Մատչելիության հղումներ

Հայկական կողմն ակնկալում է, որ առաջիկայում ի վերջո կկայանա համանախագահների այցը տարածաշրջան


«Համանախագահները և համանախագահող երկրները չպիտի տրվեն ադրբեջանական կողմի ճնշումներին»

Հայկական կողմն ակնկալում է, որ առաջիկայում ի վերջո կկայանա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան, որը ըստ արտգործնախարար Արարատ Միրզոյանի` «պարբերաբար հետաձգվել է», նախատեսված էր սեպտեմբերին, տեղափոխվել է նոյեմբեր, այնուհետև հունվարի կես ու կրկին չի կայացել։

«Ենթադրաբար կա ուժեղ ճնշում ադրբեջանական կողմից` կանխել այդ այցի տեղի ունենալը, և մեր համոզմունքն այն է, որ համանախագահները և համանախագահող երկրները չպիտի տրվեն ադրբեջանական կողմի ճնշումներին։ Այդ այցը, այնուամենայնիվ, պիտի կայանա։ Գիտեք նաև, որ նախատեսված էր հանդիպում նաև 3+2 ձևաչափով` երեք համանախագահները, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները, և վերջին պահից` հանդիպումից բառացիորեն 1-2 ժամ առաջ, մենք ստացանք տեղեկատվություն, որ Ադրբեջանը հրաժարվում է մասնակցել», - ասաց նա:

Դեկտեմբերի սկզբին Ստոկհոլմում նախատեսված և այդպես էլ չկայացած հանդիպմանը արդեն կար հստակ օրակարգ, որով պետք է շարունակվեին բանակցությունները, և հնարավոր լիներ խոսել խաղաղ գործընթացի վերսկսման մասին Մինսկի խմբի ձևաչափով, Ազգային ժողովում հայտարարեց Միրզոյանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։

«Եվ կարող էինք արդեն խոսել, ըստ էության, խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման մասին: Ես վստահ եմ` վաղ թե ուշ Ադրբեջանը պիտի այս ձևաչափում շարունակի խաղաղ գործընթացը, հատկապես երբ որ իրենք են շարունակաբար խոսում խաղաղ կարգավորման մասին, համաձայնագրի մասին և այլն: Ահա սա այն հարթակն է, այն ձևաչափն է, որտեղ դա պետք է և կարող է քննարկվել», - ասաց նախարարը:

Չնայած Հայաստանի արտգործնախարարի այս համոզմանը, այնուամենայնիվ Բաքվից բոլորովին տարբեր հայտարարություններ են հնչում։ Պատերազմի ավարտից ի վեր Մինսկի խմբի հասցեին քննադատություններ հնչեցնող Ադրբեջանի նախագահը վերջին անգամ այդ մասին խոսեց անցած շաբաթ` այս անգամ արդեն ծաղրելով և համանախագահներին, իր խոսքով` «30 տարվա ապարդյուն գործունեությունից հետո թոշակի ուղարկելու» մտադրությամբ։

ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծում ստանա Մինսկի խմբի ձևաչափով. ԱԳՆ

Արարատ Միրզոյանը, սակայն, նշում է, որ միշտ չէ, որ Ալիևի հրապարակային հայտարարությունները համընկնում են փակ դռների ետևում հնչեցված դիրքորոշումներին. «Իրականությունն այն է, որ չնայած Ադրբեջանի մեկ տարի կամ մի քիչ ավելի շարունակ մատուցվող դիրքորոշմանը, թե Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հարցը լուծված է, և Լեռնային Ղարաբաղ ոչ հիմնախնդիր, ոչ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, չնայած այս փորձերին, այս մեկ տարվա ընթացքում մենք տեսել ենք, որ աշխարհը բոլորովին դրա հետ համաձայն չի, և իրականությունն էլ այդպիսին չի: Հերթական ապացույցը կարղ եք գտնել անցած դեկտեմբերին Ստոկհոլմում տեղի ունեցած ԵԱՀԿ նախարարական ամենամյա համաժողովում բազմաթիվ երկրների կողմից հնչեցված դիրքորոշումներին»:

Ըստ Հայաստանի արտգործնախարարի՝ միջազգային հանրության համար միանշանակ է, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծում ստանա Մինսկի խմբի ձևաչափով, քանի որ վերջինս միակ ֆորմատն է, որ ունի միջազգայնորեն ճանաչված մանդատ՝ գտնելու հակամարտության խաղաղ կարգավորում։

Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման ուղղությամբ

Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրով զբաղվելու փորձերը խափանելու վերաբերյալ Ալիևի հայտարարության մասին «Ազատությունը» հարցում էր ուղարկել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն, որտեղից պատասխանել են. «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման ուղղությամբ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող լարվածությունն ընդգծում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերի բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման անհրաժեշտությունը»։

ԱՄՆ-ի դեսպանատնից նաև հայտնում են, որ Վաշինգտոնը կոչ է անում շարունակել աշխատանքները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ «կոնկրետ առաջընթաց գրանցելու հումանիտար հարցերի շուրջ և կառուցողականորեն աշխատելու չկարգավորված հարցերի լուծման ուղղությամբ, ինչպիսիք են սահմանների դելիմիտացիան ու դեմարկացիան և տնտեսական ու տրանսպորտային ուղիների վերականգնումը»։

Չեմ կարծում` ՄԽ եռանախագահող երկրներն այդ շանտաժին տեղի կտան. Բաբայանը` Ալիևի հայտարարությունից

44-օրյա պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահները չեն այցելել նաև Ստեփանակերտ։ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի խոսքով՝ հաշվի առնելով, որ շահագրգռված են նաև համանախագահները, այդ այցը տարածաշրջան ի վերջո պետք է կայանա. «Չեմ կարծում, որ Մինսկի խմբի եռանախագահող երկրներն այդ շանտաժին տեղի կտան, և Ադրբեջանը կհասնի իր նպատակներին»:

Համանախագահները Ստեփանակերտում վերջին անգամ եղել են 2019 թվականին, այնուամենայնիվ պատերազմից հետո Արցախի իշխանությունները հանդիպել են համանախագահներից մեկի՝ ռուսաստանցի Իգոր Խովաևի հետ Երևանում, սակայն չի կայացել հանդիպում ֆրանսիացի համանախագահի հետ:

«Երևանում ես էլ էի մասնակցել այդ հանդիպմանը, ինչը մենք բարձր ենք գնահատում, որովհետև այսպիսի հանդիպումը կարելի է նաև համարել որպես համանախագահների հետ հանդիպումներից մեկը: ՌԴ ներկայացուցիչը եկել էր Երևան, մենք հանդիպում ենք ունեցել, իսկ Ֆրանսիայի ներկայացուցիչը եկել է թաքուն, և մենք մեր կարծիքը, քանի որ մենք այստեղ անկեղծ ենք, հասցրել ենք` ում որ պետք է, և ասել ենք` այս գործելաոճը մեզ համար անընդունելի է», - ասաց Բաբայանը:

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նոր պատերազմ չի լինի, այսօր հրավիրված ասուլիսին ասել է Բաբայանը՝ պատասխանելով պատերազմի հավանականության մասին հարցին, միայն թե ըստ նրա` նման զարգացման դեպքում հանգամանքներն արդեն մի փոքր այլ կլինեն։

«Հավանականությունը շատ փոքր է։ Ինչո՞ւ, որովհետև Հայաստանի վրա լայնամասշտաբ հարձակում կնշանակի հարձակում ՀԱՊԿ-ի վրա և պարզապես չի կարող մնալ աննկատ։ Տեսանք վերջին իրադարձությունները Ղազախստանում և ՀԱԿՊ-ի կողմից փաստորեն առաջին արձագանքը։ Այսպիսով հարձակում Հայաստանի վրա կնշանակի հարձակում ՀԱԿՊ-ի մյուս անդամների վրա, առնվազն Ռուսաստանի։ Ղարաբաղում ևս կայունությունն ու խաղաղությունը երաշխավորվում են ռուսների կողմից, այսինքն` հարձակում Ղարաբաղի վրա կնշանակի հարձակում ռուս խաղաղապահների, ստացվում է հենց Ռուսաստանի վրա։ Այս համատեքստում հնարավոր պատերազմն արդեն այլ պատերազմ կլինի, դա չի լինի պատերազմ Հայաստանի ու Ադրբեջանի կամ Ադրբեջանի ու Արցախի միջև։ Չեմ կարծում, թե Ադրբեջանում այդ ամենը չեն հասկանում», - ասաց Բաբայանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG