Մոտ մեկ տարի ուշացմամբ ու գործընթացի ձգձգմամբ ակնկալվում է, որ մայիսին Հայաստանում ի վերջո կսկսի գործել հակառոռուպցիոն մասնագիտացված դատարան, որը կունենա առաջին ատյանում 10 քրեական, 5 քաղաքացիական, վերաքննիչում՝ 6 քրեական և 6 քաղգործերով դատավորներ։
2019 հոկտեմբերին Հայաստանն ընդունել է հակակոռուպցիոն ռազմավարություն, որը ենթադրում Է նաև կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացված մարմինների ստեղծում։
«Որպես հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի մի տարր, ի թիվս Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի, նախատեսվում էր նաև Հակակոռուպցիոն դատարանի ստեղծում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության վարչաության պետ Քրիստինե Գաբուզյանը։
Քովիդի, պատերազմի առաջացրած ճգնաժամի, ապա նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու պատճառով մոտ մեկ տարի ուշացած, այժմ հակակառուպցիոն կառույցները մեկը մյուսի հետևից սկսում են գործել։
Այդ շարքում վերջինը՝ այժմ կազմավորվող Հակակոռուպցիոն դատարանը, Գաբուզյանի փոխանցմամբ, կունենա բարեվարքության ստուգում անցած դատավորներ. - «Օրինակ, վերջին հինգ տարվա ընթացքում կարգապահական տույժի ենթարկված դատավորներ չեն կարող լինել։ Բացի այդ, միջազգային փորձագետներ են ներգրավվելու այդ ընտրության գործընթացում։ Նաև գրավոր որակավորման քննություններ, հարցազրույցներ, որոնք միտված են նաև անձնական որակները, բարեվարքությունը ստուգելուն և այլն։ Այդ միջոցներով հնարավորինս ապահովվի բարձր մասնագիտական որակ»։
Միջազգային փորձագետները կհայտնեն իրենց կարծիքը, սակայն, ինչպես «Ազատությանն» ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը, թե թեկնածուներից ով կընտրվի, կորոշեն բացառապես դատավորների անկախությունը երաշխավորող կառույցի՝ ԲԴԽ-ի անդամները։
ԲԴԽ-ն արդեն անցկացրել է դատավորների ընտրության առաջին՝ գրավոր փուլը։ Գործընթացի մասին «Ազատության» հարցերին նախ խոստացան պատասխանել, ապա միայն հարցազրույցի մեկնարկին ԲԴԽ-ի պաշտոնյան նկատեց, որ ինքն էլ դատավորի թեկնածու է և չի կարող այս թեմայով հարցազրույց տալ։ ԲԴԽ-ի որևէ այլ աշխատակից նրա փոխարեն մեր հարցերին չպատասխանեց։
Այնուամենայնիվ, Շաբոյանից տեղեկացանք, որ հաջորդ՝ բանավոր փուլը տեղի կունենա փետրվարի 8-10-ը, արդեն հայտնի են մրցույթի մասնակիցների անունները։
Արդարադատության նախարարության պաշտոնյան հավելում է, որ ընտրված դատավորները վերապատաստում կանցնեն Արդարադատության ակադեմիայում. - «Մասնագիտացվածության տեսանկյունից այստեղ որոշակի սպեցիֆիկա է առկա, և հաճախ դատավորները պետք է առնչվեն ֆինանսական բարդ սխեմաների հետ և այլնը, որը իրենից ենթադրում է հատուկ ուսուցում, որոշակի վերապատրաստում և այլն»։
Հակակոռուպցիոն դատարանը գործերը պետք է քննի արագ ու արդյունավետ
Ընդհանուր առմամբ, նպատակ է դրվել, որ նոր դատարանը գործերը պետք է քննի արագ ու արդյունավետ, դատավորները պետք է վայելեն հանրային վստահություն և ունենան մասնագիտական բարձր որակներ, ստանան մյուս դատավորներից մոտ 70 տոկոսով բարձր աշխատավարձ։ Սա հարցեր է առաջացրել առաջացրել ոլորտի մասնագետների շրջանում։
«Այստեղ հարց է առաջանում. ինչո՞վ են տարբերվում նրանք... Դատական համակարգը մնում է դատական համակարգ, դատավորը մնում է դատավոր, դրանց աշխատավարձի տարբերությունը կարող է լինել, օրինակ, ստաժից կախված, կարող է լինել դատական ատյանից կախված, բայց ոչ թե այս գործերը քննող դատավորները ստանում են երկու-երեք անգամ ավել աշխատավարձ», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլի» հայաստանյան գրասենյակի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը։
«Կոռոպցիան համարվում է առանձնակի ռիսկային ոլորտ», - հակադարձում է Գաբուզյանը՝ ավելացնելով, որ բարձր են աշխատավարձերը նաև հակակոռուպցիոն մյուս նորաստեղծ մարմիններում. - «Դա լրացուցիչ երաշխիք է դատավորների անկախությունը և ճնշումներից զերծ, բարեվարք գործունեությունն ապահովելու տեսանկյունից»։
Այնուամենայնիվ, ապագայի ծրագրերում կա նաև մյուս դատավորների աշխատավարձերի բարձրացում, ինչ ամրագրված է Հայաստանի միջազգային պարտավորություններով։ Աշխատավարձերի բարձրացմանը զուգահեռ կլինեն բարեվարքության ստուգումներ։
Կոռուպցիայի դեմ հաջող պայքարած աշխարհի շատ երկրներում չկան մասնագիտացված մարմիններ, այդ թվում դատարաններ, հիշեցնում է Հայկ Մարտիրոսյանը. - «Այնպես չի, որ Հակակոռուպցիան դատարանը պետք է ստեղծվեր, որ նոր կոռուպցիոն գործեր քննեին։ Մինչև հիմա ես կարծում եմ, որ դեռևս չունենք մեկ կոռուպցիոն գործ, որը դատարանով անցել է, մեղադրական եզրակացություն առկա է։ Նորից եմ ասում՝ օրենքի կարգավորման դաշտում Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը պարտադիր չէր ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման համար։ Օրենքը ասում է՝ մինչև այդ դատարանի ստեղծումը գործը վարույթ է ընդունում ընդհանուր իրավասության դատարանը քաղաքացիական գործերի շրջանակում»։
Ապօրինի գույքի բռնագանձման դեպքերով որևէ հաշտեցում մինչ օրս չի եղել
2018-ից իշխանությունների կողմից հայտարարվել է կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար, հնչել են «միլիարդները հետ վերադարձնելու խոստումներ»։ Սակայն ապօրինի գույքի բռնագանձման դեպքերով որևէ հաշտեցում մինչ օրս չի եղել։ Ըստ գործող օրենքի, ապօրինի գույք ունեցող պաշտոնյան կարող է համաձայնվել գույքի 75 տոկոսը վերադարձնել պետությանը, տնօրինել 25 տոկոսը և այդպիսով կանխել գործը դատարան ուղարկելը, որտեղ պարտվելու դեպքում հնարավոր է կորցնել գույքը 100 տոկոսով։ Սակայն Հայաստանում, որտեղ նախկին պաշտոնյաներից շատերը հայտնի են իրենց շքեղ առանձնատներով և այլ ունեցվածքով, չկա գոնե մեկ ապօրինի գույքի ավարտված վարույթ։
Այս ֆոնին փորձագետը լավատես չէ, թե կոռուպցիայի դեմ պայքարը հակակոռուպցիոն մարմինների ստեղծմամբ թևակոխելու է նոր և արդյունավետ փուլ։