Մատչելիության հղումներ

Ադրբեջանից վերադարձած 8 գերիներին մեղադրանք չի առաջադրվել


Ֆրանսիայի և Եվրամիության միջնորդությամբ երեկ Ադրբեջանից Հայաստան վերադարձած ռազմագերիներից 6-ն արդեն տանն են, իսկ նրանցից 2-ը, որոնք ժամկետային զինծառայողներ են, տեղափոխվել են Ռազմական ոստիկանություն: Ի՞նչ է սպասվում նրանց, Պաշտպանության նախարարությունից կտեղեկացնեն միայն գրավոր առաջիկայում։

Ժամկետային զինծառայողներից Արթուր Բաբայանի մայրը՝ Ոսկի Բաբայանը հաղորդեց, որ երեկ կարողացել է որդուն տեսնել մի քանի րոպեով. «Մենք երեկ ենք տեսել 5 րոպեով, էսօր էլ ամուսինս գնաց էնտեղ, ասացին՝ ինչ-որ պիտի նախարարությունը որոշում կայացնի՝ կծառայի, թե չի ծառայի: Ինքը չորս ամսվա ծառայող էր, որ գերի ընկավ»:

2021-ի նոյեմբերին սահմանային մարտերի ընթացքում գերեվարված ու Ադրբեջանում 3 ամիս անցկացրած Արթուրի մոր խոսքով՝ ճիշտ կլիներ եթե որդուն տուն ուղարկեին։

«Ես զգացի, որ ահավոր նեղված էր, պիտի արդեն ինքը օտպուսկ էլ եկած լիներ, ոչ մի բան չես կարող անել, ոչ մի բան, սպասենք տեսնենք՝ ինչ կլինի», - նշեց Ոսկի Բաբայանը:

Ադրբեջանից վերադարձած մյուս 6 երիտասարդները երեկ մոտ 7 ժամ մասնակցեցին հարցաքննության Քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչությունում: Նրանց դրսում սպասում էին մի քանի տասնյակ հարազատներ ու ընկերներ։

Ուշ երեկոյան հնարվորություն ունեցան ի վերջո դուրս գալու և հանդիպելու իրենց սպասող ընտանիքի անդամներին և ընկերներին ու նրանց հետ տուն գնալու։ Նրանց դիմավորեցին ծափահարություններով։

«Սաղ լավ են, ոչ մեկը առողջական խնդիր չունի, մարդիկ նորմալ վերաբերմունք են ցույց տվել։ Ինչպես ինձ կտեսնեք, էդպես էլ մեր տղերքն են։ Սաղի ծնողներին կտեսնեմ, կասեմ, որ իրանց էրեխեքը սաղ լավ են, սաղի հետ էլ կապ ունեցել եմ։ Հարցաքննության եմ եղել, մարդիկ նորմալ վերաբերմունք են ցույց տվել՝ թե՛ ստեղ, թե՛ էնտեղ։ Սաղ լավ է», - ասաց գերությունից վերադարձած Գրիգոր Կյուրեղյանը:

Երեկ տուն գնացած 6 ռազմագերիներից 3-ն ադրբեջանական բանտում էին 2020 թվականի դեկտեմբերից, երբ գերեվարվել էին Խծաբերդից նոյեմբերին հաստատված զինադադարից հետո, նրանցից մեկն էլ Վաղարշակ Մալոյանն էր։

«Ամեն ինչ նորմալ է, ընդեղ մնացողներն էլ սաղ դուխով, հույսով, հավատով, ամեն օր սպասում են տուն գալուն: Ինչպես տղերքը ձիգ եղել են, այդպես մնացել են, ոչ մի բան չի կարա կոտրի իրանց հավատը, իրանց հույսը, շատ ամուր կանգնած են, սպասում են տուն գալուն», - նշեց Մալոյանը:

Երեկ տուն գնացած մյուս 3-ը գերեվարվել էին 2021-ի նոյեմբերի սահմանային բախումների ընթացքում, որոնց առնչությամբ կա հարուցված քերական գործ՝ պարզելու տեղի ունեցածի հանգամանքները։ Քննչական կոմիտեից մեզ տեղեկացրին, որ երեկ վերադարձած երիտասարդներից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել։

Ադրբեջանը երեկ գերիներին ազատ արձակելուց հետո հայտարարեց, որ ակնկալում են ստանալ տեղեկություններ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին, որոնք, ինչպես իրենք են ենթադրում, հուղարկավորվել են զանգվածային գերեզմաններում։

Արտգործնախարարության խոսնակն արձագանքեց այս հայտարարությանը՝ նշելով. «Անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ արցախյան պատերազմում հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Կարևորում ենք անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը»։

Այսօր արդեն Բաքուն իր հերթին արձագանքեց Հունանյանին՝ կրկին նշելով, որ հայկական կողմը պարտավոր է ադրբեջանական կողմին տեղեկություններ տրամադրել սպանված քաղաքացիական անձանց ու զինվորականների մասին:

XS
SM
MD
LG