Մատչելիության հղումներ

Պատերազմ, օր 12-րդ. Օդեսան հարվածների է ենթարկվում, ահազանգում են Կիևի գրավման փորձերի մասին


Չնայած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանակավոր հրադադար և մարդասիրական միջանցքներ է խոստացել Ուկրաինայում, մասնավորապես հարավում գտնվող Մարիուպոլ, մեծությամբ երկրորդ՝ Խարկով և Սումի քաղաքների խաղաղ բնակիչներին տարհանելու համար, այդուհանդերձ, ինչպես պնդում է պաշտոնական Կիևը, ռուսական թնդանոթները չեն լռում։

Հրադադարը պետք է ուժի մեջ մտներ այսօր առավոտյան ժամը 10-ից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր վեց հումանիտար միջանցքների մասին, այդ թվում` Կիևից։ Քիչ անց, սակայն պարզ դարձավ, որ այդ բոլոր միջանցքները տանում են կա՛մ դեպի Բելառուս, կա՛մ Ռուսաստան։

Ուկրաինայի փոխվարչապետը հայտարարել է, որ Մոսկվան նամակում տեղեկացրել է, որ հենց այդ միջանցքներն է երաշխավորում, ինչին ի պատասխան Կիևն իր անհամաձայնությունն է հայտնել։

«Դա հումանիտար միջանցքների բացման անընդունելի տարբերակ է։ Մեր ժողովուրդը Կիևից չի գնա Բելառուս, որ այնտեղից էլ օդանավով մեկնի Ռուսաստանի Դաշնություն», - հայտարարել է փոխվարչապետ Իրինա Վերաշչուկը և դիմել Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդներին՝ խնդրելով միջնորդել հասնելու իրական հումանիտար միջանցքների բացման։

Հումանիտար միջանցքներ բացելու Մոսկվայի խոստումը հաջորդում է Մարիուպոլից խաղաղ բնակիչներին տարհանելու երկու անհաջող փորձերին, որտեղից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գնահատմամբ՝ շուրջ 200 հազար կին, երեխա, տարեցներ փորձում են լքել տարածքը։ Ռուսական զինուժի շրջափակման մեջ հայտնված քաղաքում, ինչպես հայտարարել է միջազգային կառույցի ներկայացուցիչ Միրելլա Հոդեյբը, բնակչության համար տեղում իրավիճակը ծայրաստիճան ծանր է, նաև վտանգավոր է քաղաքը լքելը։

«Տասներորդ օրն է՝ մարդիկ առանց ջրի, էլեկտրականության ապրում են լեփ-լեցուն ապաստարաններում, զրկված են ամենաանհրաժեշտ բաներից, մարդիկ բժշկական օգնության կարիք ունեն, մարդկանց պետք է անվտանգ լքել քաղաքը և այլ վայր տեղափոխվել»,- CNN-ին ասել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչը։

Արևմտյան աղբյուրների համաձայն՝ պատերազմի 12 օրերի ընթացքում Ռուսաստանը զգալի առաջընթաց է արձանագրել հենց Ուկրաինայի հարավում, ինչը թույլ կտա Մոսկվային արգելափակել մուտքը դեպի Ազովի ծով: Մարիուպոլի գրավումը, մասնավորապես դեպի Ղրիմ ցամաքային միջանցքի հնարավորություն է տալիս Մոսկվային։

ԱՄՆ պաշտպանական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, Associated Press-ի հետ զրույցում հայտնել է, որ Վաշինգտոնի գնահատականներով` Ուկրաինայի շուրջ կուտակված ռուսական ուժերի մոտ 95 տոկոսն այժմ գտնվում է երկրի ներսում: Ամերիկացի պաշտոնյան նշել է, որ ռուսական ուժերը շարունակում են առաջխաղացումը՝ փորձելով մեկուսացնել Կիևը, Խարկովը և Չեռնիգովը։

Կիևի գրավման փորձերի մասին է ահազանգել նաև Ուկրաինայի ՆԳՆ խորհրդական Վադիմ Դենիսենկոն։ Նրա խոսքով` ռուսական կողմը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել մայրաքաղաքի շուրջը:

«Կիևի մուտքերին տեղակայվում է բավական մեծ քանակությամբ ռուսական տեխնիկա և զորք։ Մենք հասկանում ենք, որ Կիևի համար մարտերն առաջիկա օրերի առանցքային պայքարն է լինելու», - ասել է ուկրաինացի պաշտոնյան։

Մինչ այդ ռուսական զինուժի հարձակումների տակ շարունակում է մնալ Խերսոնը, անցած գիշեր գնդակոծությունները շարունակվել են Չերնոբաևկայի օդանավակայանի ուղղությամբ։ Խերսոնի շրջանի հենց այդ բնակավայրով է անցնում ռազմավարական ճանապարհներից մեկը համարվող դեպի Օդեսա տանող մայրուղին։

Ծովից հարվածների է ենթարկվում նաև Օդեսան, ասել է շրջանի ռազմական վարչակազմի օպերատիվ շտաբի խոսնակ Սերգեյ Բրատչուկը։ Ծանր է իրավիճակը նաև Նիկոլաև քաղաքում։ Ուկրաինայի տնտեսական կենտրոններից համարվող քաղաքը հրթիռակոծության տակ է փետրվարի 24-ից։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Վադիմ Դենիսենկոն "Украина 24"-ի եթերում հայտարարել է, որ անցած գիշեր ռուսական զինուժը հրթիռակոծել է Նիկոլաևը «Սմերչ» կայանքներից, փլուզվել են բնակելի շենքեր, խաղաղ բնակչության շրջանում կան զոհեր և վիրավորներ։

«Ամեն օր ռուսական բանակը սադրանքներ է իրականացնում և ռմբակոծում բնակելի հատվածները։ Ռազմավարական օբյեկտների մասին խոսք անգամ չկա», - «Ազատության» Current time հեռուստանախագծի հետ զրույցում պատմել է քաղաքի բնակիչներից մեկը։

Ռուսական բանակի վերահսկողության տակ անցած Խերսոն քաղաքից ահազանգում են հումանիտար աղետի մասին:

«Սննդամթերք չի ներկրվում, քաղաքը ամբողջովին շրջափակված է, սնունդ բերելու որևէ հնարավորություն չկա, սպառվում է նաև դեղորայքը։ Եթե առաջիկայում չլուծվի կանաչ միջանցքի հարցը, ապա շատ տխուր իրավիճակ կլինի»,- ասել է Խերսոնի քաղխորհրդի պատգամավոր Յուրի Ստելմաշենկոն:

Պատերազմից 12 օր անց զոհերի թիվը մնում է անհայտ։ ՄԱԿ-ը հաստատել է մի քանի հարյուր խաղաղ բնակչի մահվան դեպքը, բայց և նշել, որ այդ թիվը կարող է շատ ավելի մեծ լինել։ Զինվորականների շրջանում անկախ աղբյուրների կողմից հաստատված թվեր չկան։ Կիևը չի հայտնել զինվորականների շրջանում իր կորուստները, Մոսկվան մինչ օրս հայտնել է մոտ 500 ռուս զինվորականների զոհվելու մասին։

Շարունակվող պատերազմի պատճառով Ուկրաինան մինչ օրս լքել է շուրջ 1.5 միլիոն մարդ, ՄԱԿ-ի գնահատմամբ` սա «Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր փախստականների ամենասուր ճգնաժամն է»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG