Մատչելիության հղումներ

Դատավոր Դավիթ Գրիգորյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի


Դատավոր Դավիթ Գրիգորյանը, արխիվ
Դատավոր Դավիթ Գրիգորյանը, արխիվ

Մարտի 1-ի գործի քննության ժամանակ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած և գործի վարույթը կասեցնելու որոշում կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի, այսօր նման որոշում կայացրեց Բարձրագույն դատական խորհուրդը։

Քոչարյանին ազատելուց հետո՝ 2019-ի հուլիսին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները դադարեցվել էին, նրան մեկ այլ գործով մեղադրանք էր առաջադրվել պաշտոնեական կեղծիքներ կատարելու համար։ Այս տարվա ապրիլին էլ Արդարադատության նախարարությունը դիմել էր Բարձրագույն դատական խորհրդին Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։ Պատճառը Քոչարյանին առաջադրված մեղադրանքը հակասահմանադրական ճանաչելու մասին Գրիգորյանի հարցազրույցն էր։

«Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց արդարադատության նախարարի պաշտոնակատարի պարտականությունները կատարող Գրիգորյանի միջնորդությունը՝ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ մերժել: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է», - որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը:

Որոշման տակ 8 անդամներից ստորագրել են Բարձրագույն դատական խորհրդի 4 դատավոր-անդամները և գիտնական-անդմաներից մեկը՝ Գրիգոր Բեքմեզյանը: Ըստ էության, հենց նրա ստորագրությունն էլ որոշիչ է եղել, քանի որ մյուս 3 գիտնական-անդամները՝ Գագիկ Ջհանգիրյանը, Դավիթ Խաչատրյանը և Վիգեն Քոչարյանը մերժման որոշման տակ չեն ստորագրել։

«Ազատության» հետ զրույցում Վիգեն Քոչարյանը կարճ մեկնաբանեց իր որոշումը. «Ոչ միայն ես, այն Բարձրագույն դատական խորհրդի անդամները, որոնք չեն ստորագրել այդ որոշումը, այո, համարում են, որ խախտում տեղի է ունեցել և դատավորը պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Արդարադատության նախարարությունը դադարեցված լիազորություններով դատավոր Դավիթ Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ էր դիմել շուրջ չորս ամիս առաջ։ Պատճառը լրատվական կայքերից մեկին տված հարցազրույցն էր, որում Գրիգորյանը մեկնաբանել էր նախկին նախագահ Քոչարյանին առաջադրված սահմանադրական կարգը տապալելու մասին հոդվածը հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ Բարձր դատարանի որոշումը։

Դեռ 2019-ին հենց ինքը՝ դատավոր Գրիգորյանն էր Քոչարյանին կալանքից ազատելու հետ մեկտեղ դիմել Սահմանադրական դատարան հոդվածի սահմանադրականությունը որոշելու համար։ Հարցազրույցում, Գրիգորյանը, ըստ էության, պնդել էր, որ դատարանը Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի կարող վերաորակել։ Այս կարծիքը Արդարադատության նախարարության կողմից որակվել էր որպես նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ենթակաների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանի վարույթում գտնվող գործին հնարավոր միջամտություն: Մինչդեռ, ըստ Գրիգորյանի, ինքը միայն իրավական դատողությունն է արել։

Դատավորների անկախությունը երաշխավորող մարմնում՝ Բարձրագույն դատական խորհրդում կայացրած այս որոշումը կանխեց Հայաստանի դեմ միջազգային ատյաններում ևս մի վճռի կայացումը՝ մեզ հետ զրույցում ասաց Դավիթ Գրիգորյանի շահերի պաշտպան Սիրանույշ Սահակյանը, ով նշեց, որ այս վարույթի հիմքերը ի սկզբանե վիճելի են եղել, իսկ կայացրած որոշումը դրական է գնահատում։

«Խնդիրները շատ են և առհասարակ Արդարադատության նախարարությունը նման իրավական և փաստական հիմքերի պարագայում պարզապես չպետք է վարույթ հարուցեր: Ես նաև փաստարկների ժամանակ բարձրաձայնել եմ այն խնդիրը, որ արձանագրված է միջազգային կառույցների կողմից, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի, որ արդարադատության նախարարը ներկայացնում է գործադիր իշխանությունը և վարույթ հարուցելու իրավունքի գոյությունը և իրացումը լուրջ սպառնալիք է դատավորների անկախությանը», - ասաց փաստաբանը:

Գրիգորյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդություն ներկայացրած Արդարադատության նախարարությունից այսօր զերծ մնացին ԲԴԽ որոշումը մեկնաբանելուց։

Դավիթ Գրիգորյանը դեռ շարունակում է մնալ մեղադրյալ պաշտոնեական կեղծիքներ կատարելու գործով, չնայած նա իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Իրավապահները պնդում են, որ քրեական գործը որևէ առնչություն չունի Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու և Մարտի 1-ի գործի վարույթը կասեցնելու որոշումների հետ։

XS
SM
MD
LG