Ֆուտբոլի աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման մրցաշարի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը Երևանում ոչ-ոքի՝ 1:1 ավարտեց հանդիպումը J խմբի հետնապահ Լիխտենշտեյնի ընտրանու հետ:
Հանդիպման հաշիվը առաջին խաղակեսի վերջում 11-մետրանոցից բացեց Հայաստանի թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ում նկատմամբ մրցակիցները կոպիտ էին խաղացել սեփական տուգանային հրապարակում, 80-րդ րոպեին Նոա Ֆրիկը վերականգնեց հավասարակշռությունը:
Այս խաղից հետո Հայաստանը 11 միավորով շարունակում է երկրորդ հորիզոնականը զբաղեցնել J խմբի մրցաշարային աղյուսակում: Ուշ երեկոյան Սկոպյեում կայացած Հյուսիսային Մակեդոնիա - Ռումինիա հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, Գերմանիան Ռեյկյավիկում 4:0 հաշվով հաղթեց Իսլանդիային:
Խմբի առաջատարը մնում է Գերմանիան՝15 միավորով, մրցաշարային աղյուսակում Հայաստանին հաջորդում է Ռումինիան՝ 10 միավորով, չորրորդը Հյուսիսային Մակեդոնիան է՝ 9 միավորով, ապա Իսլանդիան է՝ 4 միավորով, և աղյուսակը Երևանում վաստակած 1 միավորով եզրափակում է Լիխտենշտեյնը:
7-րդ տուրի խաղերը կանցկացվեն ուղիղ մեկ ամիս հետո՝ հոկտեմբերի 8-ին, երբ Հայաստանի հավաքականը Ռեյկյավիկում կհյուրընկալվի Իսլանդիայի ընտրանուն: Նույն օրը J խմբում տեղի կունենան Գերմանիա - Ռումինիա և Լիխտենշտեյն - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումները: