Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով ուկրաինական զարգացումների մասին, կողմերին ողջամտության և միջազգային իրավունքը հարգելու կոչ է արել:
Էրդողանը, որ այս օրերին աֆրիկյան երկրներ է այցելում, ինքնաթիռում տված հարցազրույցում ասել է, որ Թուրքիան ռուս-ուկրաինական ճգնաժամի ամենասկզբից կրքերը հանդարտեցնելու համար անկեղծ ջանքեր է գործադրել և խնդրի լուծման վերաբերյալ հստակ ուղերձներ հղել:
Ուկրաինայում պատերազմ սկսելու պարագայում Թուրքիային սպառնացող վտանգների մասին հարցին պատասխանելիս՝ Էրդողանը ընդգծել է, որ Թուրքիան սևծովյան երկիր է և պետք է անվտանգության միջոցառումներ ձեռնարկի, և այս ուղղությամբ աշխատանքներ արդեն տարվում են: Նա նշել է, որ Անկարան գիտակցում է պատասխանատվությունը սևծովյան տարածաշրջանի անվտանգության հարցում և այդ տրամաբանությամբ է գործում:
Անդրադառնալով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, նաև Թուրքիայի և Գերմանիայի մասնակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարելու նախաձեռնությանը՝ նախագահ Էրդողանը դրական է համարել այդ առաջարկը և ասել՝ եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ հինգ երկրները ընդունեն այն, ապա Թուրքիան ևս իր դերակատարումը կունենա:
Այսօր նաև Էրդողան-Զելենսկի հեռախոսազրույց է տեղի ունեցել, Ուկրաինայի նախագահը Թվիթերում թուրք գործընկերոջը շնորհակալություն է հայտնել աջակցության համար:
Ավելի վաղը Թուրքիայի ԱԳ նախարարությունը ևս հայտարարություն էր տարածել՝ անընդունելի և մերժելի որակելով Դոնեցկը և Լուգանսկը ճանաչելու Ռուսաստանի որոշումը:
«Ռուսաստանի այս որոշումը հակասում է Մինսկի համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին, բացահայտորեն խախտում է Ուկրաինայի քաղաքական միասնությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը», - ասված է Թուրքիայի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության մեջ:
Միևնույն ժամանակ արտգործնախարարությունը Ուկրաինայի արևելյան շրջաններում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ այդ տարածքներից:
Փետրվարի սկզբին Թուրքիայի նախագահի Կիև կատարած այցի ժամանակ երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագիր էր ստորագրվել, կողմերը պայմանավորվել էին ընդլայնել ռազմավարական համագործակցությունը, այդ թվում BAYRAKTAR Makina ընկերության ԱԹՍ-ների արտադրությունը Ուկրաինայում, ավելացնել ապրանքաշրջանառությունը՝ հասցնելով 10 միլիարդ դոլարի:
Մոսկվայի և Կիևի հետ լավ հարաբերություններ և տնտեսական սերտ համագործակցություն ունեցող Անկարային մտահոգում է ռուս-ուկրաինական հավանական պատերազմի ու արևմտյան պատժամիջոցների հետևանքները նաև թուրքական տնտեսության վրա: Թուրքիան գազի 33 տոկոսը Ռուսաստանից է ստանում, Ռուսաստանից ու Ուկրաինայից է ներմուծում ցորենի 80 տոկոսը: