում նախորդ երեք շաբաթների ընթացքում այն թանկացել է գրեթե 50 տոկոսով։

Մոտ մեկ շաբաթ առաջ կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրապարակավ խոսեց պարենային անվտանգության խնդրից. - «Էս տարի էս բազմաթիվ մարտահրավերները հաշվի առնելով, ակնկալվում ա պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր՝ մի կողմից։ Մյուս կողմից էլ, մենք տեսնում ենք, որ սննդամթերքի գները աճելու են, գյուղատնտեսությունը դառնալու ա ավելի ու ավելի հրապուրիչ։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով, 2018-ի համեմատ 2021 թվականին

Տնտեսագետ Սուրեն Պարսյան
Տնտեսագետ Սուրեն Պարսյան

Հայաստանում հացահատիկի արտադրությունը կրճատվել է մոտ երկու անգամ. - «Մենք ավելի մեծ կախվածություն ունենք ռուսական հացահատիկի ներկրումից։ Քիչ հավանական է, որ դեպի Հայաստան Ռուսաստանը սահմանափակի հացահատիկի արտահանումը, բայց որ հայ սպառողը պարտադրված է լինելու ավելի շատ վճարել ռուսական հացահատիկի համար, դա միանշանակ է»։

Անցած տարի Հայաստանում սննդամթերքը թանկացավ 11,5 տոկոսով։ Պարսյանի համոզմամբ, կասկածից վեր է, որ այս տարի պարենի գները ավելի շատ են աճելու։ Սա չեն թաքցնում նաև կառավարությունում, բայց առայժմ կոնկրետ թվեր չեն նշում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG