Մատչելիության հղումներ

Բաքուն հաստատում է, որ 15 հայ գերի է վերադառնում Հայաստան


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է լուրը, որ Հայաստան է վերադառնում 15 ռազմագերի, և որ Հայաստանը փոխանցել է ականապատված տարածքների քարտեզներ:

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցմամբ` «Հայաստանը Ռուսաստանի նախաձեռնությամբ Ադրբեջանին է տրամադրել շուրջ 92 հազար հակատանկային և հակահետևակային ականների քարտեզներ, որոնք տեղադրվել էին Ֆիզուլիի և Զանգելանի շրջաններում», և Ադրբեջանն էլ վերադարձնում է 15 հայերի, ովքեր դատարանի որոշմամբ դատապարտվել են ազատազրկման, և որոնց պատժի ժամկետը լրացել է:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Խծաբերդից գերեվարված շիրակցի 14 ռազմագերիներից 12-ը Բաքվում երեկ դատապարտվեցին 6-ամսյա, իսկ 2-ը՝ Հրաչ Ավագյանը և Գեղամ Սերոբյանը, 4 տարվա ազատազրկման։ Բաքվի ռազմական հանցագործությունների դատարանում ավարտվել է քրեական գործերից մեկի քննությունը։

Նախքան այս` վերջին անգամ հունիսի 12-ին հայրենիք 15 գերի վերադարձավ, երբ հայկական կողմը Բաքվին փոխանցեց Աղդամի ականապատման քարտեզը։ Պատերազմից հետո Ադրբեջանից Հայաստան է վերադարձել 88 գերի, նաև Բեյրութ է վերադարձել լիբանանահայ Մարալ Նաջարյանը։

Հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, նրանց թվում ոչ միայն ռազմագերիներն են, այլև Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված երկու ադրբեջանցիները։

XS
SM
MD
LG