Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ընդդիմադիր պատգամավորի հարցը հունից հանեց վարչապետին։ Պատգամավորի՝ օրենսդիրի հետ առանց մատ թափ տալու խոսելու պահանջին էլ Նիկոլ Փաշինյանը կոշտ արձագանքեց։
«Իսկ այն, որ դուք օրենսդիր եք, չի նշանակում եք, որ տակից-գլխից կարող եք ամեն ինչ խոսել, կներեք: Ես ձեզ պարզ հարց եմ տալիս, ասում եմ` ով որ ինձ ասի` ես հող եմ հանձնել, ես այդ մարդկանց հետ մատով եմ խոսալու ու մատով եմ խոսացել: Տո ձեր ղեկավարության ժամանակ ի՞նչ է եղել (նկատի ունի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին-խմբ.), եթե Սանասար էր, ինչի՞ եք գնացել, հանձնել, «Մադրիդյան սկզբունքներում» դուք եք գրել, դուք էիք պաշտպանության նախարարը: Ուրեմն, ձեր չափն իմացեք, հերիք եղավ, բոլ եղավ», - հայտարարեց վարչապետը:
Փաշինյանի այս հայտարարություններից հետո տեղից արձագանքելու համար նկատողություններ ստացան ընդդիմադիր պատգամավորներ Սեյրան Օհանյանը, հարց հնչեցրած Հռիփսիմե Ստամբուլյանը, ձայնի իրավունքից զրկվեցին հաջորդ հարցի համար հերթագրված Գեղամ Նազարյանը, Արամ Վարդևանյանը։
Նիստը վարող Հակոբ Արշակյանը նրանց մեղադրեց իրավիճակը սրելու համար. «Պարոն Նազարյան, երբ որ ձեր գործընկերը խոսում է հողերը հանձնելուց, նա լարվածության մթնոլորտ է ստեղծում, և խնդրում եմ այլևս նման բառապաշարով չխոսել, և տիկին Ստամբուլյան, ձեզ նույնպես նախազգուշացում»:
Ընդդիմադիր պատգամավորները որոշեցին բոյկոտել հարցուպատասխանը ու լքել նիստերի դահլիճը:
Ապա Հակոբ Արշակյանն ընթերցեց հարց տալու համար գրանցված ընդդիմադիր պատգամավորների անունները, ովքեր արդեն դահլիճում չէին, և նիստի մեկնարկից մեկ ժամ էլ չանցած հարցուպատասխանն ավարտվեց։
Իսկ վարչապետ Փաշինյանին այդքան զայրացրած հարցը Հայաստանում հացահատիկի հնարավոր պակասի մասին էր, որի պատճառներից մեկն էլ, ըստ հարցի հեղինակ Հռիփսիմե Ստամբուլյանի, «Արցախի 75 տոկոսից ավելիի հանձնումն է»։
«Եվ քանի որ Դուք Արցախի շուրջ 75 տոկոսը հանձնեցիք թշնամուն, նաև թշնամու դաշտում թողեցիք հացահատիկի պաշարները: Ի՞նչ քայլեր եք ձեռնարկում», - հետաքրքրվեց նա:
Փաշինյանն իր պատասխանում շրջանցեց հացահատիկի խնդրին վերաբերող հատվածը ու կենտրոնացավ «հողեր հանձնել» արտահայտության վրա. «Ձեր ընդունած «Մադրիդյան սկզբունքներով» գրվել է` կետ առաջին. 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին: Հիմա ասեք` այ դավաճաններ, էդ հողերը խի՞ եք գնացել, հայրենիքը դրել սակարկությունների վրա, որ հացահատիկի գործ անե՞ք: Ասեք պաշտոնապես: Եթե չհաստատեք պաշտոնապես, հաստատեք պաշտոնապես, որ Սանասար է և ոչ Ղուբաթլի, ուրեմն պարոն Մինասյանի ասած հոդվածով հայրենիքի դավաճանության ձեր երկու լիդերների նկատմամբ պետք է քրեական գործ հարուցվի, և այն, ինչ որ դուք ուզում եք բեմադրել մեր նկատմամբ, պետք է ձեր նկատմամբ արվի: Հերիք է, գաք, այստեղ կոկորդիլոսի արցունքներ թափեք, հերիք է կոկորդիլոսի արցունքներ թափեք, կամ էլ հենա Սյունիքի մասին խոսողները, հենա տարան, գլուխները կախ ընդունեցին իրենց մեղքը, ներում խնդրեցին, 15 միլիարդ էլ վճարեցին պետական բյուջե: Այդ դո՞ւք եք խոսում Սյունիքի մասին, այ թալանչիներ»:
Վարչապետի պատասխանում նկատողության արժանի դրվագներ չտեսավ նիստը վարող Հակոբ Արշակյանը, որը հաջորդած վիճաբանության ընթացքում պարբերաբար մեղադրում էր ընդդիմությանը իրավիճակը սրելու համար. «Պիտակավորումներ, մեղադրանքներ, նման ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ մի տվեք ձեզ»:
Պապիկյանը չի կարծում, որ ԳՇ-ում կադրային փոփոխությունները որևէ խնդիր կամ վտանգ կառաջացնեն
Իսկ մինչ այս միջադեպը ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց՝ նման ռիսկային փուլում ինչո՞վ են պայմանավորված Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի պաշտոնանկությունն ու այլ բարձրաստիճան զինվորականների կադրային փոփոխությունները։
«Այս փուլում այդպիսի փոփոխությունները այսպիսի անվտանգային միջավայրի պայմաններում ինձ համար որևէ ձևի հասկանալի չեն», - ասաց պատգամավորը:
Նախարարը, սակայն, չի կարծում, որ Գլխավոր շտաբում կադրային փոփոխությունները որևէ խնդիր կամ վտանգ կառաջացնեն. «Պիտի վստահել, պիտի հնարավորություն տալ պատերազմի բոհով անցած մեր բազմաթիվ ունակ ու երիտասարդ կադրերին: Ամեն ինչ տեղի է ունենում ըստ կարգի, ընթացակարգերի և ըստ քաղաքական վերադասության»:
Միրզոյանը դրական գնահատեց հայ և թուրք բանագնացների հանդիպումը
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դրական գնահատեց Վիեննայում Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների մեկ շաբաթ առաջ կայացած երկրորդ հանդիպումը։
«Շատ շոշափելի արդյունքներ նույնիսկ երկրորդ հանդիպման համար դժվար է ակնկալել», - նկատեց նա:
Հարցուպատասխանի ընթացքում պատգամավորները գործադիրին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակման առնչությամբ պաշտոնական Երևանի դիրքորշման մասին որևէ հարց չուղղեցին։