Մատչելիության հղումներ

Բայրամովի կարծիքով` սահմանագծման հանձնաժողովը կստեղծվի մոտ ապագայում


Բաքուն և Երևանը պետք է առանց նախապայմանների սկսեն հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացը, այսօր ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Սահմանի որոշումը օրակարգի ամենակարևոր հարցերից մեկն է. Ադրբեջանը և Հայաստանը գրեթե 30 տարի՝ անկախություն ձեռք բերելուց ի վեր նույնիսկ չեն սկսել սահմանի դելիմիտացիան։ Բնականաբար, դա աննորմալ երևույթ է, որը չի կարելի ընդունել», - հայտարարել է նա։ «Եթե մենք սկսենք ներկայացնել մեր պայմանները, ապա հանձնաժողով ձևավորելու գործընթացը կձգձգվի՝ վերածվելով անվերջ գործընթացի։ Մենք գտնում ենք, որ բարդ գործընթացի մեկնարկն արդեն դրական մեսիջ է»։

Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է, որ նոր իրավիճակն ու նոր իրողությունները հնարավորություն են ստեղծել քաղաքակիրթ ձևով որոշելու սահմանները, և Ադրբեջանն այդ մասին բազմիցս կոչ է արել։ Բայրամովը հայտնել է, որնոյեմբերի 26-ին Սոչիում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպմանն ընդունված փաստաթղթում առաջին անգամ նշված է այդ գործընթացը եռակողմ ձևաչափով սկսելու անհրաժեշտության մասին։ Նրա փոխանցմամբ՝ նման նախաձեռնություն կար դեռ մայիսին, Ադրբեջանը համաձայնել էր, որ աշխատանքային խումբ ստեղծվի, բայց Հայաստանն այն ժամանակ մի շարք նախաձեռնություններ է առաջ քաշել, որոնք անընդունելի էին Բաքվի համար։

Նա վերահաստատել է, թե Ադրբեջանը պատրաստ է սկսել այդ գործընթացը. «Ենթադրում ենք, որ հակառակ կողմը ևս գիտակցում է դրա անհրաժեշտությունը, այդ գործընթացը համապատասխանում է միջազգային օրենքի սկզբունքներին և նորմերին։ Դելիմիտացիային այլընտրանք չկա»։

Ջեյհուն Բայրամովը հույս է հայտնել, որ մոտ ապագայում հայկական կողմից դրական մեսիջներ կստանան, և միաժամանակ նշել, որ Սոչիի հայտարարությունում դելիմիտացիայի-դեմարկացիայի մասին հիշատակելը նշանակում է, որ հայկական կողմն ընդունում է այդ գործընթացը. «Ուստի, սպասում ենք, որ մոտ ապագայում դա հնարավոր կլինի»։

Անկլավների հարցի լուծման մասին նա ասել է, թե դա պետք է տեղի ունենա դելիմատիացիայի գործընթացի ընթացքում, և որ դրա համար կարևոր է հայ-ադրբեջանական աշխատանքային խմբի ձևավորումը։ Հավելել է, թե պետք է իրատես լինել, գործընթացը չի կարող կարճաժամկետ լինել, այդ ուղղությամբ կանոնավոր չընդհատվող աշխատանք պետք է տարվի։ Ըստ նրա՝ Ադրբեջանի մոտեցումն է, որ գործընթացն ընթանա բանակցությունների սեղանի շուրջ, որպեսզի չստեղծվեն և չթույլատրվի որևէ լարվածություն զինվորականների միջև։

«Լավագույն միջոցն այն է, որ մասնագետները հարցերը քննարկեն բանակցությունների սեղանի շուրջ», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը։

Նշենք, որ Բայրամովի նշած ամիսներին հայ-ադրբեջանական սահմանին բախումներ են տեղի ունեցել։ Իսկ մայիսին Հայաստանը հայտնեց, որ երեք ուղղություններով Ադրբեջանի զինված ուժերը մի քանի կիլոմետր խորացել է Հայաստանի տարածք, իսկ նոյեմբերի Սոչիի հանդիպումից տասն օր առաջ ադրբեջանական ուժերը Սյունիքում էին առաջ շարժվել, կրկին բախումներ էին տեղի ունեցել։ Իսկ Սոչիի հայտարարությունում արդեն նշված է սահմանագծման ու սահմանազատման գործընթացը եռակողմ ձևաչափով սկսելու անհրաժեշտության մասին, ինչպես այսօր պնդել է Ադրբեջանի արտգործնախարարն իր ասուլիսում։

Նա անդրադարձել է նաև այլ թեմաների, մասնավորապես Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին՝ ասելով, թե այս ամռանը Շուշիում ստորագրված հռչակագրով երկու երկրների հարաբերությունները հասել են դե յուրե բարձրագույն կետի, նկատել, որ Ադրբեջանը լավ հարաբերություններ ունի նաև Իսրայելի հետ, չնայած վերջինիս հարաբերությունները Թուրքիայի հետ լարված են։

Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական համագործակցություն կա, և Բաքուն շահագրգռված է զարգացնելու Երուսաղեմի հետ բարեկամական հարաբերություններն ու համագործակցությունը։

«3+3» ձևաչափով տարածաշրջանային համագործակցությանն ուղղված առաջին հանդիպումը Բայրամովը դրական է գնահատել. «Բավարար ենք համարում նախնական համաձայնությունները։ Համաձայնություն է ձեռք բերվել հաջորդ հանդիպումն անցկացնել երկրների ռոտացիոն կարգով», - հավելել է նա։

Ադրբեջանի արտգործնախարարը կողմ է արտահայտվել հայ-թուրքական հարաբերությունները կարգավորմանը, խաղաղ համաձայնագրի ստորագրմանը։

Բաքուն կարգավորել է նաև Իսրայելի դեմ թշնամական վերաբերմունք ունեցող Իրանի հետ հարաբերությունները, ասել է նա. «Գաղնիք չէ, որ որոշ ժամանակ առաջ լարվածություն, որոշակի տարաձայնություն կար երկու երկրների միջև, բայց դրանք արագ հարթվեցին»,- ասել է Բայրամովը՝ հայտնելով, որ մոտ ապագայում տեղի է ունենալու Ադրբեջան-Իրան միջկառավարական տնտեսական հանձնաժողովի նիստը, որտեղ ընդունվելու է համագործակցության ճանապարհային նոր քարտեզ։

Արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի կապերի մասին Բայրամովն ասել է, թե Ադրբեջանն ու ԱՄՆ-ն համագործակցում են տարբեր ոլորտներում, որոշ ոլորտներում համագործակցությունն ավելի սերտ է։

«ՆԱՏՕ-ի հետ մեր համագործակցությունը պատմական խորը արմատներ ունի։ Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի առաքելություններին, մեր զինծառայողները մասնակցում են ՆԱՏՕ-ի զորավարժություններին։ Մենք ՆԱՏՕ-ի հետ երկխոսության լայն օրակարգ ունենք։ ՆԱՏՕ-ի ղեկավարությունը բարձր է գնահատում մեր գործընկերությունը և շնորհակալություն հայտում Ադրբեջանին»,- նշել է Բայրամովը։

Եվրամիության հետ հարաբերությունների առումով ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության ղեկավարը նշել է, որ պաշտոնական Բաքուն ակնկալում է 2022 թվականին ավարտին հասցնել ԵՄ հետ ռազմավարական համագործակցության մասին պայմանագրի շուրջ բանակցությունները։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG