Մինչ աշխարհը արձագանքում է Ռուսաստանի նախագահի որոշմանը, արևմտյան երկրները և ոչ միայն նրանք, մեկը մյուսի հետևից դատապարտում են Պուտինի քայլը, պաշտոնական Երևանը որևէ ձևով չի անդրադառնում տեղի ունեցածին։
Այսօր վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ Կոնկրետություն չկա, բայց ռուս-ուկրաինական ճգնաժամի սրման ֆոնին հաղորդվում է՝ քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Թե ինչ որոշումներ են ընդունվել, չի հանրայնացվում։
Նախօրեին էլ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույց էր տեղի ունեցել, որի ընթացքում, հայկական կողմի հաղորդագրության համաձայն, Ղարաբաղի ու տարածաշրջանային իրավիճակից բացի երկու երկրների ղեկավարները քննարկել էին նաեւ ռուս-ուկրաինական հարաբերությունները։ Կրեմլի հաղորդագրությունում Ուկրաինայի հարցով քննարկման մասին հիշատակում չկար։
Մինչև աշխատանքային օրվա ավարտը արտգործնախարարությունից չստացանք գրավոր հարցման պատասխանը, թե Արևմուտքի դատապարտման ֆոնին Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման հարցում ի՞նչ դիրքորոշում ունի պաշտոնական Երևանը։
Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» էլ նախընտրում են լռությունը չխախտել։ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանն այսօր շրջանցեց ուղիղ հարցը՝ Հայաստանը պատրաստվո՞ւմ է ճանաչել Դոնեցկի ու Լուգանսկի անկախությունը. - «Ես այդ մասին այժմ մեկնաբանություն չեմ տա, քանի որ պետք է սպասեմ մինչև դիրքորոշում ձևավորվի։ Ես հնարավորություն չեմ ունեցել իմ մյուս գործընկերների հետ քննարկելու երեկ երեկոյան տեղի ունեցած քաղաքական և աշխարհաքաղաքական զարգացումները»։
Մինչ Երևանից չկա արձագանք, Արցախի նախագահն է շտապել ողջունել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ իշխանության ու ժողովրդի անունից։ Պետականության միջազգային ճանաչումը Արայիկ Հարությունյանը համարել է քաղաքակիրթ միջոց արյունահեղության կանխարգելման համար ու զուգահեռներ անցկացրել Արցախի հետ. - «Ազգերի ինքնորոշման և սեփական պետություն կառուցելու իրավունքն անքակտելի է յուրաքանչյուր ժողովրդի համար և հանդիսանում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունք։ Արցախի Հանրապետությունը տասնամյակներ շարունակ պայքարում է իր ազատության, անվտանգության ու պետականակերտման համար և ստիպված է եղել բազմիցս անցնել ծանր փորձությունների ու ցեղասպան գործողությունների միջով: Ուստի համոզված ենք, որ Արցախի Հանրապետությունը, որն ունի համապատասխան պատմական, քաղաքական, իրավական ու բարոյական անվիճարկելի հիմքեր, վաստակել է իր ինքնիշխան պետության միջազգային ճանաչումը»:
Խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունում կարծում են, որ ունենալով արցախյան հիմնահարց, Հայաստանի համար ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը պետք է լինի առաջնային սկզբունք։ Հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է ճանաչի Լունգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը, խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը պատասխանեց. - «Առնվազն գոնե չպետք է դեմ արտահայտվի, որովհետև սա մեր ազգային առանձնահատկություններից է բխում՝ ելնելով Արցախյան հիմնահարցից։ Ակնհայտ է, որ այսօր անհրաժեշտ է, օգտվելով այս իրավիճակից, նաև առաջ մղել Արցախի ճանաչմանը հարցը, բերել միջազգային օրակարգ, որպեսզի ճանաչվի Արցախի անկախությունը։ Հայաստանի իշխանությունը իր էս վախվորած, ընկճված, միջազգային ասպարեզից Հայաստանը դուրս մղած վիճակում չի կարողանում անգամ կողմնորոշվել էս պարզ տրամաբանության մեջ, որ Արցախի հարցը պետք է առաջ մղել»։
«Հայաստանը չպետք է ճանաչի Դոնեցկն ու Լուգանսկը», - ասում է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։ Նա կարծում է, որ խուսանավելու հնարավորություն Երևանն ունի, ինչպես ժամանակին արեց Աբխազիայի ու Հարավային Օսիայի պարագայում. - «Այն, որ Արցախի նախագահը պաշտոնապես ողջունեց էդ ճանաչումը, Հայաստանի իշխանությունները, Հայաստանը իրեն նման շքեղություն թույլ տալ չի կարող։ Պետք է հնարավորինս ժամանակ ձգել, պաուզան պահել»։
Իսկ եթե ինչ-որ պահի Երևանը, այնուամենայնիվ, ստիպված լինի իր դիրքորոշումը արտահայտել, ըստ Բաղդասարյանի, պետք է հաշվարկի՝ ի՞նչ է ստանալու Դոնեցկի ու Լուգանսկը ճանաչելու դիմաց Ռուսաստանից, չճանաչելու դիմաց՝ Արևմուտքից. - «Այդ դեպքում Հայաստանը պիտի շատ հստակ դնի մյուս հարցը՝ ի՞նչ ենք ստանալու դրա դիմաց։ Արդյո՞ք Ռուսաստանը պատրաստ է սիմետրիկ քայլեր անել Արցախի հարցի դեպքում։ Չեմ կարծում, թե իհարկե մենք կարող ենք պահանջել, որ Ռուսաստանն էլ Արցախը ճանաչի։ Բայց ակնկալիքներ կարող ենք ունենալ Ռուսաստանից, օրինակ, մեր անվտանգային խնդիրների առումով։ Իհարկե, մեր ինքնիշխանության մակարդակը բավականին նվազել է, բայց, բարեբախտաբար, դեռ այն վիճակում չենք, որ ցանկացած պարտադրանքի անմռունչ հնազանդվենք»։