Մատչելիության հղումներ

Արտառոց պատկեր Վարդենիսում. թեկնածուն նոր ընտրություններ է պահանջում


Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մեկ ամիս առաջ են ավարտվել, սակայն մի շարք համայնքներում ավագանու առաջին նիստերը, որտեղ համայնքապետ են ընտրում, սկանդալային ընթացք ու արդյունք են ունենում:

Այժմ էլ Վարդենիսում է արտառոց պատկեր: Վաղը իրեն ընտրված համայնքապետ համարող Ահարոն Խաչատրյանը երդվելու է ու ստանձնի պաշտոնը, ասում է «Միասնական Վարդենիս» դաշինքի ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը: «Միասնական Վարդենիսը» պաշտպանել էր «Ահարոն Խաչատրյան» դաշինքի թեկնածուին՝ Ահարոն Խաչատրյանին:

«Որևէ իրավական խոչընդոտ ես չեմ տեսնում այս պահին, որովհետև ավագանու նիստը իրավազոր է եղել, քվորումն ապահովված է եղել, համայնքի ղեկավար ընտրվել է, և օրակարգի բոլոր հարցերը սպառիչ վերջացրել ենք», - «Ազատությանն» ասաց «Միասնական Վարդենիս» խմբակցության ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը:

Արամ Մելքոնյանը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջատարն ու Վարդենիսի նախկին համայնքապետը դեմ չէ, որ Խաչատրյանը երդվի, բայց ասում է` արարողությունը չի կարող համայնքապետարանում տեղի ունենալ, որովհետև նրա ընտրությունն ապօրինի է. «Կարան բացօթյա անեն, շատ-շատ տեղեր ունենք Վարդենիսում, սիրուն, գեղատեսիլ վայրեր ունենք, որտեղ կարան բացօթյա անեն երդմնակալության արարողությունը, ոչ մեկը դա չի արգելում»:

Վարդենիսում ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիրը» 6163 ձայն էր հավաքել, «Ահարոն Խաչատրյան» դաշինքը` 4989, «Միասնական Վարդենիսը»` 2205: Վերջին երկու ուժերը միավորվել ու Խաչատրյանին էին առաջադրել որպես համայնքապետի թեկնածու: Երկուսով ավագանու կազմում 14 մանդատ ունեին, իսկ ՔՊ-ն` 13: Տարվա նախավերջին օրը հրավիրված ավագանու նիստը, որտեղ պիտի համայնքապետ ընտրվեր, միջադեպերով ու ոստիկանական ուժերի միջամտությամբ աչքի ընկավ։

Կողմերի մեկնաբանությունները տարբեր են. «Միասնական Վարդենիսի» ներկայացուցչի պնդմամբ՝ ոստիկանությունն ամեն ինչ անում էր, որ նիստը տեղի չունենար. «Այն հիմնավորմամբ, որ միջադեպ է տեղի ունեցել, և Խաչատրյանին ու Կարեն Մկրտչյանին անհրաժեշտ է տանել ոստիկանություն, այսինքն` բերման ենթարկել, ընդ որում դրա համար որևէ իրավական փաստաթուղթ չի ներկայացվել, որևէ հիմնավորում չի ներկայացվել», - ասում է Դավիթ Շահնազարյանը:

«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու Արամ Մելքոնյանը միջադեպ հրահրելու համար մեղադրում է մրցակիցներին. «Իրենց ոչ պատշաճ պահվածքի համար եղել են միջադեպեր, և ինձ տարել են ոստիկանություն, որից հետո ոչ մեկին չեն տարել ոստիկանություն: Իրենք եղել են, ոչ մեկն իրենց չի չեզոքացրել»:

Այս ամենինց հետո, այնուամենայնիվ, Ահարոն Խաչատրյանին աջակցող ավագանու անդամները մոբիլիզացվել են ու Խաչատրյանին 14 ձայնով ընտրել համայնքապետ: Մելքոնյանն այս ամենը համարում է առոչինչ. «Արձանագրվել է հենց տեղում, որ սա ապօրինի նիստ էր, և արձանագրվել է մեր թիմի կողմից: Մենք … ոչինչ չենք վերցրել, քանի որ չէր կարա նման նիստ տեղի ունենար»:

Արամ Մելքոնյանը տեղեկացրեց՝ դիմել են դատարան, պահանջում են ավագանու այդ նիստը չեղյալ համարել, նաև այլ փաստեր են ներկայացրել, որոնք ըստ Մելքոնյանի` կարող են Վարդենիսում նոր ընտրությունների անցկացման հիմք դառնալ։ Այսօր նա իր համախոհների հետ հանդիպում էր անցկացնում և ֆեյսբուքյան ուղիղ եթերով ընդդիմադիր մրցակիցներին կոչ արեց մանդատները վայր դնել ու նոր ընտրությունների գնալ:

«Միասնական Վարդենիս» դաշինքի ներկայացուցիչ Շահնազարյանը վստահ է՝ ի սկզբանե «Քաղաքացիական պայմանագիրն» ավագանու կազմում մեծամասնություն չստանալով անցել էր կոնկրետ գործողությունների. իրենց դաշինքի առաջին համարը` Հարությունյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց, վերահաշվարկով իրենցից մի մանդատ էլ պակասեց: Այս բոլոր դժվարություններից հետո Խաչատրյանն ընտրվեց ու իրավական ճանապարհով, վստահ է Դավիթ Շահնազարյանը. «Որևէ խոցելի իրավական կողմ չունենք, մենք ինչ որ արել ենք, օրենքի շրջանակներում ենք արել, իրավական է և տեղավորվում է ՀՀ Սահմանադրության շրջանակներում: Հակաիրավական գործողություններ կատարվել են մեր նկատմամբ»:

Վաղն առավոտյան ընդդիմության թեկնածուն՝ Խաչատրյանը պատրաստվում է երդմամբ ստանձնել համայնքապետի պաշտոնը: Իշխանության թեկնածուն՝ Արամ Մելքոնյանը սպասում է վարչական դատարանի արձագանքին:

Ի դեպ, այս ամենն արդեն եղել է Փարաքար համայնքում՝ այնտեղ իրենց ընտրված էին համարում երկու համայնքապետեր, մեկը նույնիսկ հանդիսավոր երդվել էր, իսկ դատարանը օրեր առաջ անվավեր ճանաչեց Փարաքարի ավագանու առաջին նիստի որոշումը, որով համայնքապետ էր ընտրվել: Առաջիկա օրերին կհրավիրվի նոր՝ առաջին նիստ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG