Մատչելիության հղումներ

Դատարանը մասամբ բավարարել է ավագանու ՔՊ խմբակցության հայցն ու անվավեր է ճանաչել Վարդենիսի համայնքապետ ընտրելու ավագանու որոշումը


Եթե մյուս կողմը դատարանի որոշումը չվիճարկի, ու այն մեկ ամսից ուժի մեջ մտնի, ավագանին քաղաքապետ ընտրելու նոր որոշում պետք է ընդունի։

Առաջին ատյանի դատարանը մասամբ բավարարել է Վարդենիսի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հայցն ու անվավեր է ճանաչել համայնքապետ ընտրելու ավագանու որոշումը։ Եթե մյուս կողմը դատարանի որոշումը չվիճարկի, ու այն մեկ ամսից ուժի մեջ մտնի, ավագանին քաղաքապետ ընտրելու նոր որոշում պետք է ընդունի։

Սակայն ավագանու «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները մտադիր են որոշումը վիճարկել Վերաքննիչ դատարանում։

«Արձանագրային որոշումը դատարանը որպես վարչական ակտ է դիտարկել ու անվավեր է ճանաչել՝ հիմքում դնելով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամները այդ նիստի մասին իրազեկված չեն եղել։ Դատական ակտը հիմնավոր չի, պատճառաբանված չի, որը հանգեցրել ա անարդարացի դատական ակտի», - ասում է դաշինքի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Դեկտեմբերի 30-ին ավագանու երեք դաշինքներից երկուսը՝ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները համայնքապետ ընտրեցին Ահարոն Խաչատրյանին։ Միավորված դաշինքները 14 մանդատ ունեին, Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 13։ Քաղպայմանագիրը, որի առաջին համարը Վարդենիսի նախկին ղեկավար Արամ Մելքոնյանն էր, ընտրությանը չմասնակցեց, և նոր ընտրություններ է պահանջում։


«Ես կարծում եմ, որ Վարդենիսում էս էրկու ամսվա ընթացքում անարդարությունների տեղատարափ էր։ Ընդամենը պիտի արդարությունը հաստատվի։ Էն արդարությունը, որ հաստատվել ա իմ օրոք վերջին երեք տարվա ընթացքում, դա պիտի նորից վերականգնվի, էն, ինչը որ կորել էր վերջին էրկու ամսվա ընթացքում», - ասում է Արամ Մելքոնյանը։

«Քաղաքացիական պայմանագիրն» ավագանու ընտրություններում ամենաշատ ձայնն էր ստացել՝ 6163, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը` 4989, «Միասնական Վարդենիսը»` 2205: Վերջին երկու ուժերի միավորվելու արդյունքում, «Քաղաքացիական պայմանագիրը» մեկ մանդատով զիջեց։

Իշխանական կուսակցության անդամները համարում են, որ այս ընտրությունն ապօրինի է, իրենց ընտրելու իրավունքը խախտվել է, քանի որ նիստի մասին իրազեկված չեն եղել։

Միավորված դաշինքների փաստաբան Հարությունյանը հավաստիացնում է, որ դատարանում տեսաձայնագրություն է ներկայացրել, որ ՔՊ-ականները մտնում են դահլիճ, սակայն հրաժարվում են մասնակցել։

Փաստաբանի պնդմամբ՝ դատարանն իրենց փաստարիկները հաշվի չի առել. - «Կան փաստարկներ, որոնց ընդհանրապես չի անդրադարձել իր դատական ակտում։ Իսկ իրավունքի խախտմամբ իրական լինելու մասին բերած հիմնավորումները, որոնք իսպառ վերացրեցին «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների մոտ էդպիսի իրավունքի խախտման հնարավորության վերաբերյալ պնդումները, դատարանը մեկնաբանել է՝ ստանձնելով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու անդամների փաստաբանի դերը»։

«Ավագանու ո'չ անդրանիկ նիստ ա տեղի ունեցել, ո'չ նիստ ա տեղի ունեցել առհասարակ, ո'չ համայնքի ղեկավար ա ընտրվել։ Հիմա համայնքում կա էս պահին մենակ ընտրված ավագանի, և վերջ», - ասում է Ահարոն Խաչատրյանը։

Նա, որպես ընտրված ղեկավար, համայնքապետարանի շենքից դուրս նույնիսկ երդմնակալության արարողություն էր կազմակերպել, ոստիկանները նրանց արգելել էին շենք մտնել։ Շրջայցեր էր կատարում որպես համայնքի ղեկավար։

Իսկ բարձրաստիճան պաշտոնայներին տարեվերջին «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Արամ Մելքոնյանն էր դիմավորել։

Վարդենիսում ընտրություններից երկու ամսի անց համայնքապետի հարցը չի հանգուցալուծվում, և կողմերի պայքարը կշարունակվի դատարանում։ Դրանից դուրս թե «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ինչ անելիք ունի, Արամ Մելքոնյանը չցանկացավ փակագծեր բացել. - «Տենց հարցերին ես ո՞նց պատասխանեմ։ Էդ նույնն ա, որ պատերազմ ա թշնամու հետ, ու նախօրոք հրապարակենք, թե ինչ ենք պատրաստվում անենք»։

Դեկտեմբերի 5-ի տեղական ընտրություններից հետո արտակարգ իրավիճակ է նաև հինգ այլ համայնքներում, դրանց թվում՝ Վանաձորում։ Վեց համայնքներում կամ կա՛մ դեռևս ընտրված ղեկավար չկա, կա՛մ էլ ղեկավարի ընտրությունն է վիճարկվում։ Այդ վեց համայնքներից հինգում իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» չի հաղթել։ Որոշ տեղերում այս անորոշությունը բողոքի ցույցերի պատճառ է դառնում:

XS
SM
MD
LG