Մատչելիության հղումներ

Ըստ Թաթոյանի` դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը հստակ չէ. ԲԴԽ անդամը համաձայն չէ


Սահմանադրական դատարանն ուսումնասիրում է նախկին օմբուդսմենի դիմումը, որն Արման Թաթոյանը ներկայացրեց պաշտոնավարման վերջին օրը։ Բարձր դատարանը դատավորների կարգապահական պատասխանատվությանն առնչվող հայցի ուսումնասիրությունից հետո կորոշի՝ վարույթ ընդունում է այն, թե՝ մերժում։

Թաթոյանը մեկ դիմումի մեջ բարձրացնում է երկու կառույցի՝ Բարձրագույն դատական խորհրդի և Արդարադատության նախարարության հետ կապված խնդիրները։

Նախկին օբմուդսմենը համարում է, որ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը սկզբից մինչև վերջ հստակ ու կանխատեսելի չէ։ Պարզաբանում է՝ երբ դատավորը Բարձագույն դատական խորհրդում հայտնվում է իր դեմ հարուցված վարույթներով նիստերին, պետք է ունենա նաև արդար դատաքննության իրավունք, դատական պաշտպանության, երաշխիքներից օգտվելու իրավունքներ, ինչը որոշ դեպքերում չկա օրենքի անհստակության պատճառով։

Միևնույն ժամանակ Թաթոյանը նկատում է՝ Բարձրագուն դատական խոհրդի որոշումը բողոքարկան ենթակա չէ, ինչը հակասում է Սահմանադրությանը. «Ցանկացած մարդ, որ կողմ է որևէ դատավարության, գիտի, որ կա հստակ ընթացակարգ չէ՞, որ քայլից հետո որն է սկսում, իր իրավունքները կոնկրետ, այս դեպքում մենք չունենք այդ հստակ ընթացակարգը, և նաև մենք հիմնավորել ենք մի շարք կոնկրետ գործերի օրինակներով»:

Մինչդեռ Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը որևէ ընթացակարգային խնդիր չի տեսնում։ Վերջին ամիսներին տարբեր դատավորների կարգապահական պատասխանատության ենթարկելու նիստերի մասնակցող Բեքմեզյանը, հակառակը, կարծում է, որ 2020 թվականին փոփոխված դատական օրենսգրքում ամեն ինչ հստակ է գրված։

«Նիստը տեղի է ունենում հստակ ընթացակարգով, սկզբից խոսքը տրվում է վարույթ հարուցող մարմնին, որը ներկայացնում է իր դիրքորոշումը, այսինքն` վարույթ հարուցման դիրքերը, ապացույցներ և այլն, հետո կողմերը հարցեր տալու իրավունք ունեն, այսինքն` և դատավորները, պաշտպանները, ներկայացուցիչները, և ԲԴԽ անդամները: Հետո խոսքը տրվում է դատավորին կամ նրա ներկայացուցիչներին, որոնք ներկայացնում են իրենց դիրքորոշումը: Մինչև դա նրանք իրավունք ունեն գրավոր պատասխան ներկայացնել Բարձրագույն դատական խորհրդին», - ասաց նա:

Բեքմեզյանը շեշտում է՝ Բարձրագուն դատական խորհուրդն այն մարմինն է, որն ապահովում է դատավորների անկախությունը, բայց դա ամենևին չի նշանակում, որ նրանք չեն կարող ենթարկվել պատասխանատվության։ Ավելին՝ հենց ԲԴԽ-ի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկվելով է նաև ապահովվում նրանց անկախությունը. «ԲԴԽ-ն այս դեպքում` որպես արբիտր, թույլ չի տալիս, որպեսզի սուբյեկտիվ ցանկություններով կամ անհիմն կարգապահական վարույթներով փորձ կատարվի դատավորների նկատմամբ ճնշում գործադրել»:

Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար երեք կառույց կարող է ուսումնասիրություն սկսել ու դիմել Բարձրագույն դատական խորհուրդ։ Դրանք են Դատավորների էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովը, Արդարադատության նախարարությունը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։

