Այսօր երեկոյան Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի Աշխարհի 2022 թ. առաջնության ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ Սկոպյեում մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ: «Մենք խաղալու ենք միայն հաղթանակի համար»,- նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը` ավելացնելով. «Մենք գիտենք խաղի կարևորությունը, մենք կփորձենք անել լավագույնը, որովհետև մենք գիտենք, որ ունենք մեծ հնարավորություններ»։
Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը նախորդ հավաքին բացակայում էր և ազգային թիմի կազմում վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել շուրջ մեկ տարի առաջ, ասում է՝ հավաքականի ֆուտբոլիստների մոտ շատ բան է փոխվել, այդ թվում` հավատը իրենց ուժերի նկատմամբ. «Հաղթողի հոգեբանությունը դեռ ձևավորվել է Ազգերի լիգաների խաղերում, երբ սկսեցինք այդ մրցաշարը, որտեղ որ թիմը շատ լավ հանդես եկավ ու առաջին տեղը զբաղեցրեց, և շարունակական եղավ նաև այս ընտրական փուլի առաջին երեք խաղերում։
Տղաների մոտ շատ բան է փոխվել` ոչ միայն հաղթողի հոգեբանությունը, այլև իրենց հավատը իրենց ուժերի նկատմամբ, որը որ շատ լավ է։ Եվ կարող եմ ասել, որ նաև թիմային խաղի որակը շատ է բարձրացել և հետագայում ինձ թվում է` էլ ավելի կլավանա»։
«Քաթար 2022»-ի որակավորման փուլի ենթախմբում Հայաստանի հավաքականն այժմ 100 տոկոսանոց արդյունք ունի, հաղթել է մեկնարկային երեք խաղերում ու 9 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ հետևում թողնելով խմբի ֆավորիտ Գերմանիայի ընտրանուն, որը ունի 6 միավոր, նույնքան միավոր էլ հավաքել է Հայաստանի հավաքականի այսօրվա մրցակից Հյուսիսային Մակեդոնիան:
Այսօրվա խաղից միայն հաղթանակ ենք ակնկալում, ընդգծում է սպորտային մեկնաբան Գևորգ Ղազարյանը. «Սպասելիքը մեկն է` հաղթանակն է, քանի որ մենք մեզ համար սահմանել ենք նշաձող, որ պետք է որակավորվենք աշխարհի առաջնություն, խմբում մենք պետք է պայքարենք 2-րդ տեղի համար, ըստ այդմ պետք է հաղթել»։
Ֆուտբոլիստների պատրաստվածությունը բարձր մակարդակի է, հավաքականում մթնոլորտը՝ առողջ, նկատում է Ղազարյանը. «Այն մթնոլորտը, որ մենք տեսնում ենք տեսանյութերով ու մեր գործընկերների հետ կապի ընթացքում որոշ մանրամասներ իմանալով, մենք հասկանում ենք, որ մարտական նման բարձր տրամադրությամբ հավաքականը շատ քիչ է եղել, ու սա այն բացառիկ դեպքերից է, որ երբ պետք է ամեն ինչ հանրագումարում տա մեկ արդյունք` մենք պետք է հաղթենք»:
Արդյոք Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ խաղին հիմնական ուշադրությունը սևեռվելո՞ւ է Մխիթարյանի վրա։ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ իսպանացի Խոակին Կապառոսը նախախաղային ասուլիսում ևս մեկ անգամ ընդգծեց՝ իրենք թիմային խաղ են դավանում։
«Մենք թիմային խաղ ենք դավանում, Հենոն, իհարկե, շատ մեծ ֆուտբոլիստ է, շատ մեծ փորձով և գիտի, որ իր տաղանդը պետք է ծառայեցնի ի շահ թիմի։ Եվ սա կարող է բարելավել մեր խաղը», - ասա մարզիչը։
Հավաքականի գլխավոր մարզչի աշխատանքի, նրա վերաբերյալ տպավորությունների մասին Մխիթարյանն արդեն խոսել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ. «Շատ լավ հասկանում է ֆուտբոլը, փորձում է ֆուտբոլիստների լավ կողմերը օգտագործել և այնպես դասավորել թիմը, որ կարողանա ցավ պատճառել հակառակորդին խաղի ընթացքում»։
Այսօրվա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումից հետո՝ 3 օր անց հավաքականը կխաղա Գերմանիայի, այնուհետև Լիխտենշտեյնի հավաքականների դեմ։