Մատչելիության հղումներ

Քոչարյանի և Գևորգյանի մանդատը` քրեական գործի խոչընդոտ. դատախազը համաձայն չէ գործը կասեցնելուն


Մարտի 1-ի գործով արդարացվելուց հետո միայն կաշառքի համար մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու 2008-ին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի դատավարության ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը բարձրացրեց նրանց անձեռնմխելիության հարցը։

Դատավորը հայտարարեց՝ արտահերթ ընտրություններից հետո է նման խոչընդոտ ստեղծվել. «Դատարանի կողմից` ամբաստանյալների կողմից պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն անձեռնմխելիության հաղթահարման ուղղությամբ»:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների համաձայն՝ «Հայաստան» դաշինքը առաջնորդող Ռոբերտ Քոչարյանն ու Արմեն Գևորգյանը ընտրված պատգամավորներ են և ունեն անձեռնմխելիություն, դատարանում հայտարարեցին պաշտպանները։ Իսկ դա նշանակում է, որ այս քրեական գործը պետք է կասեցվի, լրագրողների հետ զրույցում պնդեց նախկին նախագահի փաստաբան Արամ Վարդևանյանը. «Այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը` Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահը, «Հայաստան» դաշինքի առաջնորդը հանդիսանում է ընտրված պատգամավորի թեկնածու: Տվյալ դեպքում ընտրված պատգամավորի թեկնածուն փաստացի գրեթե նույնական ռեժիմն ունի պաշտպանվածության, ինչ արդեն իսկ պատգամավորը»:

Մինչդեռ մեղադրող կողմը հակառակն է պնդում։ Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում մեջբերեց Սահմանադրությունն ու ասաց՝ պատգամավորի անձեռնմխելիությունը կիրառվում է, երբ պատգամավորին մեղադրանք է առաջադրվում, կամ էլ քննվում է նրան ազատությունից զրկելու հարցը։ Եվ քանի որ Քոչարյանն ու Գևորգյանը մեղադրյալ են ներգրավվել պատգամավոր ընտրվելուց երեք տարի առաջ, սա նշանակում է, որ այս հարցը չի կարող դատարանում քննարկման առարկա դառնալ. «Ինչ վերաբերում է քրեական հետապնդման ենթարկելուն կամ դա շարունակելուն, ապա Սահմանադրության նորմերի տառացի ձևակերպումից երևում է, որ խոսքը բացառապես քրեական հետապնդում հարուցելու մասին է, իսկ քրեական հետապնդում հարուցելը քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի համաձայն` անձին որպես մեղադրյալ ներգրավելն է, նրա նկատմամբ մինչև այդ խափանման միջոց ընտրելը կամ նրան ձերբակալելը: Քրեական հետապնդում հարուցելու փուլը վաղուց ավարտված է, դա նախնական քննության փուլում է եղել և կարող է նախնական քննության փուլում լինել: Դատական վարույթում արդեն հարուցված և ընթացքի մեջ քրեական հետապնդումների մասին կարող է խոսք գնալ»:

Դատախազ Բաղդասարյանը իր տեսակետը պնդեց նաև դատարանում՝ գործի քննությունը չի կարող կասեցվել. «Քրեական հետապնդում իրականացնելու համար անձեռնխմելիության հաղթահարման ընթացակարգ, հիմքեր առհասարակ չկան, և ես ինքս չեմ պատկերացնում` ինչպես կարելի է Ազգային ժողովում գնալ, խնդրել համաձայնություն քրեական հետապնդում իրականացնելու, եթե այդպիսի համաձայնություն Ազգային ժողովը կարող է տալ բացառապես հարուցելու կապակցությամբ: Ազգային ժողովը չի կարող այդպիսի համաձայնություն տալ կամ չտալ, հետևաբար Ազգային ժողովին չի կարելի այդպիսի համաձայնություն տալու համար դիմել կամ չդիմել»:

Քոչարյանի թիմակից, նրա պաշտպան Արամ Վարդևանյանը, սակայն, վկայակոչում է քրեական դատավարության օրենսգիրքն ու ընդգծում՝ անձեռնմխելիությունը համարվում է գործը կասեցնելու հիմքերից մեկը։ Ստացվում է՝ ցանկացած մեղադրյալ, եթե, օրինակ, ընտրությունների արդյունքում դառնա պատգամավոր, օժտվում է անձեռնմխելիությամբ, իսկ քրեական հետապնդումը ժամանակավոր կասեցվում է։ Սա ամենևին չի հակասում արդարադատությանը, պնդեց Քոչարյանի պաշտպանը. «Պետք է կասեցվի և շարունակվի այն դեպքում, երբ արդեն այդ կարգավիճակն այլևս չլինի: Ազգային ժողովում հաղթահարման մեխանիզմ առկա չէ»:

Քոչարյանի և Գևորգյանի պաշտպանները պնդում են՝ եթե դատավոր Աննա Դանիբեկյանը անձեռնմխելիության հիմքով կասեցնի նաև այս գործի քննությունը, ապա առնվազն 5 տարի, երբ երկրորդ նախագահն ու նրա երբեմնի ենթական կլինեն պատգամավոր և օժտված կլինեն անձեռնմխելիությամբ, գործը կմնա կասեցված։ Եվ միայն պատգամավորի լիազությունների ավարտից հետո կաշառքի այս քրեական գործը կարող է վերաբացվել։ Ինքը՝ Քոչարյանը, սակայն, ավելի վաղ ակնարկել էր, որ իրեն չի տեսնում օրենսդիրում:

«Մանդատի վերաբերյալ հարցը կարելի է ասել` պահպանեք այդ հարցը, հուլիսի վերջին մեծ սիրով կպատասխանենք», - ասաց Արամ Վարդևանյանը:

Դատավորը հետաձգեց այս հարցի քննությունը մինչև ընտրությունների արդյունքների մասին Սահմանադրական դատարանի որոշումը։ Հունիսի 20-ի արտահերթի արդյունքները դատարանում մտադիր են վիճարկել երեք ուժեր, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքը։

Հաջորդ դատական նիստը օգոստոսի 3-ին է։

XS
SM
MD
LG