Մարդու իրավունքների նախկին պաշտպանը ևս կարծում է, որ դատավորները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքը խախտելու համար, բայց ոչ իշխանության որդեգրած մեթոդներով։ Թաթոյանը հիշեցնում է՝ իշխանության բարձրաստիճան տարբեր ներկայացուցիչների, այդ թվում՝ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի հայտարարությունը դատավորների մասին։

«Հայաստանում, կոպիտ հաշվարկներով, 40 կոռումպացված դատավոր կա»,- «Ազատության» եթերում ասել էր նախարարը՝ պնդելով՝ շատ դատավորներ սկսել են ինքնաբացահայտվել՝ որոշակի քաղաքական ակցիաներով, ակտիվությամբ, մեկը մյուսին պաշտպանելով։

«Ինչ-որ կլանային զգացողություններ կան, ես չեմ ասում բոլորը։ Օրինակ` 93 դատավոր ստորագրում է ինչ-որ հայտարարության տակ։ Ես հո չեմ ասում՝ 93-ն էլ կոռումպացված են, բայց մենք տեսնում ենք, որ էնտեղ մի 10, 20, 30 անուն կրկնվում է, հետո լինում է մի ուրիշ ակցիա, որտեղ տեսնում ենք, որ 4, 5-ն էն 30-ից հայտնվել են», - ասել էր նախարարը։

Արման Թաթոյանը կարծում է, որ նման հայտարարությունները խաթարում են երկրի իրավական անվտանգությունը. «Ակնհայտ է, որ այդ քաղաքական հայտարարություններն ուղղորդվածություն են ենթադրում իրենցից, և ստացվում է, որ օրինակ` նախապես որոշված դատավորների ցանկ կա, և մենք գնում ենք այդ դատավորների հետևից»:

Օրենքով արդարադատության նախարարը կարող է դատավորի նկատմամբ վարույթ հարուցել և այն ուղարկել Բարձրագույն դատական խորհուրդ քննելու։ Այստեղ ևս օրենքի անհստակություն կա, ասում է նախկին օմբուդսմենը, որին հենց այդ հարցով դիմել են մի քանի դատավորների փաստաբաններ։

«Ի՞նչ է նշանակում այդ լիազորության իրականացումը, ոչ մի տեղ չի բացահայտվում` արդյոք, օրինակ, Արդարադատության նախարարությունը կոնկրետ թիրախավորել է մեկ մարդու և գնացել է այդ մեկ մարդու հետևից հատուկ», - նշում է նա:

Դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը հունվարին բարձրացրել էին հենց իրենք՝ դատավորները։ Հայաստանում 259 դատավոր կա, նրանցից 8-ը հայտարարություն էին տարածել՝ մտահոգություն հայտնելով, թե արդարադատության նախարարը, կարգապահական վարույթներ հարուցելով, չարաշահում է իր լիազորությունները։ Մինչդեռ նախարար Անդրեասյանը հայտարարել է՝ շարունակելու է իրեն տրված այդ գործիքը կիրառել դատական համակարգի զտման համար։ Ընդհանրապես դատական համակարգը կոռուպցիայից մաքրելու խոստումներ իշխանությունները պարբերաբար են հնչեցնում։

Դատավորների հարցով Արդարադատության նախարարության լիազորությունները վիճարկող մի դիմում էլ Բարձր դատարան է ներկայացրել ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Դատարանը այս դիմումը արդեն վարույթ է ընդունել, ինչը, ըստ իրավաբան պատգամավորի, նշանակում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է կասեցնի նախարարության ներկայացրած կարգապահական վարույթները, քանի դեռ չկա Բարձր դատարանի որոշումը։

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը, մինչդեռ, վարույթ ընդունելը բավարար չի համարում գործընթացը կասեցնելու համար։ Արդարադատության նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին միայն, որ ՍԴ մուտք արված գործերի մասին մեկնաբանություններ չեն տալիս։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG