«Ով ինչքան հնարավոր է Քոչարյանին օգնելով է զբաղված», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոչարյանի ու մյուսների գործով Մարտի 1-ի տուժողի ներկայացուցիչ, Փաստահավաք խմբի նախկին անդամ Սեդա Սաֆարյանը։
Սեդա Սաֆարյանը միտում է տեսնում Սահմանադրական դատարանի (ՍԴ) գործողություններում:
Դատարանը մինչև հուլիսի 9-ը երկարաձգել է Քոչարյանի և մյուսների գործը քննող դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումի նախնական ուսումնասիրության ժամկետը, ինչպես նշված է աշխատակարգային որոշման մեջ՝ «լրացուցիչ ուսումնասիրությունների նպատակով»: Պատճառները ՍԴ-ից չեն մանրամասնում։
Մաիսի 18-ին Ղարաբաղի գործող ու նախկին նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելով, դատավորը անմիջապես էլ կասեցրել էր գործի վարույթը, այն ուղարկել էր ՍԴ՝ երկրորդ նախագահին մեղսագրվող սահմանադրական կարգի տապալման հոդվածի սահմանադրականությունը, նաև Սահմանադրությամբ նախագահի անձեռնմխելիության ինստիտուտի էությունը որոշելու համար։
Գործը ՍԴ էր մուտքագրվել մայիսի 20-ին, ու 17 օրում բարձր դատարանը չկարողացավ որոշել՝ ընդունո՞ւմ է դիմումը վարույթ, թե՞ այն մերժելու որոշում է կայացնում։ Ըստ ամենայնի, այդ հարցը հուլիսի 9-ին կպարզաբանվի: Սեդա Սաֆարյանը կարծում է՝ նախկին հանրապետական Հրայր Թովմասյանի նախագահած ՍԴ-ն նպաստում է Քոչարյանի և մյուսների դատավարությունը փակուղի մտցնելու գործին։
«Որքան հնարավոր է Ռոբերտ Քոչարյանի դրսում մնալը, գործը չլսելը, որքան հնարավոր է վիժեցնել, բոլորը դրանով են զբաղված։ Սահմանադրական դատարանի համար երկու շաբաթը բավարար էր, որպեսզի գնահատական տար այս հարցին։ Քանի որ այս հարցին գնահատական չի տրվում, գործը մնում է շարունակաբար կասեցված վիճակում, և հնարավորություն է ընձեռվում նորանոր խմորումներ կուտակել և նորանոր իրավիճակներ ստեղծել մեր երկրում», - նշեց Սաֆարյանը։
Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը գործի քննությունը ձգձգելու միտում չի տեսնում:
«Բարձրացված հարցը ինքն իրենով բարդ հարց է, տրիվիալ հարց չի, դա է բխում նաև տարբեր կարծիքների առկայությունը բավականին շատ։ Ես չեմ կարծում, որ ինչ-որ միտում լինի մի ամիս ավել-պակաս ձգելու մեջ», - ընդգծեց փաստաբանը։
Վաղը Վերաքննիչում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, կմեկնարկի սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության, ինչպես նաև տուժողի ու տուժողների իրավահաջորդի փաստաբանների բողոքների քննությունը։
Օրբելյանն ասաց՝ Քոչարյանի պաշտպանական թիմն ակնկալում է, որ Վերաքննիչ ներկայացված բողոքները կմերժվեն։
«Վերաքննության սահմանները շատ սեղմ են, և այն պարագայում, երբ որ Վերաքննիչ դատարանը իրավունք չունի անդրադառնա կաշառքի էպիզոդով հիմնավոր կասկածի հարցին, 300.1-ի մասով սահմանադրականության հարցին, այդ երկու պարամետրերի բացակայության պայմաններում կալանքը չի կարող կիրառվել ուղղակիորեն», - նշեց Քոչարյանի փաստաբանը։
Սեդա Սաֆարյանին դատավորը վստահություն չի ներշնչում: Նա ևս վերաքննիչ բողոք ներկայացրածների թվում է․ մարտի 1-ին «Չերյոմոխա 7»-ից ծնոտի շրջանում վիրավորված Արթուր Ավագյանի ներկայացուցիչն է։ Վաղն, ասաց, պատրաստվում է գնալ դատարան ու իր դիրքորոշումը հայտնել։
«Դա նույն դատավորն է, որը բազմաթիվ, տասնյակ մարդկանց ճակատագիր մարտի 1-ին լուծել է ի օգուտ քոչարյանական ռեժիմի։ Այն, ինչ որ նախկինում հաստատված է համարել և մարդկանց դատապարտել, հիմա դրան հակառակ փաստերին պիտի գնահատական տա։ Շատ դժվար է ասել, որ այդ մարդը և՛ օբյեկտիվորեն, և՛ սուբյեկտիվորեն կարող է այս գործով օբյեկտիվ վճիռ արձակել։ Ունենք անվստահություն, հետևապես՝ մենք անելիք պիտի ունենանք», - ընդգծեց Սեդա Սաֆարյանը։