Մատչելիության հղումներ

Վարդենիսում Ահարոն Խաչատրյանի երդմնակալությունը կայացավ քաղաքապետարանի բակում


Վարդենիսի քաղաքապետարանի շենքն առավոտից օղակի մեջ էին առել ոստիկանական ուժերը՝ կանխելու իրեն ընտրված քաղաքապետ համարող Ահարոն Խաչատրյանի երդմնակալության արարողությունը, վերջինիս համախոհները զայրացած են:

«Տպավորություն է առաջանում, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը քաղաքացիական պատերազմ է սկսել Վարդենիսի բնակիչների հետ», - ասաց​ Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը:

Վարդենիս խոշորացված համայնքի ընտրություններում երեք ուժ է հաղթել՝ «Քաղաքացիական պայմանագիրն» ավագանու կազմում 13 մանդատ ունի, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը՝ 10, «Միասնական Վարդենիսը»՝ 4: Վերջին երկու ուժերը կոալիցիոն հուշագիր են ստորագրել ու ավագանու 14 հոգանոց կազմով նախորդ տարվա վերջին ընտրել քաղաքապետի իրենց թեկնածուին՝ Ահարոն Խաչատրյանին: «Քաղաքացիական պայմանագիրն» այդ նիստին չի մասնակցել, իշխանական ուժի քաղաքապետի թեկնածու ու գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանի կարծիքով, այդ նիստն ապօրինի է եղել, և իրենք դիմել են վարչական դատարան:

Ավագանու ընդդիմադիր 14 անդամները մանդատներով եկել են իրենց ընտրած համայնքապետի երդումը լսելու, բայց ոստիկանությունից բացատրեցին՝ շենք չեն մտնելու:

Խաչատրյանի թիմակիցները փաստաբան ունեն՝ Վարազդատ Հարությունյանը, նա ոստիկաններին փորձեց բացատրել, որ ավագանու ընտրված անդամները համայնքապետարան մտնելու իրավունք ունեն, դա իրենց աշխատավայրն է: Դատական հայցը այս ամենի հետ կապ չունի:

«Ոստիկանությունը սահմանանցում է իր լիազորությունները, որովհետև չկա որևէ իրավական հիմք», - նշեց փաստաբանը:

Ոստիկանությունն անդրդվելի էր ու որոշում կայացվեց երդվել բակում: Շատ արագ մոտեցրին ամբիոնը, եռագույնը՝ ի վերջո այդ ամենին մոտեցավ իրեն Վարդենիսի ընտրված համայնքապետ համարող Ահարոն Խաչատրյանը՝ մինչև այդ շարքերում փնտրեցին՝ «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու կազմից որևէ մեկը կա՞:

Խաչատրյանը երդվեց ազնվորեն, բարեխղճորեն, աշխատել: «Այս պահից սկսած ձեր բոլոր հոգսերն իմն են», - դիմեց վարդենիսցիներին:

«Քաղաքացիական պայմանագրի» համայնքապետի թեկնածու և գործող քաղաքապետ Արամ Մելքոնյանը՝ ավելի ուշ ասաց, որ իր որոշումն էր արգելել երդմնակալությունը շենքում: Հիշեցնենք, ոստիկանությունը դատական հայցն էր վկայակոչում:

«Ես գործող քաղաքապետն եմ, և ինչի՞ թույլ չտվեցինք, այո, ես ինքս այնպես արեցի, որպեսզի այս խեղկատակությունը տեղի չունենան վարչական շենքում», - հայտարարեց Արամ Մելքոնյանը:


Նա վստահ է՝ մրցակիցները խաբեբայությամբ են վարդենիսցիներից ձայներ կորզել, հետո էլ խաբել ու միավորվել են. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վարդենիսում տարել է բացահայտ առավելությամբ ձայների հաղթանակ​»:

Երեկ էլ Արամ Մելքոնյանը մրցակիցներին առաջարկել էր բոլորով վայր դնել մանդատներն ու գնալ նոր ընտրությունների, ինչո՞ւ, հարցնում է «Միասնական Վարդենիս» խմբակցության անդամ Դաիթ Շահնազարյանը. «Ավագանու նիստ կայացել է, համայնքի ղեկավար ընտրվել է, դրանից հետո ինչը չեղարկենք»:​

Շահնազարյանը շեշտեց, որ իրենց համայնքապետը թեպետ արդեն երդվեց, սակայն պաշտոնը դեռ չի ստանձնի, կսպասեն դատարանի վճռին:

Ահարոն խաչատրյանի համախոհները բակային երդմամբ օրակարգը սպառեցին ու շարժվեցին դեպի իրենց շտաբ:

Այստեղ խիստ բարկացած էր «Միասնական Վարդենիս» խմբակցության ավագանու անդամ Ջեմարա Վարդանյանը. «Ի՞նչ իրավունքով ինքը ներկայացրեց իմ անձը, իմ փախստական ժողովրդի անձը որպես ոչ լիարժեք քրիստոնյաներ»:​

Երեկ «Քաղաքացիական պայմանագրի» թիմակիցները հավաք էին կազմակերպել համայնքապետարանում և այդտեղ իշխանական խմբակցության ավագանու անդամ Նաիրա Մանուչարյանը ընդդիմադիր մրցակիցներին ուղղված բազմաթիվ մեղադրանքների շարքում նշեց նաև, թե նրանք ոչինչ չեն արել, որ Վարդենիսի համայնքներում մի խաչքար լինի:

«Մազապուրծ եկել են այնպիսի պետությունից, որն ունի մահմեդական կրոն և եկել են, բնականաբար, ոչ լիարժեք քրիստոնյաներ», - նշել է Մանուչարյանը:​

Ավագանու իշխանական այս անդամը ուսուցչուհի է՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերով հեռարձակվող հավաքի ժամանակ մրցակիցներին մեղադրում էր մարդկանց ճորտացնելու, գյուղերն ամայացնելու, դպրոցականներին մրսեցնելու, հողերը լափելու համար: Ուսուցչուհի Մանուչարյանի բառապաշարում ամենամեղմ որակումը մեծահարուստ տականքն էր:

Ինչպե՞ս է ի վերջո վճռվելու Վարդենսիում բռնկված իշխանություն-ընդդիմություն այս պայքարը: Ընտրություններով հաստատված փաստն այն է, որ այստեղ ընդդիմությունը ավագանու կազմում մեկ մանդատով ավելի ունի օրենքով կարող է ընտրել համայնքապետի իր թեկնածուին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG