Համացանցում ստորագրահավաք է սկսվել Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման դեմ։ «Խաղաղության կողմնակիցների հայտարարությունն ընդդեմ Ռուսաստանի կառավարությունում պատերազմի կուսակցության» վերնագրով փաստաթուղթը հրապարակվել է «Էխո Մոսկվի» կայքում։ Փաստաթղթի տակ ստորագրել են հայտնի մտավորականներ։
Հայտարարությունում, մասնավորապես, նշված է՝ «Ռուսաստանի քաղաքացիները դառնում են հանցավոր արկածախնդրության պատանդ։ Նրանք ոչ միայն ապրում են մեծ պատերազմի սկսվելու անորոշության մեջ, այլև իրենց մաշկի վրա են զգում գների կտրուկ աճը և ռուբլու անկումը»:
Փաստաթղթի հեղինակները պնդում են, որ Ռուսաստանի կառավարության ներսում ձևավորվել է «պատերազմի կուսակցություն», որը ցանկանում է հասարակությանը պարտադրել «Արևմուտքի հետ սուրբ պատերազմի գաղափարը»։
Հայտարարության հեղինակները ցանկանում են արտահայտել «ռուսական հասարակության այն հատվածի տեսակետը, որն ատում է պատերազմը և հանցագործություն է համարում անգամ ռազմական սպառնալիքի օգտագործումը»։
Նրանց կարծիքով՝ «Ռուսաստանին պետք չէ պատերազմ Ուկրաինայի և Արևմուտքի դեմ», իսկ հնարավոր պատերազմը «ոչ միայն չի համապատասխանում Ռուսաստանի շահերին, այլ նաև վտանգավոր է ռուսական պետության գոյության համար»։
Հայտարարությունը ստորագրողները պնդում են, որ անելու են ամեն ինչ՝ պատերազմ թույլ չտալու համար։ Նրանց թվում են, մասնավորապես, իրավապաշտպաններ Լև Պոնոմարյովը, Վալերի Բորշչևը, Սվետլանա Գանուշկինան, քաղաքական գործիչներ Լեոնիդ Գոզմանը, Գրիգորի Յավլինսկին, Լև Շլոսբերգը, դերասանուհի Լիա Ախեջակովան, երաժիշտ Անդրեյ Մակարևիչը, գրող Վիկտոր Շենդերովիչը, բանաստեղծ Վերոնիկա Դոլինան։
Հայտարարությունից, սակայն, պարզ չէ, թե ովքեր են ռուսական կառավարությունում կազմում պայմանական «պատերազմի կուսակցությունը», ովքեր՝ «խաղաղության կուսակցությունը»։ Նամակի հեղինակները միայն ակնարկում են, թե կառավարության մի մասը կողմ է պատերազմին, մի մասը ոչ։
Ռուսական իշխանությունները հայտարարում են, որ չեն պատրաստում ռազմական ներխուժում Ուկրաինա և չեն ցանկանում պատերազմ։ Վերջին օրերին նման հայտարարությունների թիվն ավելանում է. մասնավորապես, պատերազմին չցանկանալու մասին հայտարարել են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Միևնույն ժամանակ, արևմտյան երկրները և Ուկրաինան նշում են, թե Ռուսաստանը շարունակում է տեղակայել զորքեր ուկրաինական սահմանների մոտ և կոչ են անում Մոսկվային՝ եթե իրոք հանդես է գալիս խաղաղության օգտին, ապա էսկալացնել իրավիճակը, այսինքն՝ հետ քաշել զորքերը սահմանից։
Նույնն է ասել նաև կիրակի օրը Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան՝ հայտարարելով․ եթե ռուս պաշտոնյաները լրջորեն ցանկանում են խաղաղություն, նրանք պետք է շարունակեն դիվանագիտական բանակցությունները և դուրս բերեն զորքերը: