Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի կունենա փետրվարի 24-ին` Վիեննայում։ Այս մասին երեկ երեկոյան միաժամանակ հայտնեցին Հայաստանի և Թուրքիայի արտգործնախարարությունները:
Բանագնացների հանդիպման օրակարգի մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։ Երևանն ու Անկարան նաև չեն հստակեցրել, որ ինչու են որոշել Ավստրիայի մայրաքաղաքում հանդիպել, կամ որ կողմն է առաջարկել հանդիպման վայրը։ Հիշեցնեմ, առաջին հանդիպումը հայկական կողմից առաջարկով Մոսկվայում կայացավ։
Ուշագրավ է, որ ավաղ թուրքական Daily Sabah-ը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, գրել էր, թե Անկարան ձգտում է, որ բանագնացների հաջորդ հանդիպումը տեղի ունենա Թուրքիայում կամ Հայաստանում:
Հունվարի 14-ին մոսկովյան հանդիպումից հետո կողմերը հայտարարել էին, որ կշարունակեն լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Շուրջ երկու շաբաթ առաջ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել էր, թե բանակցային գործընթացում Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորումն է: Նա նշել է, որ փոխադարձ թռիչքների վերսկսումից բացի, կողմերը այժմ աշխատելու են հաջորդ՝ մասնավորապես, վստահության բարձրացմանն ուղղված քայլերի ուղղությամբ: Միևնույն ժամանակ նա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և բանագնաց Ռուբեն Ռուբինյանին հրավիրել էր Անթալիա մասնակցելու մարտին կայանալիք դիվանագիտական ֆորումին՝ նշելով, որ Հայաստանի մասնակցությունը, ըստ էության, կլինի վստահության բարձրացմանը ուղղված քայլերի մի մասը:
Պաշտոնական Երևանը դեռ չի հայտարարել ֆորումին մասնակցելու որոշման մասին, թեև դատելով ամենաբարձր՝ վարչապետի և արտգործնախարարի մակարդակով հնչող հայտարարություններից, Հայաստանի պատասխանը, ամենայն հավանականությամբ, դրական կլինի։
Հայաստանի հետ կարգավորման գործընթացի մասին նախօրեին խոսել է Թուրքիայի փոխարտգործնախարարը։ Յավուզ Սելիմ Քըրանը Թուրքիա-Ադրբեջան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ շատ կարևոր է համարել, որ Հայաստանը տարածաշրջանում խաղաղությանը նպաստող մոտեցում ցուցաբերի, հատկապես Ղարաբաղում հրադադարի ապահովման հարցում հավատարիմ մնա ստանձնած պարտավորություններին։
Քըրանը Հարավային Կովկասում կայունության ապահովման համատեքստում խիստ կարևոր է համարել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը. - «Թուրքիան այս գործընթացում որպես հատուկ ներկայացուցիչ շատ փորձառու դեսպանի է լիազորել: Նա հունվարի 14-ին իր գործընկերոջ հետ առաջին հանդիպումն է անցկացրել: Այդ հանդիպումների ընթացքն ու բոլոր փուլերը, բնականաբար, շարունակելու ենք առաջ տանել մեր ադրբեջանցի եղբայրների հետ երկխոսության պայմաններում: Մեզ համար անփոխարինելի նշանակություն ունի, որ խորհրդակցական այս խողովակը մշտապես բաց լինի»:
Թուրք պաշտոնյան կարգավորման գործընթացում կարևոր փուլ է համարել Թուրքիա-Հայաստան ուղիղ ավիահաղորդակցության վերաբացումը: Օրերս հայկական և թուրքական երկու ավիաընկերություններ 2019-ից ի վեր առաջին անգամ Երևան - Ստամբուլ և Ստամբուլ- Երևան չվերթներ իրականացրեցին։
Չվերթների վերսկսման ու սահմանների բացման մասին է գրում բրիտանական «The Economist»-ը. - «Ընդամենը 3 մլն բնակչություն ունեցող Հայաստանի համար 85 միլիոնանոց բնակչությամբ Թուրքիայի շուկա դուրս գալը կարող է շատ շահավետ լինել: Սահմանների բացումը Հայաստանի համար կարող է դարպաս դառնալ դեպի Եվրոպա: Շահելու են նաև Հայաստանի հետ սահմանակից թուրքական շրջանները՝ օրինակ Իգդիրը, որը երկրի ամենաքիչ զարգացած շրջաններից է և մեծապես տուժել է Թուրքիայում արժույթային ճգնաժամի ու տարեկան հաշվարկով 49 տոկոսի հասած գնաճի հետևանով»։
Բրիտանական պարբերականը միևնույն ժամանակ փաստում է՝ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, այնուհանդերձ, հաշտություն չի նշանակում:
Ի դեպ, վերջերս անցկացված հարցման համաձայն՝ հայաստանցիների ճնշող մեծամասնությունը՝ ավելի քան 70 տոկոսը կողմ է Թուրքայի հետ հարաբերությունների հաստատմանը։ Միևնույն ժամանակ 90 տոկոսը կարծում է, որ Հայաստանի համար քաղաքական և անվտանգային ամենամեծ սպառնալիքը հենց Թուրքիան է ներկայացնում։