Մատչելիության հղումներ

Այս անգամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ավելի մեծ շանսեր կան. Թոմ դե Վաալ


Այս անգամ ավելի մեծ շանսեր կան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում հաջողության հասնելու համար, քան 2009-2010 թվականներին, կարծում է «Կարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան Թոմաս դե Վաալը՝ նշելով՝ Ադրբեջանն այլևս արգելք չի դնում գործընթացի վրա։

Սահմանը փակվեց 1993 թվականին, երբ հայկական ուժերը գրավեցին Քելբաջարը, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց վերլուծաբանը՝ նկատելով՝ Քելբաջարը այժմ վերադարձվել է Ադրբեջանին, ինչպես նաև Ղարաբաղի շուրջ բոլոր մյուս տարածքները, այնպես որ, Ադրբեջանն ունի այն, ինչ ուզում էր և Թուրքիան ուրախ է առաջ շարժվելու համար:

Թոմ դե Վաալի խոսքով՝ 2009-2010 թվականներին այդ նախաձեռնությունը մեծ մասամբ ղեկավարվում էր Թուրքիայի այն ժամանակվա նախագահ Աբդուլլահ Գյուլի կողմից, իսկ Էրդողանը լուսանցքում էր և, չկարողանալով կողմնորոշվել գործընթացի վերաբերյալ, ի վերջո դեմ գնաց դրան:

«Այժմ այս գործընթացը ղեկավարվում է Էրդողանի կողմից։ Ինչպես ես եմ հասկանում, դա իրականում ղեկավարվում է ոչ թե արտգործնախարարների միջոցով, այլ հիմնականում ղեկավարվում է Անկարայում՝ Էրդողանի գրասենյակից, իսկ Երևանում՝ Նիկոլ Փաշինյանի գրասենյակից։ Այսպիսով, սա այս գործընթացին ավելի ուժեղ քաղաքական առաջնորդություն է տալիս», - ասաց վերլուծաբանը:

Թոմ դե Վաալի խոսքով՝ թեև Հայաստանում և Թուրքիայում կան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դեմ մարդիկ, ինչպես նաև գործընթացի նկատմամբ թերահավատություն, այդուհանդերձ, կարծում է, որ գործընթացին պետք է աջակցել, քանի որ այն կկայունացնի հարաբերությունները, դրական կլինի Հայաստանի տնտեսության համար։

«Կարծում եմ՝ դա կբացի Հայաստանը, Հայաստանին կընձեռի տարբեր հնարավորություններ, որոնք նա չի ունեցել վերջին 30 տարիների ընթացքում՝ իր երկու փակ սահմանների պատճառով», - ասաց վերլուծաբանը։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցով հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը առաջին անգամ հանդիպեցին հունվարի 14-ին Մոսկվայում: Կողմերն այն ընդհանուր առմամբ դրական գնահատեցին՝ նշելով, որ «պայմանավորվել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»: Երկրորդ հանդիպումը նախատեսված է փետրվարի 24-ին՝ Վիեննայում:

Սա փաստացի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արդեն երրորդ փորձն է Հայաստանի նորանկախ պատմության մեջ։ Չնայած 1991-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն երկկողմ դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չեն ձևավորվել:1993-ին, Թուրքիան փակեց Հայաստանի հետ սահմանը՝ ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության։ Հաշտեցման վերջին՝ կրկին անհաջող փորձը ձեռնարկել էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ «ֆուտբոլային դիվանագիտությամբ»։ 2009-ին կողմերն անգամ Ցյուրիխում հարաբերությունների կարգավորման արձանագրություններ ստորագրեցին, սակայն դրանք այդպես էլ մնացին թղթի վրա, և գործընթացը կրկին հայտնվեց փակուղում։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG