Մատչելիության հղումներ

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակն այսօր կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում


Քննարկումը նախաձեռնած Միացյալ Նահանգները կոչ է անում Ռուսաստանին բացատրել, թե ինչու է ավելի քան 100 հազարանոց զինված խումբ հավաքել Ուկրաինայի հետ սահմանի մոտ։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդը նշել է, որ Ռուսաստանը, ըստ ամենայնի, կփորձի արգելափակել Անվտանգության խորհրդում քննարկումը, սակայն դա նրան չի հաջողվի, քանի որ Խորհրդի անդամ երկրների մեծ մասը ցանկանում է Ռուսաստանից բացատրություններ ստանալ։ Նրա խոսքով, Ռուսաստանի գործողությունները կարող են սպառնալիք հանդիսանալ միջազգային խաղաղության և անվտանգության համար։

Ուկրաինայի դեմ ռուսական հնարավոր ագրեսիան քննարկելու է նաև Մեծ Բրիտանիայի պառլամենտը։ Երկրի կառավարությունը հնարավոր է արդեն այսօր խորհրդարան ներկայացնի օրինագծեր, որոնք թույլ կտան պատժամիջոցներ կիրառել ռուսական բանկերի, էներգետիկ ընկերությունների և «Կրեմլին մոտ կանգնած օլիգարխների» դեմ։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։

Բրիտանական իշխանությունների նոր միջոցների մասին մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն, ըստ Թրասի, դրանք կպարզեցնեն պատժամիջոցների կիրառման ընթացակարգը գործնականում ցանկացած անձի կամ ընկերության նկատմամբ, որին բրիտանական իշխանությունները կասկածում են Կրեմլի հետ կապերի մեջ:

Հունվարի 31-ին Sky News-ի հետ հարցրազրույցում Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը, չբացառելով Բրիտանիայում ռուս օլիգարխներին պատկանող անշարժ գույքի բռնագրավումը, ընդգծել է․- «Այն, ինչի մասին ես կհայտարարեմ այս շաբաթ ավելի ուշ, պատժամիջոցներին վերաբերող կատարելագործված օրենսդրություն է, որպեսզի մենք կարողանանք ավելի մեծ թվով ռուսական շահերի թիրախ ունենալ, որոնք ուղղակի առնչություն ունեն Կրեմլի հետ: Մենք բացարձակապես պետք է կանգնեցնենք Պուտինի հնարավոր ագրեսիան։ Դա մեր թիվ մեկ առաջնահերթությունն է»:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը Թրասի հայտարարությունը որակել է որպես հարձակում բիզնեսի դեմ՝ հավելելով, թե նման պատժամիջոցներով Լոնդոնը հարցականի տակ կդնի Մեծ Բրիտանիայի գրավչությունը բիզնեսի համար։

Կրեմլի խոսնակը խոստովանել է, որ Մոսկվային մտահոգում են բրիտանական հնարավոր նոր պատժամիջոցների ռուս բիզնեսմենների դեմ, և սպառնացել է պատասխանել դրանց։ Պեսկովը չի մանրամասնել, թե ինչ կարող է Մոսկվան այս պարագայում նախաձեռնել։ Փոխարենը նա կոչ է արել Միացյալ Նահագներին և դաշնակցներին վերջ տալ ռուսական ագրեսիայի վերաբերյալ հիստերիային. - «Վաշինգտոնի կողմից տարածվող հիստերիայի հետևանքով Ուկրաինայում այսօր լուրջ հիստերիա է սկսվել։ Կոչ ենք անում Վաշինգտոնին և նրա դաշնակիցներին Եվրոպայում վերջ տալ այս քաղաքականությանը և լինել հավասարակշռված ու կառուցողական»։

Ոչ միայն Արևմուտքն է կոչ անում Կրեմլին դեէսկալացնել իրավիճակը ուկրաինական սահմանին պատերազմը բացառելու համար։ Նման կոչով Ռուսաստանի իշխանություններին դիմել են նաև ռուսաստանցի մի խումբ մտավորականներ։ Համացանցում ստորագրահավաք է սկսվել Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման դեմ։ «Խաղաղության կողմնակիցների հայտարարությունն ընդդեմ Ռուսաստանի կառավարությունում պատերազմի կուսակցության» վերնագրով փաստաթուղթը հրապարակվել է «Էխո Մոսկվի» ռադիոկայանի կայքում։ Փաստաթղթի տակ ստորագրել են հայտնի մտավորականներ։

Հայտարարությունում, մասնավորապես, նշված է. - «Ռուսաստանի քաղաքացիները դառնում են հանցավոր արկածախնդրության պատանդ։ Նրանք ոչ միայն ապրում են մեծ պատերազմի սկսվելու անորոշության մեջ, այլև իրենց մաշկի վրա են զգում գների կտրուկ աճը և ռուբլու անկումը»:

Փաստաթղթի հեղինակները պնդում են, որ Ռուսաստանի կառավարության ներսում ձևավորվել է «պատերազմի կուսակցություն», որը ցանկանում է հասարակությանը պարտադրել «Արևմուտքի հետ սրբազան պատերազմի գաղափարը»։

Հայտարարության հեղինակները ցանկանում են արտահայտել «ռուսական հասարակության այն հատվածի տեսակետը, որն ատում է պատերազմը և հանցագործություն է համարում անգամ ռազմական սպառնալիքի օգտագործումը»։

Նրանց կարծիքով՝ «Ռուսաստանին պետք չէ պատերազմ Ուկրաինայի և Արևմուտքի դեմ», իսկ հնարավոր պատերազմը «ոչ միայն չի համապատասխանում Ռուսաստանի շահերին, այլ նաև վտանգավոր է ռուսական պետության գոյության համար»։

Հայտարարությունը ստորագրել են, մասնավորապես, իրավապաշտպաններ Լև Պոնոմարյովը, Վալերի Բորշչևը, Սվետլանա Գանուշկինան, քաղաքական գործիչներ Լեոնիդ Գոզմանը, Գրիգորի Յավլինսկին, Լև Շլոսբերգը, դերասանուհի Լիա Ախեջակովան, երաժիշտ Անդրեյ Մակարևիչը, գրող Վիկտոր Շենդերովիչը, բանաստեղծ Վերոնիկա Դոլինան։

Հայտարարությունից, սակայն, պարզ չէ, թե ովքեր են ռուսական կառավարությունում կազմում պայմանական «պատերազմի կուսակցությունը», ովքեր՝ «խաղաղության կուսակցությունը»։ Նամակի հեղինակները միայն ակնարկում են, թե կառավարության մի մասը կողմ է պատերազմին, մի մասը՝ ոչ։

Ռուսաստանի արտգործնախարարը, այլ պաշտոնյաներ պարբերաբար հայտարարում են, թե պատերազմ Ուկրաինայի դեմ չեն ուզում և չեն ծրագրում։ Մինչ պաշտոնական Մոսկվան հայտարարում է, թե չ ծրագրում ռազմական գործողություններ Ուկրաինայի դեմ, ռուսաստանցի պատգամավորները երկրի նախագահի կոչ են անում ճանաչել Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները։

«ՌԻԱ Նովոստին», հղում անելով իր աղբյուրներին, այսօր հայտնել է, թե փետրվարի 14-ին Պետդուման կարող է քննարկել ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG