Մատչելիության հղումներ

Դատական օրենսգրքում ՔՊ-ականների առաջարկած փոփոխությունները վերջնականապես ընդունվեցին


«Փոփոխությունը դատարանների անկախությունը ճնշելու, դատավորներին լիազորություններից զրկելու, նրանց նկատմամբ քրեական գործեր հարուցելու, կալանավորելու գործիք է դառնալու», - ընդդիմադիրներին մտահոգել էին Դատական օրենսգրքում «Քաղաքացիական պայմանագրից» Վլադիմիր Վարդանյանի ու Վահագն Հովակիմյանի առաջարկած փոփոխությունները, որոնք այսօր բացառապես իշխանականների ձայներով վերջնականապես ընդունվեցին, մինչև ամսվա վերջ էլ կմտնեն ուժի մեջ։

Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը վստահեցնում էր՝ սա բարեփոխում է. «Ռեալ գործիքակազմ ենք տալիս, որպեսզի ենթադրյալ ապօրինություններ գործող դատավորները կարողանան պատասխանատվության ենթարկվել»:

Առաջարկները հեղինակները ներկայացրել էին արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկվելիք նախագծում։ Առաջինի ժամանակ այս փոփոխություններն իշխանական պատգամավորները չէին գրել։

Ընդդիմությունը խնդրահարույց է համարում, որ այս փոփոխությամբ դատավորին ու ԲԴԽ անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու, նրանց լիազորությունները դադարեցնելու, ինչպես նաև՝ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական գործ հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալը ավելի նվազ ձայներով էլ հնարավոր կլինի։

Դատական գործող օրենսգրքով առնվազն 7 անդամ պետք է կողմ լիներ, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկեն կամ նրա նկատմամբ գործ հարուցեն։ Իշխանականները այդ թիվը նվազեցնել են՝ որոշման համար շատ շուտով այլևս ԲԴԽ 10 անդամներից 5-ի համաձայնությունն էլ բավարար կլինի։ Մյուս փոփոխությունն էլ նիստում քվորումին էր վերաբերում. այժմ եթե 10 հոգանոց ԲԴԽ-ի 7 անդամ ներկա չէ, նիստը իրավազոր չէ։

Առաջարկված ու ընդունված փոփոխություններով այլևս 6 անդամի ներկայությունն էլ բավարար է, օրինակ, դատավորի կալանավորման հարց քննարկելու համար։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը օրինակ բերեց Սյունիքի կալանավորված համայնքապետերից, իշխանության քննադատ Մանվել Փարամազյանին ազատ արձակած դատավոր Բախշիյանի կալանավորումը։

ԱԱԾ-ն կարծում է՝ դատավորը Փարամազյանի դեմ ցուցմունք տված անձին ապօրինի կալանավորելու որոշում է կայացրել, Բախշիյանը չի ընդունում մեղադրանքը, ուղիղ միջամտություն է համարում իր լիազորությունների իրականացմանը։

«Այսօրվա ֆոնի վրա, երբ որ իրականցվում է դատավորի նկատմամբ ապօրինի հետապնդում, երբ որ կալանավորումներն են սկսվել, երբ որ դատավորների նկատմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթաց է սկսվել, այսպիսի գործողությունը ոչ այլ ինչ է, քան պարզապես օրինականացնել ապօրինի դատական և իրավապահ համակարգի նվաճման գործընթացը», - նշեց Մինասյանը:

«Քաղաքացիական պայմանագրից» Վահագն Ալեքսանյանն էլ որոշեց հիշեցնել, թե ով էր դատավորին կալանավորելու որոշում կայացրած նրա կոլեգան՝ հեղափոխությունից հետո։ Դավիթ Արղամանյանի որոշումից հետո համացանցը հեղեղված էր հեղափոխության օրերին թմբուկ զարկող դատավորի նկարներով։ Տարածողները պնդում էին, թե նա այսօրվա իշխանության համակիր է։

«Կոնկրետ մի դատավոր կոնկրետ մի գործով կալանք է տվել, այդ որոշումը քննության առարկա է դարձել, բայց չգիտես ինչի այս քննությունը դարձել է ամբողջ ընդդիմությանը համախմբող մի «թրիգեր»: Էլ չեմ խոսում այն մասին, որ պատերազմի մասնակից, ջոկատի հրամանատար կամ հրամանատարի տեղակալ, սխրանքներ գործած մարդուն՝ դատավորին, ասում եք՝ թմբուկ զարկող», - ասաց Ալեքսանյանը:

Հիմնավորելով՝ հեղինակներից Վլադիմիր Վարդանյանը տեսական իրավիճակ էր ներկայացնում, որն այսօրվա հետ կապ չունի: 10 հոգանոց ԲԴԽ-ն այս պահին 9 գործող անդամ ունի։ Քրեական գործով անցող ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները կասեցված են։

«Կարող են լինել իրավիճակներ, երբ Բարձրագույն դատական խորհրդի անդամների թիվը, օրինակ, Ազգային ժողովում, նրանց չընտրվելու պարագայում, իջնի և հասնի 6-ի, և բավականին երկար քաղաքական կոնսենսուսի բացակայության պարագայում անդամներ չընտրվեն: Կամ, օրինակ, Դատավորների ընդհանուր ժողովը չկարողանա նիստ գումարել և ընտրել դատավոր-անդամներին: Ի՞նչ է սա նշանակում, այսինքն՝ ցանկացած դատավոր կարող է անել ամեն ինչ՝ հստակ հասկանալով, որ, այդուհանդերձ, մոտակա 2, 3, 4 ամիսների ընթացքում հնարավորություն չի լինելու նիստ գումարել Բարձրագույն դատական խորհրդում ու որոշում կայացնել»:

Ընդդիմադիրները մնացին իրենց կարծիքին. «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանը հայտարարեց՝ քաղաքական իշխանությունն է շահագրգռված այս փոփոխությամբ՝ դատական համակարգը ճնշելու համար:

«Հիշեք, որ ամեն ինչ վերջ ունի, և նման լուծումներով գնալ այսպիսի քաղաքական հետապնդումների, վաղը կարող է շուռ գալ 180 աստիճանով», - հայտարարեց Վարդանյանը:

Ընդդիմության առաջարկը՝ նախագիծը հանել օրակարգից, մասնագիտական քննարկումներ անցկացնել, չընդունվեց։

XS
SM
MD
LG